ՁԻԱՀ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը.

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2011 16:18

Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Տաջիկստանի մասնագետները, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը, որը նվիրված էր «ԱՊՀ պետություններում ՁԻԱՀ-ի համաճարակի մշտադիտարկման գնահատում. Երկրորդ սերնդի մշտադիտարկման գործառնական համակարգ. Նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմային և տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Հանդիպման կազմակերպիչը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագիրն է (ՄԱՁԻԱՀ):

Մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մշտադիտարկման արժանահավատ համակարգի ստեղծման գործում առկա խոչընդոտներն ու բացերը և համաճարակին առավել արդյունավետ արձագանքելու/հակազդելու հարցերը:
«Տարածաշրջանի պետությունները պետք է անհապաղ զարկ տան հակազդմանը, լրացնեն ֆինանսավորման բացերն ու ուղղեն միջոցներն առավել արդյունավետ ուղղություններով», նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեվան:
2010 թ.-ի ՄԱՁԱՀ-ի գլոբալ հաշվետվության մեջ նշվում է, որ ՁԻԱՀ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը. նվազել է նոր վարակվածների թիվը, և կրճատվում է ՁԻԱՀ-ից մահացության դեպքերի քանակը: Այսպիսով, ՄԻԱՎ վարակակիրների թիվն աշխարհի բոլոր մասերում կայունանում է:
Միևնույն ժամանակ, նույն զեկույցը նշում է, որ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան միակ տարածաշրջաններն են, որտեղ ՄԻԱՎ վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ: Այս թիվը գրեթե եռապատկվել է 2000 թ.-ից ի վեր և 2009 թ.-ին հասել է հաշվարկային 1.4 միլիոնի: Տարածաշրջանի երկու երկրներում` Ռուսաստանում և Ուկրաինայում, ՄԻԱՎ-ի տարածվածությունը կազմում է 1% կամ ավելի` հանդիսանալով ՄԻԱՎ նոր վարակակիրների 90%: Աշխարհի յոթը երկրներում 2001-2009 թթ.-ին ՄԻԱՎ վարակի աճը կազմել է ավելի քան 25%: Այս երկրներից հինգը գտնվում են այս տարածաշրջանում: Դրանք են Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
2011 թվականը կարևոր տարի է ՁԻԱՀ-ի համաճարակին հակազդելու առումով. 30 տարի առաջ առաջին անգամ ախտորոշվել է ՁԻԱՀ-ը, 10 տարի առաջ` 2001 թ.-ին, տեղի ունեցավ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի նիստը (UNGASS), ընդունվեց Պարտավորությունների հռչակագիրը, 2006-ին տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի բուժման, կանխարգելման, խնամքի և աջակցության վերաբերյալ միջազգային պարտավորություններն ազդարարող վեհաժողովը:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply