Կոալիցիան որոշեց օմբուդսմենի իր թեկնածուին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 24, 2011 13:54
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջարկությամբ իշխող կոալիցիան որոշում է կայացրել փետրվարի 11-ից թափուր մնացած Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:
«Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ առաջիկա քառօրյային Ազգային ժողովը կանդրադառնա Անդրեասյանի թեկնածությանը:
Անդրեասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նա հանրությանը հայտնի է նաեւ որպես «Արմենիա» հեռուստաընկերության «Իրականում» ծրագրի հաղորդավար:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին` քննարկումներ եղե՞լ են արդյոք, եւ ի՞նչ է քննարկվել իր եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների միջեւ, Անդրեասյանը պատասխանեց. – «Եղել է հանդիպում խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, եւ ընդամենը ինձ հայտնվել է, որ կոալիցիան նախատեսում է պաշտոնապես ինձ առաջադրել, որից անմիջապես հետո ես հանդիպել եմ Դաշնակցություն խմբակցության անդամների հետ: Հանրապետական կուսակցության հետ հանդիպման ժամանակ, այսինքն` [Հանրապետական խմբակցության] ղեկավարի եւ մի քանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, ուղղակի առաջադրվել է, քննարկվել է իմ կենսագրությունը` ես տվել եմ այն, եւ նաեւ խոսվել է հնարավորինս պաշտպանելու մասին մարդու իրավունքների գլոբալ ժողովրդավարական արժեքները: Այսինքն, հատուկ այդպես մանրակրկիտ քննարկումներ ինձ հետ գոնե տեղի չեն ունեցել»:
Նա հերքեց իր` «իշխանությունների մարդը» լինելու մասին խոսակցությունները, ասելով. – «Ես իշխանությունների մարդը լինելու համար պետք է երբեւէ ունեցած լինեի պաշտոն, պետք է երբեւէ ստացած լինեի իշխանություններից որեւէ մի տեսակի առավելություն, արտոնություն, շահույթ կամ որեւէ բան: Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, ինչ որ արել եմ, համենայն դեպս, եղել է հասարակական սեկտորում` ես աշխատել եմ տեղական հասարակական կազմակերպություններում, միջազգային հասարակական կազմակերպություններում, վերջին տարիներին ես եղել եմ մասնավոր բիզնեսում եւ դարձյալ արել եմ մարդու իրավունքների պաշտպանություն, ուղղակի` վճարովի հիմունքներով: Երբեք չեմ եղել որեւէ կուսակցության անդամ կամ հարող: Հետեւաբար, նման շահարկումը, կարծում եմ, ընդամենը նպատակ ունի ինչ-որ ձեւով դրոշմել որոշակի պիտակներ, որից հետո արդեն օգտագործել դա քաղաքական նպատակներով»:
Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը գնահատելու խնդրանքին Կարեն Անդրեասյանը արձագանքեց. – «Հայաստանում, ինչպես նաեւ մի շարք արեւմտյան եւ արեւելյան եւ աշխարհի շատ երկրներում, այսօր ինչքան էլ որ կարեւորվում է մարդու իրավունքները, այդքան բարդանում է դրանց պաշտպանությունը, եւ ես կարծում եմ, որ Հայաստանում հստակ խնդիրները բոլորս գիտենք, բոլորս տեսնում ենք: Ուղղակի չունենալով վիճակագրություն, չունենալով ապարատ, չունենալով մարդիկ, որոնց հետ կկարողանայի ի մի բերել կամ վերլուծել ու հասկանալ` որոնք են ամենակարեւոր խնդիրները, ես ստիպված եմ այս պահին հղում անել Մարդու իրավունքների նախկին պաշտպանի 2010 թվականի զեկույցը, որտեղ հստակ առաջատար երեք ուղղություններն էին` դա արդարադատության ոլորտն էր, դա քաղաքապետարանի հետ կապված խնդիրներն էր, դա ոստիկանության հետ կապված խնդիրներն էին: Այսինքն, ես այսօր հիմնվում եմ եղած վիճակագրության եւ եղած զեկույցի վրա: Ինքս անձամբ չունեմ այդ վիճակագրությունը»:
Իսկ թե որ ոլորտներն ու ուղղություններն են լինելու իր համար առաջնային` որպես մարդու իրավունքների պաշտպան, Անդրեասյանը այդ կապակցությամբ ասաց. – «Գոնե առաջիկա ամիսներին, մինչեւ ես ինքս կկարողանամ դուրս բերել իմ պատկերացրած վիճակագրությունը, եթե ես ընտրվեի, ես կնախընտրեի աշխատել այն ժառանգությամբ, որը ինձ թողնվել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կողմից: Ես կարծում եմ, նշված երեք ուղղությունները հենց կլինեին այն ուղղությունները, որոնցով ես հետաքրքրված կլինեի աշխատել»:
Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հրաժարական է տվել փետրվարի 1-ին` Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Ազատություն»






Facebook
Tweet This
Email This Post
