Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 23, 2011 17:42

Փետրվարի 23-ին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ: Զրույցին մասնակցում էր նաեւ Ակադեմիայի փոխնախագահ Մարիուս Սալան:

Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում խոսվեց գիտության բնագավառում համագործակցություն հաստատելու եւ նախկին գիտական կապերը վերականգնելու մասին: Այդ կապակցությամբ ԳԱ նախագահ Իոնել Հայդուկը հիշեցրեց, որ դեռեւս 1998թ. հուլիսին Երեւանում երկու ակադեմիաների միջեւ ստորագրվել է Հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել մի շարք բնագավառներում, մասնավորապես ֆիզիկա-մաթեմատիկական, տեխնիկական, քիմիա-կենսաբանական եւ հումանիտար ճյուղերում համատեղ գիտական ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաեւ համակարգչային ցանցային ենթակառուցվածքների ստեղծման միջոցով գիտական տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ:

Ռումինական ԳԱ ղեկավարները, գոհունակությամբ նշելով 2008թ.Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը ռումինական ակադեմիայում, որն իրականացվել էր Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ, պատրաստակամություն հայտնեցին վերականգնելու Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապերը:

Անդրադառնալով հայ-ռումինական պատմական դարավոր կապերին եւ գիտական մեծ հետաքրքրություններ կայացնող կուտակված հարուստ նյութին` քննարկվեց նաեւ մշակութային այդ համատեղ հարուստ ժառանգությունը վերարժեւորելու եւ գիտական ու հասարակական լայն շրջանակներին ներկայացնելու հնարավորությունը:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply