Կուրիսի գյուղապետը վերընտրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 21, 2011 12:03
Սյունիքի մարզի Կուրիս եւ Քարաշեն գյուղական համայնքներում փետրվարի 20-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. Կուրիսում (Մեղրիի տարածաշրջան)` համայնքի ղեկավարի, իսկ Քարաշենում (Գորիսի տարածաշրջան)` համայնքի ավագանու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, նախնական տվյալներով` Կուրիսում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, առաջադրված միակ թեկնածու Սուրիկ Գրիգորյանը: Ընտրելու իրավունք ունեցող 60 կուրիսեցիներից քվեարկությանը մասնակցել է 36-ը, որոնք բոլորն էլ իրենց ձայնը տվել են թեկնածուի օգտին:
Քարաշեն համայնքի ավագանու 5 անդամի համար առաջադրված 7 թեկնածուներից ընտրվել են 4-ը, 2-ը հավաքել են 27-ական ձայն: Թե ով կլինի ավագանու 5-րդ անդամը, այսօր կորոշի թիվ 37 ԸԸՀ-ը` վիճակահանությամբ: Անկախ վիճակահանության արդյունքներից, Քարաշենում կձեւավորվի ՀՀԿ-ական, միայն արական սեռից բաղկացած համայնքի ավագանի:
Հաջորդ ՏԻՄ հերթական ընտրություններ Սյունիքում կանցկացվեն մարտի 20-ին` մարզի 6 համայնքում: Այդ օրը համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակվել Շուռնուխում, միայն համայնքի ղեկավարի ընտրություններ` Կաղնուտ, Լոր եւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղերում, իսկ մարզի Նոր Աստղաբերդ եւ Սիսիանի տարածաշրջանի Որոտան համայնքներում այդ օրը նախատեսված են միայն համայնքի ավագանու ընտրություններ:






Facebook
Tweet This
Email This Post
