Նորամուծություններ` երթեւեկության անվտանգության ոլորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2011 11:08

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) «Հանրային առողջություն» աշխատանքային խմբի նախաձեռնությամբ ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում նախատեսվում են մի շարք նորամուծություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՃԵԱԱԽ քարտուղարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նաիրա Կարապետյանը, որպես պարտադիր պայման` նախատեսվում է կազմակերպել ճանապարհային ոստիկանների վերապատրաստման դասընթացներ, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժածների համար առաջին բուժօգնությունը հնարավորինս արագ եւ գրագետ կազմակերպելու ճանապարհներ մշակել,որոշ անհրաժեշտ իրեր ավելացնել վարորդների դեղատուփերում, ինչպես նաեւ տարբեր տիպի տեղեկատվական թերթիկների օգնությամբ բարձրացնել իրազեկությունը:

«Այդ թերթիկները կրում են ինֆորմացիոն բնույթ եւ բաժանվելու են ճանապարհային երթեւեկության բոլոր մասնակիցներին` վարորդ, ոստիկան, ուղեւոր եւ հետիոտն»,-ասաց Ն. Կարապետյանը` հավելելով, որ ոստիկանների վերապատրաստումը կիրականացվի ՃԵԱԱԽ-ի եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության համատեղ ուժերով: Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գծով մասնագետի հավաստմամբ` այս բոլոր նորամուծություններն առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում կքննարկվեն համապատասխան մասնագետների կողմից, որից հետո կյանքի կկոչվեն:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply