Քադաֆիի դստերը զրկել են Բարի կամքի դեսպանի կարգավիճակից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 24, 2011 12:20

Երեկ  հայտարարվել է, որ  Լիբիային առաջնորդ  Մ. Քադաֆիի դուստրը զրկվել է ՄԱԿ-ի`Բարի կամքի դեսպանի կարգավիճակից:

Ինչպես հաղորդել են այսօր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունը խզել է Աիշե Ալ-Քադաֆիի հետ պայմանագիրը` կապված Լիբիայում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Աիշե Ալ-Քադաֆին Լիբիայում բարի կամքի դեսպան է նշանակվել 2009 թ. հուլիսի 24-ին: Լիբիայի ղեկավարի դստեր պարտականությունն էր աղքատության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը, որոնք նույնքան լուրջ հիմնախնդիր են այս հյուսիսաֆրիկյան երկրում, որքան ՁԻԱՀ-ը:

Աիշա Քադաֆիին այդ  պարտականություններից հեռացնելու որոշումը կապված է երկրում նրա հոր` Մ Քադաֆիի  վարած քաղաքականության հետ: Աիշա Քադաֆին իրավաբանական կրթություն ունի: Նա Սադամ Հուսեյնին պաշտպանող  միջազգային  իրավաբանական խմբի անդամ է:

Հիշեցնենք, որ ըստ տարբեր աղբյուրների` Լիբիայում շարունակվող ցույցերի ընթացքում զոհվել է 300-1000 մարդ: Այս թվերը ճշտելու հնարավորություններ չկան, քանի որ Լիբիայի իշխանություններն արգելել են արտասահմանյան լրագրողների մուտքը երկիր, իսկ պետական հեռուստատեսությունը չի դադարում կրկնել, որ կառավարական ուժերը չեն սպանում ցուցարարներին:

Լիբիայում իրավիճակը սրվեց Եգիպտոսի հեղաշրջումից հետո, երբ հրաժարական տվեց երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը: Լիբիայում փետրվարի 15-ին զանգվածային անկարգություններ սկսվեցին, որոնք  ընդգրկեցին երկրի արևելքի կարևոր քաղաքները` Բենգազին և Էլ-Բայդան: Փետրվարի 20-ին հակակառավարական  ցույցերի ալիքը հասավ երկրի մայրաքաղաք:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply