Տասովշչիկ. հայկական բանակի ծառայո՞ղ, թե՞ ծառա

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 6, 2009 17:05

13«Էրկու ընկեր են լինում: Մեկը հիվանդանում ա, գնում ա սանչաստ (բուժ. կետ), պառկում ա: Էն մյուս ընկերը, ինչ ընկերոջը պետք ա, բերում ա` սնունդ, դեղ-մեղ, շոր-մոր: Հետո էս հիվանդը լավանում ա ու ընկերոջն ասում ա` դու ինձ համար տաս ես արել, հիմա իմ տասովշչիկն ես»:
էսպիսի պատմություն պատմեց ծառայակիցներիցս մեկը: Տասովշչիկն այն զինվորն է, որը որոշ զինվորների համար հանդիսանում է ծառա, ավելի հաճախ ասոցացվում է ստրուկի հետ: Տասովշչիկ կարող է ունենալ և’ մի նեղ ընկերական շրջապատ, և’ ավելի մեծ մասսան:

Մասսայական տասովշչիկներ կային, որոնք տարբեր վաշտերի համար տաս էին անում, նրանք գրեթե ազատ ժամանակ չունեին: Իջնում էին ջուր լցնելու, ու հենց շենքի պատուհաններից ուրիշները տեսնում էին նրանց, շշերը շպրտում էին, որ իրենց էլ ջուր լցնեն-բերեն: Ճամփին բերած ջրից ով ասես չէր խմում, ու որ տեղ էր հասցնում, ջուր համարյա մնացած չէր լինում, և տասովշչիկը ստիպված նորից էր իջնում ջրի: Մասսայական տասովշչիկները հետագայում դառնում են որևէ ընկերական շրջապատինը, միայն այդ խմբի համար են աշխատում: Այդպիսի շրջապատներն ամենահեղինակավոր զինվորներից են բաղկացած, որոնք թույլ չեն տալիս, որ մեկ ուրիշն իրենց տասովշչիկին ինչ-որ տեղ ուղարկի, տասովշչիկին էլ թույլ չեն տալիս, որ մեկ ուրիշի ասածը կատարի:

Թեև տասովշչիկներին ոչ ոք չի հարգում, և նրանք չեն համարվում «կարգին տղա», այնուամենայնիվ, ոչ ոք տասովշչիկի դիմաց չի ասում, որ նա տասովշչիկ է, որովհետև այն մարդը, որի համար նա տաս է անում, պատասխան կպահանջի. «Խի՞ ես իրան տասովշչիկ ասել, ինքը մեզ համար տաս չի անում, մեզ օգնում ա»:
Հեղինակությունը կպաշտպանի տասովչշիկի թասիբը, որ նա շարունակի իր համար տաս անել:
Նորակոչիկ եղած ժամանակ մեկի մասին բարձրաձայն ասեցի, որ տասովշչիկ ա, ու մի հին ծառայող ասեց. «Ախպերս, ինձնից քեզ խորհուրդ, ոչ մեկի մասին տենց բան մի ասա»: Հին ծառայողի խորհուրդը միանգամից ընդունվեց:

Սկսնակ տասովշչիկներն ամոթով են իրենց գործն անում, էնպես են անում, որ ոչ ոք չտեսնի իրենց գործի վրա, իսկ հետո, երբ թիկունք են ունենում՝ դառնալով հեղինակությունների տասովշչիկը, դուխով, բերանները ծռմռելով, ջրի շշերը ձեռքները ֆռցնելով` հանգիստ անում են իրենց գործը, մեկն էլ հանկարծ թարս նայի, շիշը կտան գլխներին:

Նախկինում տասովշչիկ դառնալն ավելի հեշտ էր. «Յախշիները (հեղինակությունները) մալադոներին մտցնում էին սենյակ, հետները զրուցում, հենց ջոգում էին մեկը խելքից մի քիչ թուլ ա, շիշը տալիս էին ձեռը, ղրգում ջրի: Կամ սենյակից ձեռը հանում էին , դնեվալնին (օրապահ) գալի ձեռներից շիշը վեկալում, էթում էր ջրի»,- պատմում էր հին ծառայողներից մեկը:
Մեկն էլ երկար փնտրում էր մեկին, որ ջրի ուղարկի, չէր գտնում, բոլորը հրաժարվում էին, ջղայնացած ասեց. «Արա, հինգի մեկի վախտով (2005թ. գարնանային զորակոչ) վաշտում կեսը հեչից տասովշչիկ էին, չգիտեին՝ ում համար տաս անեին, հիմա ում նայում ես՝ յախշավատ ա լինում («լավ» է իրան զգում), մնում ա մի հատ հայտարարություն սարքենք` պահանջվում են տասովշչիկներ», ու թեքվեց մեկի վրա գոռաց. «Հե’լ ջուր բե’ր, արա’»: Սա էլ վախեցած շիշը վերցրեց ու վազեց ջրի: Իսկ զինվորը եզրակացրեց. «Լավով չեն հասկանում, ավանդական ձևերով ա պետք»:

Մի ուրիշն էլ պատմում էր, թե ինչպես է վերջը ջրի ուղարկել մեկին, ով հրաժարվում էր գնալ. «Էն օրը էն գյադեն իրան կարգին տղու տեղ էր ուզում դրած լիներ, ասի՝ հե’լ ջուր բե’ր, ասում ա` չեմ բերելու: Էնքան տփի, վերջը ասեց` լավ-լավ կբերեմ: Արա, ասի, պտի ծեծենք, որ բերես, այ չփլախ»:

Տասովշչիկին սկզբում ընկերական են խնդրում որևէ գործ կատարել, եթե արեց՝ վերջ, ընկնում է «գծի տակ», դառնում է տասովշչիկ: Այսպես էին արդեն տասովշչիկ դառնում մեր ծառայության օրերին:
Տասովշչիկ դառնում են նաև այն մարդիկ, որոնք գողություն են արել զորքից կամ մատնություն: Այդպիսի տասովշչիկներին ավելի դաժան ու ավելի բարդ գործեր էին տալիս, օրինակ` լվացք` գուլպա, սրբիչներ լվանալու գործեր:
Նաև տասովշչիկներին ուղարկում էին ճաշարանից սնունդ բերելու: Եթե ճանապարհին տասովշչիկին սպա բռնացրեց, պատասխանը տասովշչիկը պիտի տա: Եթե ասեց, թե ում համար է տանում, նրան ծեծ է սպասվում:
Տասովշչիկին կարող են գիշերվա ցանկացած ժամի քնից հանել ու պահանջել, որ կոֆե սարքի ընկերության համար: Շատերն իրենց հեղինակությունը բարձր պահելու համար ցույց են տալիս, որ տասովշչիկ ունեն: Օրինակ` նոր ծանոթին հրավիրում են իրենց մոտ, որի հետ նոր են ծանոթացել, ու դեռ հյուրը չնստած` միանգամից կանչում են տասովշչիկին ու գործի դնում:

Ժամանակին ընդունված էր, որ սենյակի անկյունում հեղինակություն է քնում (հիմա էլ որոշ զորամասերում այդ գաղափարը գոյություն ունի), իսկ նրա վերևը՝ իր տասովշչիկը, ու երբ ներքևինը քացով խփում էր վերևի անկողնու ցանցին, տասովշչիկը իջնում էր ու սպասում հանձնարարությանը:
Այսուհանդերձ՝ տասովշչիկներն էլ են որոշ արտոնություններից օգտվում: Օրինակ` նրանց «տերը» կարող է օրվա պատասխանատուի հետ խոսալ, որ իր տասովշչիկը շարքերին չմասնակցի: «Տաս եմ անում, կայֆ եմ անում», – ասում էր տասովշչիկներից մեկը:

Երբ տասովշչիկի պակաս է զգացվում, զինվորներ են լինում, որ իրենց ընկերներից մեկին տասովշչիկ են սարքում: Սկզբում իբր ամեն ինչ ընկերական է, հետո արդեն խորանում է: Հետևաբար, ընկերները հաց ուտելիս, երբ ջրի կարիք է լինում, ոչ ոք չի գնում ջուր բերելու: Շատերն ամաչում են նույնիսկ իրենց համար ջուր բերեն, որ նայողը չմտածի, թե տասովշչիկ է: Հեղինակություններից մեկն իր համար ջուր էր տանում, մի նորակոչիկ մտածել էր, թե տասովշչիկ է, ասել էր. «Ապեր, տուր հըլը ջրիցդ խմեմ» ու ծեծ էր կերել:

Դիտվել է 3218 անգամ:
Print Friendly

Leave a Reply