Երկու խայտառակություն՝ մի ձմռան ընթացքում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 26, 2011 9:53

Ձմեռն իր իրավունքների մեջ է, և ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչները շարունակում են հանդես գալ տարբեր մեկնարկներում: Դժվար է ասել, թե ինչու Հայաստանում վերաբերմունքը միանշանակ չէ կազմակերպվող  խոշորամասշտաբ ստուգատեսների նկատմամբ: Փաստն այն է, որ դրանց չենք մասնակցում, մասնակցելիս  էլ խայտառակվում ենք: Երկուսն էլ պատիվ չեն բերում մեր երկրին:

Եվ  արդարացում չէ, եթե  փորձում են հիմնավորել, որ ձմեռային մարզաձևերի երկիր չենք: Այլ հարց է, որ ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում: Ահավասիկ, վերջերս Էրզրումը հյուրնկալել էր Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերի մասնակիցներին: Իր նշանակությամբ այս ստուգատեսը Ձմեռային օլիմպիական խաղերից հետո երկրորդն է: Թուրքիա պատվիրակներ էին ուղարկել 57 երկրների ներկայացուցիչներ: Իսկ Հայաստանը գերադասել է գլխացավանքից հեռու մնալ և թեկուզ մի մարդ չի գործուղել, որպեսզի բարձրացվի մեր երկրի եռագույն դրոշը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Եվ դժվար չէր կռահել, որ մերոնց չմասնակցելը քաղաքական առումով էլ ձեռնտու չէ: Իսկ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրեր, մարզական բնագավառի հայտնի դեմքեր, Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը և այլք: Իսկ եթե պատվիրակներ չուղարկելու պատճառաբանությունն այն է, որ սպասելիքներ չունենք, դա էլ բացատրություն չէ: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանում ուսանողական սպորտն անմխիթար վիճակում է: Անցյալ տարի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված ուսումնասիրություններն էլ դա են հաստատել: Բայց, միևնույն է, ոչինչ չի արվում: Փոխարենը` մեկը մյուսի հետևից փակվում են բուհերի ֆիզիկական դաստիարակության ամբիոնները:

Թվում է` պատկերը փոքր-ինչ ավելի մխիթարական կլիներ օրերս  Լիբերեցում ավարտված «Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր» ձմեռային փառատոնում, քանի որ այդ ստուգատեսին մեր երկրի պատվիրակներին գործուղելու հարցով զբաղվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Մինչդեռ մերոնք զբոսաշրջիկի կարգավիճակով էին մեկնել Չեխիա: Պատվիրակության կազմում 10 մարզիկ էր: Հայաստանի ներկայացուցիչներն անփառունակ տեղեր զբաղեցրին կամ էլ որակազրկվեցին: Միայն գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը և գեղասահորդուհի  Մարթա Գրիգորյան էին, որ համեմատաբար բարձր` 5-րդ և 18-րդ տեղերը գրավեցին: Սակայն նրանք վերջին տարիներին մարզվում են Մոսկվայում, քանի որ Երևանի Շենգավիթի համայնքի գեղասահքի դպրոցի սահադաշտը  երկուսուկես տարի է` չի գործում, Հայաստանի գեղասահորդները պարապելու տեղ չունեն:

Ի դեպ, Սլավիկն ու Մարթան մեր երկրի պատիվն են պաշտպանելու փետրվարի 26-ին Սեուլում մեկնարկելիք պատանիների աշխարհի առաջնությունում:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply