Կանեփի մշակման արգելքը մոռացության է մատնում ազգային կերակրատեսակները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 6, 2009 17:41
maqsim-khachatryani-baki-miak-kanep1

Ոստիկանների աչքից վրիպել են կանեփի այս ցողունները:

Կանեփով պատրաստվող հայկական ազգային բազմաթիվ կերակրատեսակներ կան, որոնց բաղադրատոմսերն աստիճանաբար մոռացության են մատնվում, քանի որ կանեփի մշակումը՝ որպես թմրանյութի, արգելված է:

Կանեփով ճաշատեսակները հատկապես մեծ տարածում ունեն Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, ուր մեկ ճաշատեսակի մեջ մի քանի կիլոգրամ կանեփ են օգտագործում:
Կանեփից են ստանում մարիխուաննա թմրանյութը, որին Հայաստանում անվանում են պլան:
Մարտունու տարածաշրջանում ամեն տարի` ամռան 2-րդ կեսին, ոստիկանությունը իրականացնում է «Կանեփ-կակաչ» համալիր միջոցառումը, որի ժամանակ ստուգումներ են իրականացվում բնակիչների հողամասերում և ոչնչացնում կանեփը՝ որպես թմրանյութ՝ հաշվի չառնելով, որ այն հաճախ կերակուր պատրաստելու համար է աճեցվում:

Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանության բաժնի պետ Գուրգեն Գինոյանն ասում է, որ վերջին 10 տարիների ընթացքում 90 տոկոսով կրճատվել է կանեփի մշակումը: Նախկինում տարեկան մինչև 10 տոննա կանեփի ցողուն էին ոչնչացնում, հիմա՝ միայն 1 տոննա:
Գինոյանը նշում է, որ Հայաստանում մշակվող կանեփի մեջ թմրանյութի պարունակությունը մի քանի անգամ քիչ է կրասնոդարյան կանեփից: Այսուհանդերձ` ոստիկանության հակականեփյան պայքարի հետևանքով ոչնչացվում են նաև սննդի մեջ կիրառելու նպատակով մշակվող կանեփի ցողունները:
«Բակերում ստուգում ենք, եթե կանեփ շատ կա, արդեն կասկածելի է,- ասում է Գինոյանը,- բացի այդ` թմրանյութի համար կանեփ մշակողներն այն հատուկ խնամում են»:
Սակայն բնակիչներն ասում են, որ կանեփ իրենք հատուկ չեն ցանում և մշակում, կանեփի սերմերը քամին է տարածում: Մեկ կանեփի ցողունից հաջորդ տարի մի քանի տասնյակ և ավել ցողուն կարող է աճել:

«Գարունը բացվում է, կանեփն ինքն իրեն աճում է կարտոֆիլի հետ, եթե կարտոֆիլը մշակում եմ, ուրեմն նաև կանեփն եմ մշակում,- ասում է մարտունեցի 71-ամյա Հայկանուշ տատը,- չնայե՞մ, որն է շոխի ու քաշեմ դեն նետեմ (շոխի ասում են այն կանեփին, որը հատիկներ չունի, այլ՝ միայն տերևներ)»:
Մարտունեցի Մաքսիմ Խաչատրյանին մի քանի տարի առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել, քանի որ նրա հողամասում մի քանի տասնյակ ցողուն կանեփ է եղել: Նրան զգուշացրել են, որ կանեփ այլևս չմշակի և բաց թողել, այդ պահից ի վեր նրա հողամասում այլևս կանեփ չի մշակվում, իսկ ձմռանը կանեփով ճաշատեսակներ պատրաստելու համար նրա կինը` տիկին Սոֆիկը, շուկայից է գնում 1 կիլոգրամը 1500 դրամով: «Առաջ ամեն շաբաթ կանեփով ճաշ էի եփում, հիմա ձմռանը առիթից առիթ քյուֆթա եմ անում, աղանձ էլ միայն զատիկին, էդքան կանեփ առնելը թալան է»,- ասում է տիկին Սոֆիկը:

Երբ «Անկախի» թղթակիցը փորձեց լուսանկարել Մաքսիմ Խաչատրյանի բակի միակ կանեփի ցողունը, որը ծառերի ներքո աննկատ էր աճել, Խաչատրյանը, հուզմունքից դողալով, սարսափած վազեց և այն պոկեց հողից ` գոռալով, որ ոստիկանության հետ խնդիրներ ունենալ չի ուզում:
Հայկանուշ տատն էլ ասում է, որ եթե անգամ իրեն կալանավորեն, միևնույն է, կանեփ է մշակելու. «Էլ ի՞նչ տուն, որ մի 10 կիլո կանեփ չունենաս ու ձմռանը մի քանի անգամ ճաշ չեփես»:

Մարտունիում կանեփով բորշ են եփում՝ ճաշի վրա ջրի փոխարեն կանեփի հյութ են լցնում: 6 հոգու համար նախատեսված ճաշին ավելացնում են 1 կգ աղացած կանեփի հյութը` ջրով բացված:
Իսկ կանեփով քյուֆթան (նաև կանեփով տոլմա են կոչում) պարունակում է ձավար, կարմիր պղպեղ, թթու կաղամբ, որը եփում են 2 կգ աղացած կանեփի հյութով:

Մարտունիում մեծ տարածում ունի նաև աղանձը, որը կրակի վրա բոված ձավարի և կանեփի խառնուրդն է: Հատկապես զատիկին ամեն տանը պարտադիր է աղանձ պատրաստելը:
Փոքրերի ատամհատիկին (առաջին ատամը դուրս գալու ծես) ևս կանեփ են օգտագործում. հատիկ անունով կերակուր են պատրաստում՝ խաշած լոբիով, ոլոռով, ձավարով, կանեփով:
Սեդա տատն էլ պատմում է, որ երբ իրենք երիտասարդ էին, ոչ միայն ամեն օր կանեփով ճաշ էին պատրաստում, այլև կանեփն օգտագործում էին որպես մաշկի խնամքի պարագա և դեղամիջոց:

Աղացած կանեփի մնացուկը, որը ճաշի մեջ չի օգտագործվում, երիտասարդ աղջիկները քսում էին իրենց դեմքին, որի շնորհիվ մաշկը սպիտակում է, մնում թարմ ու երիտասարդ: Ճաքճքված մաշկը փափկեցրել են՝ վրան աղացած կանեփի խյուս քսելով: Հիվանդություններից էլ միզակապությունն են բուժել կանեփի ձեթով:

Դիտվել է 4127 անգամ:
Print Friendly

Leave a Reply