Սփյուռքահայը բանտում. Նախագահին սպանելու ցանկությո՞ւն, թե՞ կատակ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 6, 2009 17:33

Ավետիս Կալայջյանի լուսանկարն ու խոսքը`իր հեղինակած գրքի առաջին էջին

Սիրիահայ Ավետիս Կալայջյանը չորս ամիս բանտում է և մեղադրվում է այն բանի համար, որ սուրճի սեղանի շուրջ ասել է, թե նախագահ Սերժ Սարգսյանին ուզում է սպանել։

Հալեպում ծնված 45-ամյա Կալայջյանը քաղաքագետ է, Հայաստան է տեղափոխվել կնոջ՝ երգչուհի Ֆլորա Սարգսյանի հետ՝ 2004 թ., ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Ընդունվել է Հանրապետական կուսակցություն։ Հայաստանում հրատարակել է «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» գիրքը։

Նրա տնից խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեկ էջանոց մի նամակ, որ վերնագրված է՝ «Հրաժարվում եմ հանրապետական տականքներից. խաբեբայապետ Սերժը և իր խաբեբաները»։ Նամակում նա մեղադրում է Հանրապետական կուսակցությանը, թե պահում է բանտախցերում «հայ ազգի պանծանք հանդիսացող ֆիդայի ազատամարտիկներին», «խայտառակում է Հայաստանն ու հայ ազգը» և որակում այն՝ որպես «ապազգային և հակացեղակրոն» (Հանրապետականի հիմնադիրներն իրենց համարում են ցեղակրոն)։ Նամակն ավարտվում է կոչով՝ «Միասին ազատագրենք Հայաստանը բռնատերերից, տականքներից, խաբեբաներից, դավաճաններից, հայրենիք հանձնողներից և սփյուռքի նախարարության փոխնախարարի պաշտոնները սփյուռքի փողատերերի վրա վաճառողներից։ Ազատություն կամ մահ»։

Կալայջյանն իր ցուցմունքներում չի ժխտել, թե նախագահին սպանելու մասին զրույց է եղել, բայց գրել է, թե դա միայն կատակով ասված խոսք է եղել։

Կալանավայրից նախագահին ուղարկած նամակում Կալայջյանը գրում է, որ երբևիցե չի պատրաստվել հանցագործություն կատարել, հատկապես` սպանել նախագահին, և որ թեյի սեղանի շուրջ եղած վկաներն իրենց ցուցմունքում ասել են, որ իրավապահ մարմինների չեն դիմել, քանի որ լուրջ չեն ընդունել իր խոսքերը:

Կալաջյանի ասածների մասին Ազգային անվտանգության ծառայություն է հայտնել մեկը, ով ներկա չի եղել խոսակցությանը: Հայտնողը Էջմիածնեցի Հովհաննես Քերտեշյանն է, որին Կալայջյանի ասածները պատմել է թեյի սեղանին ներկա Ժիրայր Մկրտումյանը:

Ժիրայր Մկրտումյանն «Անկախ»-ին ասաց, որ այդ խոսակցության մասին լուրն անվտանգության աշխատողներին ինքը չի հայտնել` վախից դրդված. «Ընտանիքի տեր մարդ եմ, հիմա ինչ իմանայի` ինչ կլիներ, աշխատել եմ հնարավորինս հեռու մնալ էդ պա տմությունից»:

Այդ զրույցը եղել է մարտի կեսերին Կալաջյանի ընկերոջ` Մարտիկ Բաղդասարյանի տանը: Զրույցին մասնակից են եղել ընկերոջ որդին` Մասիս Բաղդասարյանը և նրա ընկեր Ժիրայր Մկրտումյանը:

Մեղադրական եզրակացությունում մեջբերված Կալաջյանի ցուցմունքում ասվում է, թե Մասիս Բաղդասարյանը, որ ընդդիմադիր հայացքներ ունի, զայրացած ասել է, որ կարող է խփել վարչապետին, իսկ ինքը կատակով պատասխանել է, թե ինչու՞ Սարգսյանին. «բարի ու հավատացյալ մարդ է», ավելի լավ է «խփել» Սերժ Սարգսյանին: Իսկ Մասիսի այն խոսքին, թե նախագահին «դժվար է հասնել, Կալաջյանը պատասխանել է. «Ինչու՞ է դժվար, կարող են Սուրբ զատիկի օրը գնալ Էջմիածնի մայր տաճար ու «խփել» Սերժ Սարգսյանին մի 20 հոգով»:

Մեղադրականով`Ավետիսը սպանություն իրագործելու համար Ժիրայրին առաջարկել է հայթայթել 2-3 «Կալաշնիկով» ինքնաձիգ` յուրաքանչյուրի դիմաց խոստանալով 500 դոլար. զենքի մասին խոսակցությունը եղել է նույն թեյի սեղանի շուրջ:

Ապրիլի 6-ին ԱԱԾ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով Ավետիս (Բաշշար) Կալայջյանի դեմ քրեական գործ է հարուցվում: Սիրիայում գտնվող նրա կինը` Ֆլորա Սարգսյանը, դեպքի մասին իմանում է օրեր անց և վերադառնում Հայաստան:

«Ամուսնուս վրա գործը սարքել են,-ասում է նա,-Ո՞նց կարող էր ցանկանալ նախագահին վերացնել, եթե ինքը Հանրապետական կուսակցության անդամ է ու այնքան շատ է սիրում այդ կուսակցությունը, որ նույնիսկ ինձ էլ անդամ դարձրեց»:

Ֆլորան պատմում է, որ 2008թ. մայիսին Ավետիսը գրավ է դրել Պաշտպանության նախարարության (ՊՆ) նախկին շենքի մոտի իրենց հողամասը, որ տպագրի «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» գիրքը:

Գրքի 150 օրինակ տվել է ՊՆ-ին` 50-ը` որպես նվիրատվություն, մնացածը` վաճառքի համար: Սակայն նախարարությունը մինչև հիմա չի վճարել գրքերի դիմաց տրվելիք 600.000 դրամը, որը եղել է իշխանության դեմ նրա զայրույթի նոր առիթը:

Քրեական գործի հիմքում դրված են Մասիսի ու Ժիրայրի ցուցմունքները: Կալայջյանի ձերբակալությունից հետո Մասիսն ընտանիքի հետ «անհետացել է» Ռուսաստանում: Մասիսի դեմ քրեական գործ չի հարուցվել:

Մասիսի հայրը` Մարտիկ Բաղդասարյանը, «Անկախ»-ին ասաց, որ դեպքի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ Ավանի հիվանդանոցում, ուր տղան նյարդերն էր բուժում, նրա մոտ եկան իրավապահները՝ ցուցմունք վերցնելու: 2004թ. ապրիլի 12-ի ընդդիմության աջակից Մասիսը գլխից վնասվել է, ձերբակալվել, ամիսներով բուժվել հոգեբուժարանում:

«Ինձ ոչ մի բան չի պատմել տղաս. որ հարցնում էի, ասում էր` վատ բաներ են խոսել տանը, ես էլ ասել եմ` սուս մնացեք»- ասաց Մարտիկը:

Ավետիս Կալայջյանին առաջադրվել է մեղադրանք` պետական և քաղաքական գործիչներին սպանության նախապատրաստություն` նրանց գործունեությունը դադարեցնելու նպատակով(Քրեական օրենսգրքի 35-305 հոդվածներ), որը նախատեսում է 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Ավետիսի պաշտպան Արթուր Գրիգորյանն Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 20-ի հերթական նիստի ժամանակ դատարանին գործը կարճելու միջնորդություն ներկայացրեց` հիմք համարելով հանցակազմի բացակայությունն ու հանցավոր մտադրությանն ուղղված որոշակի գործողությունների կատարման բացակայությունը: Դատարանը հաջորդ օրը վճիռ կայացրեց` հետաձգել միջնորդությունը,մինչև չավարտվի գործի քննությունը:

Հուլիսի 23-ից դատավարությունն անցնում է դռնփակ, քանի որ Կալայջյանը միջնորդել է, թե պետական գաղտնիք է հրապարակելու:

Դիտվել է 2279 անգամ:
Print Friendly

Leave a Reply