2012թ-ին ԼՂՀ Մարտունու շրջանը կունենա նոր հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 22, 2011 11:18
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում կառուցվող նոր հիվանդանոցը շահագործման կհանձնվի 2012թ-ի մայիսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, հիվանդանոցի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2010 թ-ի նոյեմբերին: Հիվանդանոցը կհամապատասխանեցվի բոլոր պահանջվող չափանիշներին: Նոր շենքը լինելու է երկհարկանի, նկուղը բաղկացած է լինելու պահեստներից:
Առաջին հարկում տեղակայված են լինելու վարչական մասը, շտապ օգնության, ախտորոշիչ բաժանմունքները, երկրորդ հարկում թերապեւտիկ, գինեկոլոգիայի բաժանմունքները եւ վիրահատարանը: Նոր շենքն ունենալու է էլեկտրաենթակայան, կաթսայատուն եւ ջեռուցման համակարգ: Հիվանդանոցի տարածքը բարեկարգվելու է, ինչպես նաեւ ասֆալտապատվելու է դեպի հիվանդանոց տանող ճանապարհը: Մարտունի քաղաքի հիվանդանոցը կառուցվել էր 1965 թ-ին: Հիվանդանոցի շենքը երկհարկանի կառույց է, որը երբեւէ չի վերանորոգվել:
Այն ունի ակնաբուժական, թերապեւտիկ, գինեկոլոգիական, շտապ օգնության բաժանմունքներ ինչպես նաեւ ծնարան, վիրահատարան, լաբորատորիա, պոլիկլինիկա: Հիվանդանոցի շենքը չի ունեցել նկուղ: Վերանորոգման աշխատանքները ժամանակին չիրականացնելը հանգեցրել է շենքի քայքայմանը: Հիվանդանոցը տարեկան սպասարկում է 1 200 ստացիոնար եւ 18 000 ամբուլատոր հիվանդների: Հաստատությունն ունի 107 բժիշկ եւ քույր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 660 մլն դրամ, իսկ ֆինանսավորումը համատեղ իրականացնում են ԼՂՀ կառավարությունը եւ ԱՄՆ արեւելյան ափի հանձնախումբը:






Facebook
Tweet This
Email This Post
