Ռոք, սուրճ և կատուներ. ցուցահանդես վաճառք

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 20, 2011 15:00

“Էսպաս” երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնը նեկայացնում է Լիլիթ CHUCHY Շահմուրադյանի բարեգործական անհատական ցուցահանդես-վաճառքը:

Լիլիթ CHUCHY Շահմուրադյանը ծնվել է 1986 թ.: 2002-2003 թթ. սովորել է  Հենրիկ Իգիթյանի գեղագիտական դաստիարակության կենտրոնում, 2009 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարչության բաժինը, այժմ սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնում:

Ի՞նչ է նշանակում CHUCHY: Հատկապես Facebook-ի “բնակիչներին” այն կարող է ծանոթ թվալ, քանի որ դա ոչ միայն Լիլիթի կեղծանունն է, այլև արվեստագետի խմբի անունը Facebook սոցիալական ցանցում: CHUCHY-ն chucha բառի ձևափոխված տարբերակն է, որը Լիլիթը, իր բառերով ասած, պեղել է բրազիլական սերիալներից: Այն  թարգմանաբար նշանակում է կատու, փիսիկ, իսկ Լիլիթի համար դարձել է մի տեսակ կատարելության, ամբողջականության ձգտող մարդու կերպար:

Ցուցահանդեսին CHUCHY-ն ներկայացրել էր գեղաղնկարչական աշխատանքների երեք շարք` “Երջանիկ աղջիկը”, “Սև կատու”, “Տեսնես Ինչու”,  գրաֆիկական “Ռոք” շարքը և  հախճապակե սկահակներ ու զարդեր:

Դժվար չէ կռահել, որն է “Երջանիկ աղջիկը” շարքի թեման: Այս շարքի աշխատանքներում հեղինակը ներկայացնում երջանկության ձգտող աղջկա կերպար: Աշխույժ, էքսպրեսիվ, վառ տաք գույներով այդ աղջիկը ազատ է, ուրախ, մի քիչ խենթ` այդ բառի դրական իմաստով:

“Սև կատու” շարքը հետաքրքիր պատմություն ունի: Արվեստագետը գաղափարը հղացել է դիպլոմային աշխատանքի ժամանակ: Լիլիթն անտարբեր չէ կատուներինկատմամբ, և ինչպես ինքն ասաց, շատ նմանություններ է գտնում կանանց, աղջիկների և կատուների միջև. նույբ գրացիա, ճկունություն և մշտապես աչքերում թաքնված գաղտնիք:

“Տեսնես Ինչու՞” հարց, որ շատ հաճախ եք լսում, և հենց դրա մասին է Լիլիթը պատմում ցուցահանդեսում ներկայացված երկու միանգամայն տարբեր աշխատանքներում: Հեղինակը պատմում է, որ այս շարքը նկարել է “Գեյշայի օրագրերը” կինոնկարը դիտելուց հետո: Ներկայացրած աշխատանքներից առաջինում պատկերված է գեյշայի, ինտելեկտուալ աղջկա կերպար, որին ինքը` Լիլիթը, այնքան էլ գեյշայի չի նմանեցնում, սակայն չինական կոլորիտը և որոշ ատրիբուտներ հուշում են մեզ նրա ով լինելը: “Այս դիմանկարը վերջացնելուց հետո զգացի, որ շատ նման է ստացվել մայրիկիս, երևի նա էլ է շատ հաճախ հարցնում` տեսնես ինչու”- պատմում է Լիլիթը:

“Ռոք” գրաֆիկական շարքը հեղինակը նկարել է “Dorians” ռոք խմբի երաժշտության ազդեցությամբ, և ցուցադրված բոլոր նկարներում պատկերված է խմբի մենակատար Գոռը: Ցուցահանդեսի ժամանակ հեղինակն ասաց. “Վերջերս սկսել եմ ռոք լսել, բայց դա ամենևին էլ այն երաժշտությունը չէ, որ աղմուկ է հանում: Հատկապես շատ սիրված և կարևոր է ինձ համար “Dorians” խմբի ստեղծած երաժշտությունը, որը ոգեշնչում է և լավին մղում”: Այս շարքը Լիլիթ Շահմուրադյանը ավարտված չի համարում, ուստի դեռ կարող ենք սպասել ռոքի թեմայով նոր աշխատանքներ:

Ուշադրությունից չէին վրիպում նաև շատ յուրօրինակ ոճով արված կավանոթները: Ոչ պակաս կարևոր է նաև արվեստագետի համար, ինչպես ինքն է ասում, օրագրերը, որոնք նույնպես հանձնված էին դիտողների ուշադրությանը: “Կարծում եմ, որ ամեն բան փոխվում է մի վայրկյանում, օրում, ամսում…Չեմ համաձայնի կյանքի դանդաղ բժշկման հետ: Ես ուզում եմ, որ կյանքը փոխվի անմիջապես և տարբեր գույներով, ոչ միայն սև ու սպիտակ: Դժվար է գիտակցել, որ ես խորտակում եմ իմ նավը դանդաղ, այլ ոչ անմիջապես, պարզապես տենչում եմ ունենալ երկար ձեռքեր, որ ձգվեմ մինչև երկինք և պոկեմ բոլոր աստղերը, իսկ հետո բաժանեմ միայն նրանց, ովքեր արժանի են, բայց ես չեմ կարող սրտեր կարդալ, ափսոս…” (հատված “Ցեխ” գործից):

Դրանց Լիլիթը  որևէ ուսուցողական, խրատական գործառույթ չի վերագրում, պարզապես ներկայացնում է իր մտորումները` շատ հաճախ հոռետեսական, բայց լավատեսության փոքրիկ հույսով:

Լիլիթն ասում է, որ շատ է սիրում արվեստը և դրա միջոցով է իրականացնում գրեթե բոլոր մտորումներն ու նպատակները: Սիրում է շփվել արվեստագետների հետ, կարծիքներ փոխանակել, ինչն անհրաժեշտ է ստեղծագործողների համար: Չի պատրաստվում կանգ առնել և համարում է, որ դեռ շատ բան ունի սովորելու և անելու:

Ցուցահանդեսը տևել է 10 օր, բոլոր աշխատանքները վաճառվում են, իսկ հասույթի մի մասը Լիլիթը ցանկանում է ուղարկել մանկատներ: Արվեստագետը սա համարում է ինչ-որ մեկին օգնելու լավ հնարավորություն, քանի որ ցանկություն միշտ եղել է, սակայն հնարավորություն չի եղել:

Սոնա Հովհաննիսյան

Դիտվել է 2290 անգամ:
Print Friendly

Leave a Reply