Ֆրենկ Փըլոնի գործունեության 15-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2011 12:46

Փետրվարի 22-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանության ընդունելությունների սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փըլոնի գործունեության 15-ամյա տարելիցին, ինչի առիթով նրան հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Պատվո շքանշանը:

Դեսպան Մարգարյանն իր ողջույնի ելույթում, մասնավորապես, նշեց, որ ՀՀ Նախագահի կողմից շնորհված բարձր պարգեւը կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի

15-ամյա անձնվեր աշխատանքի գնահատանքի արտահայտությունն է` ի շահ հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՄՆ Կոնգրեսում հետեւողական հայանպաստ գործունեության եւ հայ ժողովրդի խնդիրները միջազգային հանրությանն անաչառ ներկայացնելու: Այս բարձր շքանշանը արտահայտում է նաեւ ամերիկահայության վերաբերմունքը` հանդեպ կոնգրեսականի եւ  նրա 15-ամյա վաստակի:

Այնուհետեւ կոնգրեսական Փըլոնին ողջունեցին եւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին ԱՄՆ-ում ԼՂ ներկայացուցիչը, ԱՄՆ Հայ Դատի եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենները:

Վերջում հանդես եկավ կոնգրեսական Փըլոնը եւ երախտագիտության խոսքն ուղղեց  ՀՀ Նախագահին իր գործունեության բարձր գնահատականի համար: Կոնգրեսականը նաեւ իր շնորհակալական խոսքն ուղղեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին, ինչպես նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներին դրվատանքի խոսքերի եւ տարիների սերտ համագործակցության համար: Նա հայտարարեց, որ առաջիկայում նույնպես ինքը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հայաստանի Հանրապետությանը, ԼեռնայինՂարաբաղին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում հաջողության հասնելու համար:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply