Ադրբեջանցիները կծանոթանան Բաքվի իրական պատմությանը baku.am կայքի միջոցով
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 23, 2011 14:25
Նորաբաց «Baku.am» կայքէջի շնորհիվ ադրբեջանական հասարակությունն առաջին անգամ հնարավորություն կունենա ծանոթանալու Բաքվի պատմությանը` առանց խեղաթյուրումների եւ այլատյացության: Ինչպես այսօր կայքի շնորհանդեսի ժամանակ նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, դա ադրբեջանցի երիտասարդների համար այլընտրանքային տեղեկատվության հրաշալի աղբյուր է:
«Մենք փորձել ենք որեւէ կրքի տուրք չտալով` ներկայացնել Բաքու քաղաքի իրական պատմությունը` հնարավորինս փաստարկված եւ օբյեկտիվ: Ադրբեջանցի երիտասարդները կտեղեկանան, թե ովքեր են կառուցել իրենց շենքերի մեծ մասը, հիմնադրել թատրոնները եւ այլ մանրամասներ»,-ասաց Հ. Դեմոյանը` հավելելով, որ Բաքվում առաջին գրադարանի, ընթերցարանի, երաժշտական թերթի, շոկոլադի եւ հայելու գործարանների, նավթամուղի հիմնադիրները հայեր են: Կայքէջը եռալեզու է` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:
Այնտեղ զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների եւ ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը: Կայքում առանձին բաժնով ներկայացված է Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր եւ լուսանկարներ:
Ըստ Հայկ Դեմոյանի` 20-րդ դարի սկզբին Բաքուն, հանդիսանալով Ռուսական կայսրության անդրկովկասյան տիրույթի խոշորագույն արդյունաբերական կենտրոն, ուներ հարուստ հայկական քաղաքակրթական ներկայություն: Հայերը կազմում էին քաղաքի երրորդ խոշոր էթնիկ խումբը` ռուսներից եւ բազմացեղ մահմեդական բնակչությունից հետո: Այդուհանդերձ, հայերն առաջնային տեղ էին զբաղեցնում քաղաքի հասարակական, մշակութային եւ գործարար կյանքում: Հենց հայ գործարարների շնորհիվ է սկսվել եւ մեծ թափ առել Բաքվի նավթարդյունաբերությունը:
Հայ գործարարների միջոցներով եւ հայ ճարտարապետների նախագծերով ու եվրոպական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցած շենքերը մինչ օրս զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: «Ադրբեջանի ներկայիս իշխանությունների որդեգրած հակահայ քաղաքականությունը չի հանդուրժում որեւէ հիշատակում Բաքվում հայերի երբեմնի ներկայության ու քաղաքի պատմության մեջ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգության մասին»,-ընդգծեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը` միաժամանակ տեղեկացնելով, որ այս կայքէջի բացումը միակը չէ, եւ առաջիկա երեք ամիսների ընթացքում կներկայացվեն նաեւ այլ նախաձեռնություններ:






Facebook
Tweet This
Email This Post
