Քաղաքացիական դիրքորոշումը պահանջում է ամենօրյա պայքար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2011 9:37

«Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ և հաջողություններ» թեմայով փետրվարի 21-ին կայացած Սիվիլիթաս հիմնադրամի քննարկմանը մասնակցած բանախոսները կարևորեցին ժամանակակից տեխնոլոգիաների դերը, սակայն դա համարեցին լոկ գործիք նպատակների իրականացման ճանապարհին:

Քաղաքագետ Միքայել Զոլյանը կարծում է, որ նաև և առաջ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է հասարակական տարբեր շարժումների ակտիվացման համար ստեղծում հնարավորություն: Ընդդիմության և իշխանության պայքարում, երբ կողմերը պատրաստ են գնալ մինչև վերջ, անտեսվում է հասարակության շահը և հասարակությունը փորձում է օգտվել այդ իրավիճակից: Վերջին տարիների հասարակական տարբեր նախաձեռնությունների ակտիվացմանն ու ընդլայնմանը նպաստեցին ինտերնետն ու սոցիալական ցանցերը, ասում է Զոլյանը, ով ուշադրությամբ հետևում է այդ շարժումների ընթացքին:
Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնող Մարիամ Սուխուդյանը, ով իր բնապահպանական և քաղաքացիական այլ գործունեության ընթացքում հասցրել է շփվել Հայաստանի իրավապահների հետ, կարծում է, որ ոչ թե պետք է վախենալ, այլ փորձել գտնել հասարակության տարբեր խմբերի աջակցությունը: «Դա էր մեր հաջողության հիմնական պատճառը: Հասարակությանը հուզող խնդիրը անհրաժեշտ է ոչ թե փակել, այլ հասարակայանացնել»,- ասում է նա, խոստովանելով, որ իր գործունեության սկզբնական շրջանում ինքը ևս երկյուղներ է ունեցել, սակայն այն հաղթահարել է առաջին հերթին հենց հասարակության աջակցության շնորհիվ: «Քաղաքացիական նախաձեռնության հզորության հաջողությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից»,- վստահեցնում է նա:

«Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում փոփոխությունների դեմ նախաձեռնության անդամ Սերգեյ Սարգսյանը նկատում է, որ հասարակության մեջ այն կարծիքն է գերիշխում, որ «ձուկը գլխից է հոտում» և մինչև գլուխը չփոխվի, ոչինչ չի փոխվի: Բայց փոփոխությունը կարող է լինել ներսից, երբ փորձում ես փոխել մարմինը, ասում է նա:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ իրենք պայքարի էին դուրս եկել հստակ ռազմավարությամբ. կանենք ամեն բան, որպեսզի օրենքը չմտնի Ազգային ժողով: «Եթե դա չհաջողվի, ապա կանենք ամեն բան, որպեսզի խորհրդարանում չքվեարկվի: Եթե դա էլ անցնի, ապա կանենք ամեն բան, որպեսզի օտարալեզու դպրոցները չբացվեն»,- բնութագրում է Հովհաննիսյանը իր և խնդրով մտահոգ հազարավոր մարդկանց հաջողությունը:

Օրենքը ճիշտ է, վերջիվերջո ընդունվեց, սակայն հենց շարժման շնորհիվ էր, որ այն ընդունվեց փոփոխություններով: Եվ որ ամենակարևորն է, ըստ Զոլյանի, հասարակության շրջանում ծավալվեց բանավեճ: «Այդ դպրոցները այնպես չեն աշխատելու, ինչպես կաշխատեին, եթե չլիներ շարժումը»,- հավելում է նա:

Քաղաքացիական հասարակության առավել ակտիվացման ու ընդլայնման համար, Սուխուդյանի կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է մարդկային ռեսուրս: Անհրաժեշտ է մարդկանց գիտակցությանը հասցնել այն, որ բնության պաշտպանության համար պայքարը հոբբի չէ և բնության պաշտպանությունը հասարակության առողջ ապրելակերպի հիմքն է, և դա վերաբերում է ամեն մի քաղաքացու առողջությանը:

Զոլյանը հավելում է՝ քաղաքացիական դիրքորոշումը պահանջում է ամենօրյա պայքար և հենց ամենօրյա պայքարն է ժողովրդավարական աշխարհի հաջողության գաղտնիքը: Պետք է գիտակցել, որ թագավորը չի գալու և չի փոխելու քո կյանքը և առաջին հերթին հենց քաղաքացին պիտի դրա համար պայքարի, պնդում է նա:

Վերջին շրջանում հասարակության տարբեր խմբերին մտահոգող երևույթները ծնեցին քաղաքացիական տարբեր շարժումներ: Ինչպե՞ս միավորել դրանք, որպեսզի հասարակության հավաքական ձայնը ավելի լսելի դառնա:

Սերգեյ Սարգսյանը կարծում է, որ «սնդիկի այդ կաթիլները» ինքնաբուխ կերպով կմիանան: «Հայաստանը դարձնել ապրելու համար ավելի լավ վայր. սա կարող է լինել այդ շարժումներին միավորողը»,- ասում է նա:

Մարիամ Սուխուդյանը իրարից անկախ ստեղծված և տարբեր մտահոգությունների շուրջ ձևավորված նախաձեռնությունները համարում է առողջ օրգանիզմի տարբեր մասերը, իսկ նրանց համագործակցության պարարտ հող է տեսնում առողջ բանավեճի համար համապատասխան միջավայրի ձևավորումը:

Քննարկման երկրորդ հատվածում Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը բանավեճի մեջ ներքաշեց լսարանին: Բարձր տեխնոլոգիաների հարցով Հայաստանում հայտնի մասնագետ Գարեգին Չուքասզյանը համաձայն է, որ քաղաքացիական հասարակության համախմբման համար սոցիալական ցանցերը, ի տարբերություն ժողովրդավարական հանրության ու պետությունների, գործիք են համախմբման համար: «Այն երկրները, որոնք այդ նպատակով են օգտագործում սոցիալական ցանցերը, դրանք պոտենցիալ հեղափոխության շարքում կանգնած երկրներ են»,- ասաց նա՝ վկայակոչելով միջազգային հետազոտության արդյունքները:

«Այսօր Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվում են մոտ 130 հազար քաղաքացիներ, որոնք հիմնականում ինտերնետ օգտագործող, կրթություն ստացած երիտասարդներ են: Հենց այդ մարդիկ են այսօրվա Հայաստանի ապագան»,- եզրափակեց Չուքասզյանը:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply