Ջոյսի «Ուլիսես»-ով թարգմանիչը բացահայտել է հայերենի անսպառ հնարավորությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 18, 2011 16:12

«Ուլիսեսի»  առաջին 30 օրինակն արդեն սպառվել է, և շրջանառության մեջ է 50 օրինակով ևս մի տպաքանակ:

Մոտ մեկ ամիս է, ինչ լույս է տեսել  Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»` Սամվել Մկրտչյանի հայերեն թարգմանությամբ:

«Ուլիսեսի» մասին տարածված անեկդոտային  կարծիք կա, որ դա բոլոր ժամանակների լավագույն վեպն է, որը ոչ ոք մինչև վերջ չի կարդացել:

Գիրքը գրախանութներում չի վաճառվում և կարելի է պատվիրել միայն առցանց՝  այստեղ: Գիրքն արժե 25000 դրամ: Այն կաշեկազմ է, կրկնաշապիկով և գունավոր տպագրությամբ:  Հեղինակի մտահղացմամբ՝ գիրքը նոր տպաքանակով կտպվի հինը սպառվելու դեպքում:

«Ուլիսեսը»  տպագրվել է «Հայրապետ» տպագրատանը, որի տնօրենն է Սարգիս Թումանյանը: Տպագրության ծախսերը ֆինանսավորել է ոչ հայաստանաբնակ գործարար Հասմիկ Դանիելյանը:

Մկրտչյանն ասում է, որ ըստ պահանջարկի տպագրությունը արտասահմանում տարածված եղանակ է: «Ես չէի կարողանում կողմնորոշվել, թե «Ուլիսեսը» քանի ընթերցող կունենա,-  «Անկախին» ասում է նա,- իսկ դա լավ միջոց է պարզելու ընթերցողների քանակը, բացի  այդ,  դա բողոք-մարտահրավեր է մեր գրախանութներին, թե ինչպես է վաճառվում գիրքը»:

Թարգմանիչն ասում է , որ մեր հատուկենտ գրախանութներում գրքի վաճառքը շատ անգրագետ է կազմակերպված, «թացն ու չորն» իրար են խառված:  Հեղինակը բացառություն է արել միայն նորաբաց «Բյուրոկրատի» համար, որտեղ գրքի վաճառքի նկատմամբ վերաբերմունք կա:

«Հինգ օրինակ միայն տվել եմ Սամվելին («Բյուրոկրատի» տնօրենը), որովհետև խոստացել էի, բայց էլ չեմ տալու»,- ասում է նա:

Գրքի շնորհանդեսը դեռ չի եղել, բայց հեղինակի խոսքով՝ մոտ ժամանակներս կլինի: Մկրտչյանն  ասում է, որ շնորհանդեսին հրավիրելու է միայն այն մտավորականներին, ովքեր ոչ մի իշխանությունների օրոք չեն ծախվել. «Բարեբախտաբար, Հայաստանում կան այդպիսի մտավորականներ»:

Թանկ չի՞ արդյոք այդ գինը մեկ գրքի համար: Մկրտչյանն ասում է, որ եթե մարդն ուզում է հայերեն «Ուլիսես» կարդալ, թանկ չէ:

«Թող մի երկու անգամ էլ կաֆե չգնան, առնեն, ամեն ինչի համար փող ունեն, «Ուլիսեսի» համար  չունե՞ն,- ասում է նա,- բացի այդ, եթե գիրքը ձեռքդ վերցնես, կհասկանաս, որ այդ գինը թանկ չէ»:

Տպագրված 80 օրինակներից արդեն վաճառվել է 40-ը, և Մկրտչյանն ասում է, որ այդ գնորդների մեջ գրողները մեկ տոկոս անգամ չեն կազմում. «Ես համոզվեցի, որ մեր գրողները գրականություն չեն կարդում»:

Բացի Հայաստանից, գիրքը պատվիրել են Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից և անգամ Ճապոնիայից:

«Ամենահետաքրքիրն այն է, որ մեյլ եմ ստացել ԱՄՆ-ից՝ Մարատ Մուրադյան անունով մարդուց, որը ներողություն է խնդրում անգլերեն գրի համար, որովհետև հայերեն չգիտի, բայց պատվիրում է հայերեն «Ուլիսես»»,- ասում է Մկրտչյանը:

Վեպը թարգմանելու իրավունքի համար Մկրտչյանը դիմել է Ջոյսի թոռանը՝ Ջեյմս Սթիվեն Ջոյսին: Նա հայտնի է իր նկատմամբ հարուցված մի շարք դատավարություններով, որոնք ավարտվել են իր պարտությամբ: Նա, օրինակ, այրել է Ջոյսի դստեր՝ Լուչիայի և հոր նամակագրությունը, որովհետև Լուչիան հոգեկան հիվանդ է եղել:

Ջեյմս Ջոյս

Ջեյմս Ջոյս

Ջոյսն ունեցել է երկու զավակ՝ Լուչիան և Ջորջոն: Նրանք ծնվել են Իտալիայում: Ջորջոյի որդին այրել է նամակագրությունը, որպեսզի կոծկի ընտանեկան գաղտնիքը: Նա նաև այրել է Լուչիայի և Սեմյուել Բեքեթի նամակագրությունը: Լուչիան սիրահարված է եղել Բեքեթին, որը որոշ ժամանակ եղել է Ջոյսի գրական քարտուղարը: Ջոյսի տեսողությունն այդ ժամանակ շատ վատ է եղել, և նա «Ֆինեգանի հոգեհանգիստը» թելադրել է Բեքեթին:

Այդ վեպը որևէ լեզվով չի թարգմանվել և  համարվում է գիրք «մասնագետների» համար:

Ջեյմսի թոռը Մկրտչյանին հեղհեղուկ պատասխան է տվել, որից հետո նա, ուսումնասիրելով Ջեյմսի ժառանգության թարգմանության իրավունքը, թարգմանել և գիրքը տպագրել է 2012 թվականով:

«Շատերը դա ընկալում են այն ենթատեքստով, որ մյուս տարի Հայաստանը հռչակված է գրքի մայրաքաղաք, բայց դա ուրիշ պատճառ ունի»,- մեկնաբանում է թարգմանիչը:

Ջեյմս Ջոյսի միջազգային հիմնադրամում սահմանված են Ջոյսի «Մտավոր սեփականության» մասին  պայմանները:  Այնտեղ սահմանված են գրողի տարբեր տարիների և տարբեր աշխարհամասերում տպագրված ստեղծագործությունների թարգմանության իրավունքների ժամկետները: 1922 թ. լույս տեսած «Ուլիսեսը» եվրագոտու համար հանրային սեփականություն  է դառնում 2012 թ. հունվարի 1-ից:  Մկրտչյանը թարգմանել է հենց 1922թ. լույս տեսած տարբերակը:

«Ուլիսեսը» աշխարհում թարգմանվել է 20 լեզուներով, և հայերենը 21-րդն է: Մկրտչյանը թարգմանության վրա աշխատել է ուղիղ երկու տարի. մեկուկես տարի վեպի, և վեց ամիս՝ ծանոթագրությունների: Ռուսերեն թարգմանությունն, ի դեպ, տևել է 8 տարի:

Ջոյսի լեզուն համարվում է չափազանց բարդ, և շատ լավ անգլերենի իմացությունը թարգմանչի համար   բնավ երաշխիք չէ, որ  նա կարող է Ջոյս թարգմանել: Կա Ջոյսի անգլերեն կամ ջոյսյան անգլերեն ընկալումը, որով գրում է միայն Ջոյսը:

Հեղինակն ասում է, որ «Ուլիսեսը» թարգմանելու գաղափարը եղել է դեռևս ինստիտուտի տարիներից,  սակայն վերջնականապես հասունացել է վերջին տարիներին: Նա գնել է 50 անուն  գրականություն Ջոյսի մասին, իր խոսքով՝ թալանել է Օքսֆորդի և Լոնդոնի բոլոր գրախանութները:

«Գլուխներ կան, որոնք ուղղակի չեն կարողանում թարգմանել,- ասում է  Մկրտչյանը,- վրացիներն, օրինակ, թարգմանել են միայն երեք գլուխ, որը տպագրվել է երկու տարբեր գրական ամսագրերում»:

Աշխատելով «Ուլիսեսի» վրա՝ Մկրտչյանը պարզել է  հայոց լեզվի անսպառ հնարավորություններն ու գեղեցկությունը:

«Մենք պարզապես տեղյակ չենք մեր լեզվի պոտենցիալից,- ասում է նա,- լեզվի այսպիսի ճկունություն ես որևէ տեղ  չեմ տեսել, բացի անգլերենից: Հայերենը, փաստորեն, այն լեզուն է, որը հնարավորություն է տալիս թարգմանելու Ջոյսի անգլերենը, և ես համոզվեցի, որ մենք փառահեղ լեզու ունենք»:

Վեպը 18 գլուխ ունի, որոնք գրված են տարբեր ոճերով: «Այնտեղ ամեն տեսակ «իզմ» կա՝ սկսած ռեալիզմից և վերջացրած սյուրռեալիզմով,- ասում է Մկրտչյանը,- և շատ գրական ուղղություններ ծնվել են «Ուլիսեսի» մի որևէ գլխից»:

Մկրտչյանն ասում է, որ Ջոյսը մոդեռնիստական գրականության հիմնադիրն է և իր թողած  ժառանգությամբ նույն հարթության վրա է, ինչ Պիկասոն գեղանկարչության կամ Ստրավինսկին երաժշտության մեջ. «Այն դադարել է վեպ լինելուց և դարձել է մշակութային երևույթ՝ թափանցելով ոչ միայն թատրոն ու կինո, այլև` կենցաղ»:

Մկրտչյանը կարևորում է հայերեն «Ուլիսեսի» գոյությունը, որովհետև հայ գրականության մեջ, նրա բնորոշմամբ, ճահիճ է, որտեղ ամեն մի ինքնակոչ իրեն համարում է  գրող, ընդ որում, նա թայֆա ունի, որը նրան հռչակում է  հանճարեղ գրող:

«Մենք` որպես ոչ անհայտ ազգ, նույնպես պետք է ճանաչենք և ազդվենք  «Ուլիսեսից», որովհետև դա հուժկու գրականություն է, որում ամեն ինչ կա,- ասում է նա,- և այդ վեպի ազդեցությամբ մեծացած սերնդից էլ այլ գրականություն կգա»:

Հայաստանում թարգմանական գործը ճգնաժամային վիճակում է: Սամվել Մկրտչյանն արտասահմանյան գրականության եռամսյա հանդեսի խմբագիր է, և ասում է, որ նորանկախ Հայաստանը լավ թարգմանիչ ունենալու մշակույթ չունի: «Իմ հանդեսը տպագրվում է մեծ դժվարությամբ,-  ասում է նա,- իսկ լավ և շնորհալի թարգմանիչներն ընտրում են այլ ոլորտ՝ սինխրոն թարգմանություններ, որովհետև դա լավ է վարձատրվում»:

Թարգմանչական գործի ճգնաժամի հետ համաձայն չէ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով «Անկախին» ասաց, որ չի հիշում մի դեպք, երբ բարձրարժեք թարգմանական գրականություն տպելու առաջարկ ստանալու դեպքում մերժած լինեն: Նա ասում է, որ  պարզապես փորձը երիտասարդներին փոխանցելու տագնապ կա:

«Պետությունը  խթանում է թարգմանական գրականությունը,-  «Անկախին» ասաց նա,- պարզապես պետք է լինի հրատարակչի հետաքրքրվածությունը տպագրելու գործում: Նա կարող է դիմել հայտարարված մրցույթին, որտեղ վերջին չորս տարիներին այդ գրականությանը առաջնահերթության իրավունք է տրված»:

Մկրտչյանն ասում է, որ ամբողջ աշխարհում ընդունված   տեսակետ կա, որ եթե պետությունը թարգմանական գրականություն չունի, ուրեմն չունի նաև  սեփական գրականություն:

«Որովհետև թարգմանությունը թարմ արյուն է, որ ներարկվում է սեփական օրգանիզմ,- մեկնաբանում է նա,- ու եթե տեղյակ չես, թե դրսում ինչ է կատարվում, ինչպե՞ս կարող ես նստել և ստեղծագործել ուղտի ականջում»:

Իսկ ինչպե՞ս է  պետությանը խթանելու, օրինակ, այս տպագրությունը: «Սամվել Մկրտչյանը մեզ չի դիմել և ինքն իր համար որոշել է իր ճանապարհը,- ասաց Պողոսյանը,- հավանաբար դրա կարիքը նա չի զգացել»:

Պողոսյանն  ասաց, որ Մկրտչյանի թարգմանությունը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, որովհետև այդպիսի ֆորմատի և բարդության գործը չի կարող չքննարկվել:  Մշակույթի նախարարն ունի «Ուլիսեսի» իր օրինակը և չափազանց հավանել է գրքի որակն ու արված գործը. «Միայն տառատեսակը ինձ դուր չեկավ, ես դա կփոխեի»:

Նախարարությունը պատրաստվում է գնել առայժմ 12 օրինակ «Ուլիսես»` դրանք ներկայացնելու գրքի տոնավաճառներում, որ կազմակերպվում է արտերկրում: Այս տարի Հայաստանը Փարիզում, Ժնևում, Սանկտ-Պետերբուրգում, Պեկինում և այլուր` գրքի տաղավարներում ներկայացնելու է մեր երկրում տպագրված, թարգմանված գիրք-գրականություն:

Նախարարը տեղեկացրեց. «Այս տարի Հայաստանը 12 երկրում մեծ տաղավարներ է վերցրել , իսկ Ժնևում հյուրի կարգավիճակ ունի` մոտ  600 քմ. տարածքով, և անշուշտ, «Ուլիսեսը» կցուցադրվի այնտեղ ցույց տալու համար, որ մեր երկրի թարգմանչական դպրոցը գտնվում է բարձր մակարդակի վրա»:

Հասմիկ Պողոսյանը զանգել և շնորհավորել է թարգմանչին: Նա ասաց, որ Մկրտչյանին առաջարկ կարվի  միջազգային տոնավաճառներում ներկայացնել իր գիրքը: «Եթե նա համաձայնվի, ես դրա համար միայն ուրախ կլինեմ»,- ասաց նախարարը:

«Ուլիսեսը» գրվել է 1914-1921 թթ. և առաջին անգամ հրատարակվել է 1922թ. Փարիզում:  Այն վաճառել է «Շեքսպիր ընդ քամփընի» գրախանութում, որի տնօրենը  Սիլվիա Բիչն էր: Գիրքը տպագրվել է  500 օրինակով  և սպառվելուց հետո տպագրվել է ևս  2000-3000 օրինակ:

«Ուլիսեսի» բոլոր գործողությունները ծավալվում են  մեկ օրում՝ 1904 թ.  հունիսի 16-ին՝ Իռլանդիայի ազգային Բլումի տոնի օրը: Դա պատմություն է Լեոպոլդ Բլումի ու Սթիվեն Դեդալսի հետ հարաբերության, ով համարվում է Ջոյսի նախատիպը:

1926 թ. այն արգելվել է անգլիալեզու բոլոր երկրներում և որակվել պոռնկագրություն: Միացյալ Նահանգներում արգելքը հանվել է 1936 թ., իսկ վերջին պետությունը, որ հանել է արգելքը, Ջոյսի հայրենիք Իռլանդիան է (1960-ականներին): Ջոյսն ապրել է շատ աղքատ, իսկ Դուբլինն ու Իռլանդիան, որ այսօր Ջոյսով փող են աշխատում այնպես, ինչպես Լիվերպուլը՝ «Բիթլզով», եղել են Ջոյսի բոլոր ստեղծագործությունների առարկան: Իռլանդիայի ազգային գրադարանը Ջոյսի 20-էջանոց ձեռագրի համար վերջերս վճարել է 1.5 մլն. ֆունտ ստեռլինգ:

Սամվել Մկրտչյան

Սամվել Մկրտչյան

Թարգմանիչը նախաձեռնել է նաև «Ուլիսեսի» հուշանվերային տարբերակը, որի էջերի եզրերը լինելու են ոսկեզօծ: Այն կլինի  մագնիսով փակվող կաշեպատ փայտյա արկղիկի մեջ  և կտպագրվի 20 օրինակով:

«Բացի դրանից, 10 օրինակ տպելու ենք  կտավե շապիկով, որի վրա լինելու են տարբեր հեղինակների յուղաներկ գործեր, օրինակ` Թենի Վարդանյանի»,- ասում է Մկրտչյանը:

Ջեյմս Ջոյսը ծնվել է 1882թ. Դուբլինում, և մահացել է 1941թ. Ցյուրիխում:

Դիտվել է 8888 անգամ:
Print Friendly

Leave a Reply