Պահի խնդիր

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 22, 2011 16:38

Արցախի վերածննդի օրը հայ ժողովրդի ժամանակակից պատմության նոր հունավորում ապահոված մեկնարկն է, մանավանդ երբ Արցախի ազատամարտով, ազատագրումով և անոր երաշխավորած անվտանգության երաշխիքով կպայմանավորենք Հայաստանի ներկա Հանրապետության կերտումն ու պահպանումը: Այս առանցքային հանգրվանը, իրավամբ, կարելի է նկատել մեր արդի Ավարայրը կամ ժամանակակից Սարդարապատը:

Վերածննդի օրը 23 տարի առաջ Ստեփանակերտի մեջ հավաքված համաժողովրդային հավաքն է, Հայաստանի հետ միացումի պահանջը, Ազրբեջանեն անջատվելու ժողովրդային կամքի դրսևորումը: Ա°յս է մեկնարկը, որուն արձագանքած է հայրենի ժողովուրդն ու ամբողջ Սփյուռքը` ձևավորելով ղարաբաղյան առանցքին վրայ համազգային եռամիասնությունը:

Արցախի վերածննդի օրվան նշումը առիթ է բնականաբար լույսին բերելու Արցախի հարցին առնչված այսօրվան խնդիրներուն ամենեն հիմնականները` զինվորականեն քաղաքական, ժողովրդագրականեն տնտեսական, կրթական-մշակութայինեն մինչև երիտասարդական հարցեր` նշելու համար ամենեն հիմնականները:

Արցախն այսօր իրականացուցած է պատմական, բարոյական, իրավական, քաղաքական բոլոր հանգրվանները` անկախ ճանչուցելու: Այստեղ խնդիրը, սակայն, զուտ քաղաքական ներշնչումներու կվերաբերի ուղղակիորեն: Քոսովո ընդդեմ Աբխազիա կամ Հարավային Օսեթիա ճանաչում-հակաճանաչում խաղը այդ հաստատումը կհիմնավորե պարզապես: Միջազգային իրավունքի գծած սահմաններուն մեջ կարելի է իրավաքաղաքական մեկնաբանություններ կատարել իրավական ճանաչումի համար բացակա իրողություններ ընդգծելով: Միևնույնը կարելի էր կատարել Քոսովոյի պարագային, եթե քաղաքական ներշնչումները այլ փաստարկներ ուզեին հարապարակել:

Այս չի նշանակեր անշուշտ, որ պետք է անտեսել իրավական բաժինը և չաշխատիլ այդ ուղղությամբ: Միջազգային հանրության հետ խոսակից մնալը, միջազգային օրենքին ընդառաջ շարժիլը, խաղաղ բանակցություններու սկզբունքը գերադասելը և ուժի միջոցը հակամարտության լուծման համար բացառելու մոտեցումները վստահաբար օգտակար են դեպի իրավական ճանաչում առաջնորդվելու համար: Քաղաքական տրամաբանությունը, սակայն, կհուշե ճանչցող կողմին շահագրգռվածության տարողությունները չափելու անհրաժեշտությունը:

Այլապես տարածքային ամբողջականություն հանգերգող միևնույն Ազրբեջանը կհոխորտա Երևանի պատկանելության տեր կանգնելու մտադրություններով, հրադադար խախտելով, ռազմատենչ հռետորաբանությամբ իր իսկ ստորագրած փաստաթղթերը անտեսելով և նման պահվածքներով միջազգային հանրության ոչ թե ընդառաջ, այլ հակառակ ուղղությամբ շարժելով: Մինչ նույն միջազգային ընտանիքի ճշտած միջնորդ պետությունները այս երևույթները չեն ընդգծեր, պատասխանատվություն չեն բեռցներ խաղի կանոնները խախտողի ուսերուն և կշարունակեն արծարծել տարածքային ամբողջականության և ազգերու ինքնորոշման իրավունքի սկզբունքներու համատեղելիության գաղափարը:

Արցախը ամբողջացուցած է իր միջազգային ճանաչումի թղթածրարը` սկսյալ Ստեփանակերտի ցույցերեն, անցնելով հանրաքվեեն, հանրապետության կերտումեն և միջազգային ընտանիքի ճշտած ժողովրդավարության օրինաչափության բոլոր հանգրվաններեն: Ճի°շտ է. Ստեփանակերտը 23 տարի առաջ պահանջեց միացում: Ճի°շտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն այդ ուղղությամբ ամրագրեց համապատասխան հոդված: Ճանաչումը դեպի այդ նպատակը առաջնորդող անհրաժեշտ հանգրվան է: Այդ հանգրվանի միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է: Ավելի ճիշտը` առնչված կամ միջնորդող պետություներու շահերու բախման պահի թելադրած նոր կոմնորոշումներու խնդիր:

Շահան Գանտահարյան

ՙԱզդակի՚ գլխավոր խմբագիր

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply