Մազի բիզնես. անօրինական գնորդները «գցում են» երկարամազ կանանց

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 6, 2009 17:38
6

«Անկախ»-ի թղթակցի առատ մազերը հնարավորություն տվեցին, որ նա գնա մազի բիզնեսի զոհերի հետքերով:

16-ամյա Լիլիթն ավարտական երեկույթի ծախսերը հոգալու համար վաճառեց իր մազերը, սակայն նրան խաբեցին և վճարեցին խոստացված գումարի կեսը: Ծնողները չէին կարող ֆինանսապես օգնել աղջկան, իսկ խնջույքին մնացել էր 3 օր: «6 տարի մազերս չէի կտրել, որոնք ոսկեգույն ու բավականին երկար էին, հայրիկս ասում էր, որ առանց մազերիս, ես ոչինչ եմ»,-ասում է Լիլիթը:
«Գնում ենք մազեր» (կախված երկարությունից `30.000 -300. 000դրամ) հայտարարությունը տեսնելով` Լիլիթն ու քույրը գնացին նշված հասցեով` Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ գտնվող մի սեփական տուն:

«Մի կին դիմավորեց մեզ, մետրով չափեց մեր մազերը, ասաց, որ երկուսիս` 80 և 68սմ երկարությամբ մազերի դիմաց 120.000 դրամ կվճարի, մենք էլ համաձայնեցինք,-պատմում է Լիլիթը,- բայց հետո տեսանք, որ ծրարի մեջ ընդամենը 50.000 դրամ էր»: Կտրելուց հետո էլ չես կարող հետ վերցնել ու չվաճառել մազերդ:
42-ամյա Արմինեն պատմում է, որ ինքն էլ բնակարանի վարձը վճարելու համար է վաճառել մազերը, բայց էլի իրեն խաբված է զգում: «Գնորդի հետ պայմանավորվեցինք, որ 50սմ-ից շատ չի կտրի մազերս, տղաս բանակում էր ու որ իմանար, շատ կջղայնանար»:

Արմինեին գնորդը վճարեց պայմանավորված 45.000 դրամը, բայց ահա մազերը կտրելուց հետո, ինչպես Արմինեն է ասում, դարձավ «խուզած շուն»: Ասում է, որ խնդրել էր կարճ կտրել, բայց նախապես պայմանավորված 50սմ-ից 10-15 սմ ավել էր կտրել. «Կյանքում ինձ երբեք սենց խաբված չէի զգացել, ի՞նչ է նշանակում 42 տարեկան կնոջը խաբել ու արմատից կտրել մազերը»,-ասում է Արմինեն:
Գնորդները մշակում են մազերն ու վերավաճառում գեղեցկության սրահներին: Մազերի առք ու վաճառքն այսօր եկամտաբեր բիզնես է, 80 սմ երկարությամբ մազը գնորդը գնում է մոտ 30.000 դրամով: Հետո մշակման և երբեմն էլ` արհրաժեշտության դեպքում, ներկելու համար ծախսում 10.000 -15.000 և գեղեցկության սրահներին վաճառում մոտ 90. 000դրամով:

«Անկախի» թղթակիցը գնաց Լիլիթի հասցեի հետքերով, որ իր մազերը վաճառել առաջարկի ու պարզի, թե ինչպես է արվում մազի բիզնեսը:
Լիլիթին Սամվել ներկայացած նույն գնորդն այս անգամ ներկայացավ Գագիկ անունով և հայտնեց, որ երկար ժամանակ մազերի առք ու վաճառքով չի զբաղվում: Նկատելով թղթակցի երկար ու առողջ մազերը` «Գագիկը» նրան տարավ ընկերոջ մոտ` Արգավանդ: Այստեղ այդ ընկերը, նայելով մազերին, առանց չափը վերցնելու առաջարկվեց 100.000 դրամ: Եվ քանի որ թղթակիցը ծպտված էր իր մազերը շտապ վաճառել ցանկացող սովորական քաղաքացու դիմակ տակ,համաձայնեց մազերը վաճառելու գալ 2 օրից` ծնողների հետ խորհրդակցելուց հետո:

«Վերոնիկա» ուսումնական կենտրոնի տնօրեն Քնարիկ Կիրակոսյանն ասում է, որ արհեստական (տեղադրելու համար նախատեսված և’ բնական, և’ արհեստական մազերը կոչվում են արհեստական) մազատեղադրման մի քանի տարբերակ կա` պարիկներ, շինյոններ, նարաշիվանիա, լոկոններ, ֆիզեներ և այլն: Այսօր ամենակիրառվողը նարաշիվանիան է (բնական մազափունջ, որը կարվում է հաճախորդի մազերին ստորին հատվածից ու նրան երկար մազեր ունեցողի տեսք տալիս):

Կիրակոսյանն ասում է, որ այսօր պարիկները քիչ են կիրառվում, օգտագործում են միայն դերասանները: Այսօր հաճախորդներն ավելի շատ նախընտրում են բնական մազերով մազատեղադրում, որը բնականաբար թանկ արժե: Շինյոնները գրեթե ամբողջությամբ իրենց տեղը զիջել են նարաշիվանիային, քանի որ սա ավելի բնական տեսք է հաղորդում մազերին: Մազատեղադրման բոլոր այս տեսակներն առօրյա օգտագործման համար են, իսկ երեկոյան վարսահարդարման մեջ օգտագործվում են նաև առանձին մազափնջեր` լոկոններ, ֆիզեներ և այլն:
Մազատեղադրման մի քանի ձև կա` գելով կամ սոսինձով, ամրակներով, հյուսքով:

Մազեր գնում են գեղեցկության սրահները, մազեր գնող լիցենզավորված կազմակերպությունները և անօրինական առք ու վաճառքով զբաղվող անհատները: Վաճառողի համար ամենաշահավետը գեղեցկության սրահներն են, որտեղ և’ խաբվելու հավանականությունն է քիչ, և’ միջնորդների գումարը մնում է վաճառողին:

Արտասահմանում մազատեղադրման բոլոր տեսակներն ավելի թանկ արժեն, քան Հայաստանում. նարաշիվանիան` մինչև 1200 դոլար, պարիկներն ու շինյոնները, կախված նրանից արհեստական են, թե բնական, արժեն 100-350 դոլար: Երևանյան գեղեցկության սրահներում նարաշիվանյան, կախված երկարությունից, 50.000-ից հասնում է մինչև 140.000 դրամ (150-400 դոլար):

Շատերը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նույնիսկ պիկ օրերին արհեստական մազատեղադրման` նարաշիվանիայի պատվերի պակաս չեն ունեցել:
Վարսահարդար Լինա Մելքոնյանն ասում է, որ երկար մազերի բումը սկսվել է դեռ անցած տարի:
Հիմա նորաձև են 70սմ-ից մինչև 1մ երկարությամբ մազերը՝ շագանակագույնի տարբեր երանգներով:

Դիտվել է 4603 անգամ:
Print Friendly

Leave a Reply