Արա Գրիգորյանը` «Հայկական կոնյակագործների միության» նախագահ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 23, 2011 13:49
Այսօր էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հայկական կոնյակագործների միության» հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվեց Միության կանոնադրությունը, և Միության նախագահ ընտրվեց «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ողջունելով Միության ստեղծման նախաձեռնությունն ու վերջնական ձևավորումը, շեշտեց, որ «Հայկական կոնյակագործների միությունը» բաց կառույց է լինելու ոլորտում ներգրավված բոլոր ընկերությունների համար, սակայն ունենալու է խաղի խիստ կանոններ, քանի որ խոսքը գնում է հայկական կոնյակի հեղինակության մասին, իսկ պետությանն աջակցելու է խորհրդատվությամբ և ոլորտում առաջացած խնդիրների համակարգմամբ:
Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ Միության նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով, այսինքն վերընտրվելու է յուրաքանչյուր տարի` Միության անդամների կազմից:
«Հայկական կոնյակագործների միության» ստեղծման նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն է: Միության ստեղծման ուղղությամբ ընկերությունների միջև բանակցությունները սկսվել են դեռևս 2010 թվականի օգոստոսից: Բանակցային գործընթացի սկզբում մասնակցում էին հայաստանյան կոնյակ արտադրող ընդամենը 5 ընկերություններ, իսկ 2010 թ. դեկտեմբերի 15-ին Միության հիմնադիր պայմանագիրը ստորագրվեց արդեն իսկ 12 ընկերությունների կողմից` «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ, «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ, «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ , «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ՍՊԸ, «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ, Արարատի կոնյակի գործարան «ԱԿԶ» ՍՊԸ, «Տավինկո» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ, «Արեգակ» կոնյակի գործարան» ՍՊԸ, «Վեդի Ալկո» ՓԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ:
«Հայկական կոնյակագործների միության» ստեղծման հիմնական նպատակը «Հայկական կոնյակ» տեղանվանման պահպանումը և հայկական կոնյակների բարձր որակի ու միջազգային շուկայում «Հայկական կոնյակ» բրենդի ճանաչելիության ապահովումն է:
Միությունն առաջնորդվում է միջազգային գործելակերպով` «ՄԵԿ ՁԱՅՆ ՄԵԿ ԻՐԱՎՈՒՆՔ» սկզբունքով, ինչը հավասար իրավունքներ և պարտականություններ է ստեղծում փոքր, միջին և խոշոր ընկերությունների համար:
Խորհրդակցական ձայնի իրավունքով Միության կառավարմանը մասնակցում են նաև ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները` ՀՀ կառավարության անունից:
Միությունն իր գործունեությունը իրականացնում է Կանոնադրության համաձայն:






Facebook
Tweet This
Email This Post
