Հայ ծնողների 60 %-ը ֆիզիկական պատիժը համարում է դաստիարակության ընդունելի մեթոդ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 24, 2011 15:07

Աշխարհում ամեն տարի, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, 275 մլն երեխա ենթարկվում է ընտանեկան բռնությունների: Բռնության ենթարկված երեխաների 40 տոկոսը, ըստ տարիքային հոգեբան Նաիրա Հարությունյանի, հետագայում ևս ագրեսիա կգործադրի այլոց, այդ թվում և իր երեխաների նկատմամբ:

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում ԵՊՀ Սոցիալագիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գիատահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը և թիվ 127 դպրոցի տարիքայի հոգեբան Նաիրա Հարությունյանը քննարկում էին դեռահասների ագրեսիվության հիմնական պատճառները:

Անահիտ Սահակյանի կարծիքով` պետք է տարբերակել, թե ինչ ենք հասկանում ագրեսիա ասելով: Նրա խոսքով` ի ծնե ամեն մարդ ունի կառուցողական ագրեսիայի չափաբաժին, որը արտաքին  գործոնների ազդեցությամբ կարող է աճել ու դառնալ ապակառուցողական:

Մարիամ Մեհրաբյանն էլ նշում է, որ «Երեխան ագրեսիվ է դառնում, երբ ընդունված ու սիրված չէ: Ագրեսիայով նա ձգտում է հասնել դրան»:

Մերհարբյանը նշում է, որ 90-ականներից սկսած դեռահասների մոտ ագրեսիայի մակարդակը շարունակաբար աճում է ոչ միայն Հայաստանում, այլև  ողջ աշխարհում: Նա ագրեսիայի մի քանի հիմնական պատճառ է մատնանշում. ալկոհոլի ազատ վաճառքը, սոցիալական անհավասարության սրացումը, զանգվածային մշակույթը: Հոգեբանը  նշում է, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող բաց տեսարանները, բռնությունները դեռահասներին ագրեսիվ են դարձնում և ավելի ու ավելի հաճախ ագրեսիվությունը նրանց մոտ դառնում է բնավորության մշտական գիծ:

Սահակյանը նշում է, որ հաճախ ծնողներն են երեխային ագրեսիվ դաստիարակում: «Օրինակ, երբ երեխան աթոռից վայր է ընկնում, ծնողը, փոխանակ նրան մխիթարելու, առաջարկում է ծեծել աթոռին: Երեխան հասկանում է, որ ցավ զգալու դեպքում պետք է ծեծել»: Սոցիոլոգը  նշում է, որ, որպես կանոն, ծնողների կողմից պատժված երեխան ինքն էլ դառնում է խիստ ու պատժող ծնող, այսինքն, բռնությունը շղթայական կերպով փոխանցվում է սերնդեսերունդ. «Ժամանակն է վերանայել մեր մոտեցումները երեխաների դաստիարակության հարցում»:

Հարությունյանը  նշում է, որ պաշտոնական տվյալներ չկան, թե Հայաստանում երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունները ինչ ծավալի են հասնում, սակայն ըստ մասնավոր ուսումնասիրությունների` հայաստանցի երեխաների 7 տոկոսը պարբերաբար ընտանեկան բռնությունների է ենթարկվում: «Իրականում տվյալներն ավելին կլինեն: Հայ ընտանիքը փակ համակարգ է և բռնությունների մասին տեղեկանալը դժվար է: Բացի այդ` հոգեբանական բռնությունների մասին տվյալներ չկան»,- ասում է տարիքային հոգեբանը:

Ըստ ուսումնասիրությունների` հայ ծնողների 60 տոկոսը ֆիզիկական պատիժը  համարում է երեխայի դաստիարակության ընդունելի մեթոդ: Դեռահասների մոտ ագրեսիվության պատճառ է նաև ծնողների ալկոհոլից կախված լինելը կամ հոգեպես անհավասարակշռությունը, ինչի պատճառով երեխաները բռնությունների են ենթարկվում: Հարությունյանի խոսքով` ֆիզիկական պատժից ավելի շատ երեխային ագրեսիվ է դարձնում հոգեբանական բռնությունը. անտարբերությունը, սպառնալիքները:

Անդրադառնալով դեռահասների մոտ հանցավորության մակարդակին և պատճառներին` Մեհրաբյանը նշում է, որ 15-18 տարեկան կրկնահանցագործների շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցավոր ուղին բռնած երեխաները հիմնականում մանուկ հասակում ծնողների հետ խնդիրներ են ունեցել` բռնությունների են ենթարկվել, կամ անտեսված են եղել:

«Ցավոք անչափահասների քրեակատարողական հիմնարկները ոչ թե ուղղում են նրանց, այլ պատրաստում կրկնահանցագործներ,- ասում է Սահակյանը` հավելելով, որ պետք է ընդունել խնդիրը և լուծման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել:-Պետք է ստեղծել հոգեբանական կենտրոններ, ռեաբիլիտացիոն, ինչպես նաև կանխարգելման կենտրոններ: Իհարկե նման կենտրոններ հիմա կան, բայց շատ սակավաթիվ են»:

Դիտվել է 2867 անգամ:
Print Friendly

Leave a Reply