Ի՞նչ է հանգստի իրավունքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 27, 2011 9:01

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն` «յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով»:

Առանց հանգստի անհնար է պատկերացնել մարդու գործունեությունն ու աշխատանքը: Սահմանադրությունը պետության վրա ուղղակի պարտականություն է դնում օրենքով սահմանել`

  • առավելագույն աշխատաժամանակը,
  • հանգստյան օրերը,
  • ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը:

Հանգստի ժամանակն օրենքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողն օրենքի, այլ իրավական ակտի, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրի հիման վրա ժամանակավորապես ազատվում է իր աշխատանքային պարտականությունների կատարումից, և պահպանվում է նրա աշխատատեղը, իսկ օրենքով, այլ իրավական ակտով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` նաև աշխատավարձը:

Հանգստի իրավունքի ապահովումը պարտադիր է բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպա-իրավական և սեփականության ձևից:

Հանգստի իրավունքից հրաժարվելու մասին համաձայնությունն առ ոչինչ է:

Աշխատանքային հարաբերությունները հիմնականում կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, իսկ դրան առնչվող մի շարք հարաբերություններ` հարակից օրենքներով և այլ իրավական ակտերով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն` հանգստի ժամանակի տեսակներն են`

  1. հանգստանալու և սնվելու համար ընդմիջումը,
  2. աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումները,
  3. աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ընկած անընդմեջ հանգիստը,
  4. ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը,
  5. ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):

Հանգստի իրավունքի մեջ է ներառված ընդմիջումը: Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Ընդ որում, հանգստի և սնվելու համար ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում, և աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատողն իրավունք ունի այդ ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից: Այն աշխատավայրերում, որտեղ, արտադրության պայմաններից ելնելով, հանգստի և սնվելու համար ընդմիջում տրամադրելն անհնար է, աշխատողին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրվում: Հանգստի և սնվելու ընդմիջման սկիզբը և ավարտը սահմանվում են ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին հանգստի համար կարող է տրամադրվել լրացուցիչ ընդմիջում: Մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը 30 րոպե:

Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է օդի +40 աստիճանից բարձր կամ -10 աստիճանից ցածր պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ և կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:

Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 3505 անգամ:
Print Friendly

Leave a Reply