Կոալիցիոն ուժերն ամենից շատն են օգտագործել վճարովի եթերաժամանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2009 18:15

boris-navasardyan1Նախընտրական շրջանում Հ1-ով հասանելի եթերաժամանակը և մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերը առավելագույնս օգտագործել են ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունները• այս մասին տեղեկացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ամփոփելով նախընտրական քարոզարշավի հեռուստատեսային լուսաբանման մոնիթորինգի արդյունքները:

Նավասարդյանի խոսքերով` այս նախընտրական քարոզարշավի ժամանակ կողմերը չեն փորձել սևացնել հակառակորդին, այլ միայն ձգտել են ցույց տալ, որ իրենք լավագույնն են• «Այս քարոզարշավը ցույց տվեց, որ մեր հեռուստաընկերությունները ցանկության դեպքում կարող են չեզոք լինել»: Ըստ նրա` նախընտրական քարոզարշավն առավելագույնս չեզոք է լուսաբանել «Հ1»-ը, երկրորդ տեղում է «Հ2» հեռուստաընկերությունը:

Նավասարդյանն ասում է, որ կուսակցությունները պետք է 4 խմբի բաժանել` ըստ լուսաբանման ծավալի և որակի: Առաջին խմբում ընդգրկված է Ժողովրդական կուսակցությունը, որը եթերում է եղել 31 ժամ` հիմնականում ԱԼՄ-ի միջոցով: ԺԿ-ի հասցեին հնչել է 22 դրական և 216 չեզոք հիշատակում:

Երկրորդ խմբում են ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵկ և ՀՅԴ կուսակցությունները, որոնք գրեթե հավասարաչափ են լուսաբանվել տարբեր հեռուսաալիքներով: ՀՀկ-ն ունեցել է 16 ժամ եթեր և 39 դրական, 9 բացասական, 540 չեզոք հիշատակում, ԲՀԿ-ն` 22,5 ժամ, 19 դրական, 1 բացասական և 543 չեզոք հիշատակում, ՀՅԴ-ն` 18,5 ժամ և 3 դրական, 620 չեզոք հիշատակում, իսկ ՕԵԿ-ը` 15 ժամ և 12 դրական, 6 բացասական և 313 չեզոք հիշատակում:

Երրորդ խմբում է Հայ ազգային կոնգրեսը, որը, չունենալով համակիր հեռուստաընկերություններ, եթերում է եղել 9,5 ժամ և ունեցել է 4 բացասական և 327 չեզոք հիշատակում:

Եվ 4-րդ խմբում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որը չի օգտվել վճարովի եթերաժամանակից, ունեցել է 2,6 ժամ եթեր և 96 չեզոք հիշատակում:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply