ՆՓԱԿ-ի պահոցի ցուցադրությունը Դավիթ Կարեյանի հիշատակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 21, 2011 12:36

Եղիազար Մովսիսյան. «Տրանսֆորմացիա»

Հայաստանի Ժամանակակից արվեստների թանգարանը, որ առաջինն է ստեղծվել նախկին միության հանրապետություններում, աստիճանաբար վերածվում է մեռած կառույցի: ՆՓԱԿ-ի պահոցից  օրերս կազմակերպված ցուցահանդեսը շատ արվեստագետներ ընկալում են որպես այն բանի ցուցանիշ, որ այսօր Հայաստանն զգում է ժամանակակից արվեստների թանգարանի կարիք, թեպետև այն, դե ֆակտո, գոյություն ունի:

«Մեծ իմաստով, այդ  թանգարանում մի ամբողջ էպոխա ցուցադրված չէ  ոչ միայն ժամանակաշրջանի առումով, այլև ուղղությունների,-ասում է արվեստաբան Նազարեթ Կարոյանը,- բազմաթիվ մեդիաներ դուրս են մնացել և չեն ցուցադրվում այնտեղ, և դրա պակասն է, որ արտահայտվում է ՆՓԱԿի ձգտումով՝ լրացնել բացը»:

ՆՓԱԿ-ը սակայն ժամանակակից արվեստի կենտրոն է, որը չի ենթադրում  ցուցահանդեսային գործունեություն: Հավաքածու ունենալը թանգարանի գործառույթ է: Կարոյանն ասում է, որ ՆՓԱԿ-ի արածը  թանգարանային է, և դա միաժամանակ ցույց է տալիս այն տեսլականը, թե կենտրոնի պատասխանատուները ինչպես են տեսնում կենտրոնի զարգացման հեռանկարները:

ՆՓԱԿ-ում ցուցահանդեսներ կազմակերպելու ավանդությունը միշտ եղել է: Նախատեսվում է, որ ամեն ամիս՝ մեկ-երկու շաբաթ տևողությամբ ցուցադրություններ կլինեն:

Սրահները տրամադրվում  են անվճար:  Դա արվում է  երիտասարդների համար, որպեսզի նրանք ցուցադրվելու հնարավորություն ունենան:

Բացի պահոցի ցուցադրությունից, միաժամանակ առաջին անգամ անհատական ցուցահանդեսներով ներկայացվում էին երեք հեղինակներ:

Եղիազար Մովսիսյանը  ներկայացրել էր 24 աշխատանք երեք տարբեր ժանրերում ՝ ֆոտո, վիդեո և գեղանկար: Նրա  թեման կոչվում է «Փոխակերպում»:

Նրան հետաքրքրում է իրականության փոխակերպման խնդիրները պատկերավորման միջոցով: «Հասարակությունը, որ ձևավորվել էր փակ Սիստեմի արժեքների վրա, բախվում է մի իրականության, որտեղ գաղափարը սպառում է իրեն,- ասում է նա,- ինձ հետաքրքրում է սիստեմի մնացուկների փոխակերպումը հուշարձանների, և խոսքը չի վերաբերվում միայն  սովետական սիստեմին, դա կա ցանկացած սիստեմում և ցանկացած  հասարակարգում»:

Մյուս ցուցահանդեսում ամուսիններ Դավիթ Դավթյանն ու Սյուզաննա Թարվերդյանը ներկայացրել էին 37 գեղանկար: Դավիթը աղբամանների շարքով անդրադարձել էր սոցիալական թեմային, իսկ Սյուզաննային հետաքրքրում է միայնակ վիճակները: «Ես կենցաղային թեմաներով ձգտում եմ բացել մարդկային ներքնաշխարհը, դա կարող է լինելու մարդը հայելու առաջ կամ խոհանցում»,- ասում է նա:

Շուտով սրահներից մեկը  տրամադրվելու է   մի գործի ցուցադրությանը և բաց է լինելու դիտման համար, որտեղ կլինի ողջ աշխատանքային պրոցեսի ցուցադրությունը, և ցանկացած մարդ կարող է տեսնել այդ գործի ստեղծվելու սկիզբն ու վերջը:

Պահոցի ցուցահանդեսը նվիրված էր կյանքից անժամանակ հեռացած արվեստագետ Դավիթ Կարեյանի հիշատակին: Նա երկար տարիներ եղել է ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժնի ղեկավարը և զգալի ավանդ է ունեցել պահոցի համալրման գործում:

Դիտվել է 1973 անգամ:
Print Friendly

Leave a Reply