Քաղաքական ուժերը դիրքավորվեցին. նախընտրական պայքարը մեկնարկում է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 23, 2011 13:13

Անցյալ շաբաթը ՀՀ ներքաղաքական կյանքում շրջադարձային էր: Նախընտրական թոհուբոհին ընդառաջ` ուրվագծվեց քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մարտավարությունը:

Ստորագրվեց կոալիցիոն նոր հուշագիր:  Հազիվ թե սրանով ավարտվի ՀՀԿ-ԲՀԿ ներկոալիցիոն պայքարը, հատկապես` միջանձնային մակարդակով, սակայն հուշագրով ՀՀԿ-ն և մանավանդ գործող նախագահ Սերժ Սարգսյանը իրենց համար շատ կարևոր խնդիր լուծեցին` թույլ չտալ, որ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն հիմնական մրցակից դառնա:

Ակնհայտորեն նման շրջադարձը ԲՀԿ-ի ծրագրերի մեջ չէր մտնում: Դեռ ամիսներ առաջ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ խորհրդարանական ընտրություններում  պայքարելու է 50+1 ձայն ստանալու համար: Վերջին շրջանում մի քանի մանր կուսակցություններ միացան ԲՀԿ-ին, նաև հաջողվեց որոշ  գործարարների համախմբել կուսակցության շուրջը: ԲՀԿ 5-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանը խոսեց ազատ ընտրությունների ու պայքարի քաղաքակիրթ մեթոդների մասին, Սերժ Սարգսյանին հիշեցրեց իր արտասահմանյան կապերի մասին, նաև հայտարարեց, որ  ժողովրդի հույսերը չարդարացնելու դեպքում պատրաստ է հրաժարվել կուսակցապետի պաշտոնից: Սա անմիջապես մեկնաբանվեց որպես հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի  կարծեցյալ վերադարձի  հետ կապված ինտրիգները սրանով չեն ավարտվի: Սակայն ԲՀԿ-ի առաջնորդի խոսքերը և սերնդափոխությունը խրախուսելու մասին կոչերն ամենայն հավանականությամբ ուղղված էին սեփական կուսակցության իմիջը փոխելու, թարմ կադրերի միջոցով հասարակական վստահություն ձեռք բերելու, կուսակցության կշիռը բարձրացնելու նպատակին: Նաև հույս կար նախագահական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշման հռչակումը հետաձգել գոնե մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը:

ԲՀԿ-ն չի պատրաստվում դառնալ ՀՀԿ-ի կցորդը: Եթե «Օրինաց երկրի» համար այս հուշագիրը քաղաքական վախճանից խուսափելու միակ տարբերակն էր (չնայած «Օրինաց երկիրն» ավելի վաղ արդեն հապշտապ հայտարարել էր Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին), ապա ԲՀԿ-ն չի պատրաստվում գնալ նույն ճանապարհով. չնայած հուշագրի ստորագրմանը` ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում նոր և սուր զարգացումներ կարելի է կանխատեսել նաև ավելի երկարաժամկետ հեռանկարում:

Սակայն կա մի շատ կարևոր հարց. ինչո՞ւ հուշագիրը ստորագրվեց հենց հիմա: Բանն այն է, որ հուշագրում մի կետ կա երկրի ներկայիս վիճակի համար բոլոր կոալիցիոն ուժերի հավասարաչափ պատասխանատվության մասին: Կառավարության վերջին որոշումները սոցիալական տարբեր խմբերի շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացրել. կառավարության դիմաց  ամենօրյա ցույցերը ներհասարակական կյանքի բնական բաղկացուցիչ են դառնում: Չնայած սրանք դեռևս տարերային բնույթ ունեն, և միասնական բողոքի ձայն չի բարձրացվում:    Համատեղ պատախանատվության մասին հիշեցումով ՀՀԿ-ն փորձեց  կանխել ԲՀԿ-ի կողմից սոցիալական բողոքն օգտագործելու ու, ըստ էության, նաև ընդդիմության դաշտում մանևրելու հնարավորությունը: Ավելին, հուշագիրը բացահայտեց, որ Սերժ Սարգսյանն  իր նախագահության երկրորդ շրջանի գրավականը համարում է ոչ թե ժողովրդի ձայները ստանալը, այլ ուժերի նման հավասարակշռությունը պահելը: Միգուցե դրանով է պայմանավորված ընտրությունների շեմին իշխանությունների ընդգծված անտարբեր վերաբերմունքը հասունացող սոցիալական բողոքի նկատմամբ: Իշխանությունը պահելն ամենևին կախված չէ բնակչության վերաբերմունքից:

Իհարկե, կոալիցիոն ուժերն անմիջապես հայտարարեցին, որ «խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռը միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին չավելացնելու» մասին հիշատակումը չի ենթադրում միասնական ցուցակով մասնակցություն ընտրություններին: Հետևաբար, հուշագրի հենց այս կետը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ըննդիմության դաշտում խաղացողների համար:

Ընդդիմադիր ուժերը սրանում ապագա ընտրությունները կեղծելու ու իշխանության լծակները նույն հարաբերակցությամբ վերարտադրելու անկեղծ հայտարարություն տեսան: ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այս հուշագիրն անվանեց «ամոթալի»: Հուշագրի ստորագրման հենց հաջորդ օրը «Ժառանգության» կողմից անմիջապես բոլոր ընդդիմադիր ուժերին հանուն ժողովրդի համախմբելու առաջարկ հնչեց: «Ժառանգությունում» շատ լավ հասկանում են, որ Դաշնակցությունը և ՀԱԿ-ը տարբեր դաշտերում և տարբեր կանոններով են խաղում.  յուրաքանչյուրն ուզում է, որ իրեն միանան, հետևաբար այս քաղաքական ուժերից ոչ մեկը հավաքական իրական գործողությունների պատրաստ չէ: Սակայն միջնորդի դիրքավորման մարտավարությամբ «Ժառանգությունն» արդեն հայտնի է. սա մանևրելու շատ լավ տարբերակ է:

Նույն օրը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հուշագրի ստորագրումը իշխանության դաշտում տոտալիտարիզմի ձևավորման միտում համարեց: Դաշնակցությունը որոշել է դրա դեմ պայքարել բնակչության շրջանում սեփական ձայնի նշանակության գիտակցության բարձրացման միջոցով: Հենց այդ նպատակով ՀՅԴ-ն հայտարարեց «Քվեն ուժ է»  ընտրական իրավունքի պաշտպանության շարժում սկսելու մասին: Առհասարակ, ընտրություններից առաջ արդար ընտրությունների անցկացմանն աջակցողի իր դիրքավորմամբ ՀՅԴ-ն վաղուց է հայտնի: Սակայն այս անգամ ՀՅԴ-ն փորձում է նաև իր շուրջը համախմբել հայ-թուրքական արձանագրությունների դեմ իր գլխավորությամբ դեմ արտահայտված ուժերին: Ընտրական գործընթացների թափանցիկությունը հնարավորինս վերահսկելու գործում բավականին իրատեսական է թվում  նաև «ժառանգության» հետ համագործակցությունը:

Հետաքրքիրն այն է, որ ընտրություններին վերաբերող նման արշավ սկսելուց և ներկա սոցիալ-տնտեսական խնդիրների մասին ԱԺ-ում պարբերաբար անհանգստություն արտահայտելուց զատ, ՀՅԴ-ն չփորձեց լուրջ աշխատանք տանել կառավարության  առջև բողոք արտահայտող քաղաքացիների հետ, որն, ըստ էության, լավ խաղաքարտ կարող էր լինել:

ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» առանձին-առանձին փորձում են իրենց հովանավորության տակ առնել տարերային սոցիալական բողոքը: Մասնավորապես, ՀԱԿ-ը փորձում է այդ շարժումները վերածել իր ղեկավարությամբ քաղաքական բողոքի: Ընդ որում, հենց սոցիալական բողոքի դուրս եկած այս խմբերը  որոշակի ուղղվածություն տվեցին ընդդիմադիր այս ուժերին և ակտիվացրին նրանց քայլերը, և ոչ հակառակը: ՀԱԿ-ը նաև որպես խաղաթուղթ է փորձում օգտագործել Եգիպտոսի և Թունիսի հեղափոխությունները, կիսահեղափոխական իրավիճակը արաբական և մահմեդական մի շարք երկրներում: Այս առումով ՀԱԿ-ի ուրբաթ օրվա հանրահավաքում ոչ մի անակնկալ չեղավ. ասվեց այն, ինչ, ըստ էության, արդեն սպասելի էր: Մնում է սպասել ՀԱԿ-ի հանրահավաքային վերադարձի մարտավարության հետագա քայլերին: Միայն թե իրատեսական չէ լուրջ զարգացումներ սպասել ՀԱԿ-ի` արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջներից, որոնք բնակչությանը համախմբելու առումով վաղուց սպառել են իրենց, առավել ևս հիմա, երբ նոր խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը դե ֆակտո մտնում է իր հունի մեջ:

Ընդդիմությունը համախմբվելու լուրջ խնդիր ունի: Իշխանությունը փորձում է ամրապնդել  իր դիրքերը:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply