«Չեմ հեռանա, մինչև չտեսնեմ խաղաղ արևածագն անկախ Արցախի վրա»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 1, 2009 16:27

5403_paskalevaՑվետանա Պասկալևայի հուշերը ղարաբաղյան պատերազմի մասին ընթերցողներին հասու կլինեն արդեն այս տարվա ավարտին• «Գիրքը ռուսերեն կլինի, քանի որ Ղարաբաղի մասին հուշերս միայն ռուսերենով եմ կարողանում արտահայտել»,-ասում է Պասկալևան: Բուլղարացի լրագրող, սցենարիստ Ցվետանա Պասկալևան աշխատում է նաև Ղարաբաղի մասին երկու վավերագրական ֆիլմերի վրա, որոնք ևս առաջիկա ամիսներին պատրաստ կլինեն:
«Ցավդ տանեմ. սա առաջին հայերեն բառն էր, որ լսեցի` 1991-ի մայիսին հայտնվելով Շահումյանի շրջանում»,-ասաց Պասկալևան ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
48-ամյա Պասկալևան առաջին արտասահմանյան լրագրողն էր, որ 90-ականներին սկսեց լուսաբանել Ղարաբաղյան հակամարտությունը և արևմուտքին ներկայացրեց խնդրի էությունը: 30-ամյա ասպիրանտը թողեց կրթությունը, կարիերան և անգամ որդուն ու Հայաստան եկավ: «Ճշմարտությունը պատմող առաջին նյութից և ադրբեջանական բանտում փակված հայ լրագրող Վարդան Հովհաննիսյանի փրկության համար կազմակերպած ստորագրահավաքից հետո ադրբեջանցիներն ինձ հեռակա կարգով մահվան դատապարտեցին: Հակառակ լրագրողական էթիկային, ես մի կողմն եմ ներկայացրել իմ նյութերում, բայց միայն ճշմարտությունը»,-ասում է Պասկալևան և հավելում, որ ադրբեջանցի դիպուկահարների համար մի քանի անգամ թիրախ է դարձել իր տեսախցիկը: Բայց Ցվետանան նկարահանումները շարունակելու համար իր մեքենան է փոխանակել նոր տեսախցիկով:
«Մենք ենք հաղթել»,-ասում է Պասկալևան` Ղարաբաղյան պատերազմի մասին խոսելիս ու հիշում, թե ինչպես խիզախ հայորդիներն անգամ տանկի դեմ էին մարտի դուրս գալիս. «Հնգամյա որդուս Դավիթ եմ կոչել մի զոհված զինվորի պատվին: Այդ 26-ամյա զինվորը տաղանդի, քաջության և հայրենասիրության մարմնավորում էր, մեծ գիտնական կդառնար, եթե չզոհվեր Շահումյանում»:
Պասկալևան հիշում է, որ 1991-ի սեպտեմբերին կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ հանդիպման ժամանակ կաթողիկոսն ասել էր, թե Ցվետանան երբեք չի հեռանա Հայաստանից: «Մտածեցի, որ զոհվելու եմ մարտի դաշտում: Բայց ոչ, պատերազմից հետո մնացի, որ տեսնեմ Ղարաբաղյան հարցի վերջնական` արդարացի և հայանպաստ լուծումը»,-ասում է Ղարաբաղի պաշտպանության բանակի գնդապետ և «Քաջության համար» շքանշանակիր Պասկալևան, ով հրադադարից հետո մինչ օրս էլ ապրում է Հայաստանում:

Դիտվել է 1394 անգամ:
Print Friendly

Leave a Reply