Եմենի նախագահը հրամայել է անվտանգության ուժերին պաշտպանել ցուցարարներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 24, 2011 14:25

Հինգշաբթի «Ռոյտեր» գործակալությունը, հղում անելով Եմենի ղեկավարի ներկայացուցչին, հաղորդեց, որ Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հրամայել է իրավապահ մարմիններին պաշտպանել ցուցարարներին, որոնք վերջին  շաբաթներին հանդես են գալիս իր հրաժարականի պահանջով:

Եմենում` աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում, վերջին շաբաթներս ցույցեր են տեղի ունենում` պահանջելով ավելի քան 30 տարի իշխող Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև, կան զոհեր  երկու կողմերից: Ռոյտերի  տվյալների համաձայն` անկարգությունների ընթացքում երկրում զոհվել է 15 մարդ:

«Երեկոյան (չորեքշաբթի) … Սալեհը հրահանգել է անվտանգության բոլոր ուժերին կանխել բոլոր անկարգությունները և անմիջական բախումները գործող վարչակարգի կողմնակիցների և հակառակորդների միջև… Կառավարությունը կոչ է անում  ցուցարարներին  պահպանել զգոնությունը և ձեռնարկել զգուշության բոլոր միջոցները` կանխելու այնպիսի մարդկանց ի հայտ գալը, որոնք փորձում են բռնի գործողությունների դիմել»,- մեջբերում է գործակալությունը Եմենի նախագահի ներկայացուցչի խոսքը: «Կառավարությունը … կշարունակի պաշտպանել իր քաղաքացիների խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքները»,- ավելացրել է նա:

Երկուշաբթի` փետրվարի 21-ին, Սալեհը հայտարարեց, որ  առանց ընտրություններ անցկացնելու չի հրաժարվի իշխանությունից:  Նախագահական գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Եմենի Հանրապետության ղեկավար Սալեհը քննադատեց ընդդիմադիր կուսակցություններին` մեղադրելով նրանց, որ ամեն անգամ, երբ ինքը բավարարում է նրանց նախկին առաջարկները, բարձրացնում են իրենց պահանջների մակարդակը: Ընդսմին նա ընդդիմադիր կուսակցությունների պահանջների մի մասը համարեց անօրինական: Նախագահը  մեղադրեց ընդդիմությանը երկխոսությունից հրաժարվելու համար:

Վերջին իրադարձությունների լույսի ներքո Եմենի նախագահը հետաձգեց ԱՄՆ այցելությունը, որ նախատեսված էր այս ամսվա վերջին:

Զանգվածային ցույցերը վերջին շաբաթներին ընդգրկեցին արաբական պետությունները և արդեն հանգեցրել են իշխող վարչակարգի անկման Եգիպտոսում և Թունիսում: Ներկայումս, բացի Եմենից, անկարգությունները շարունակվում են Լիբիայում և Բահրեյնում: Հակակառավարական ցույցեր են եղել նաև Ալժիրում, Իրաքում և Հորդանանում:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply