Իրանի իշխանությունները ազատ են արձակել նախկին նախագահի դստերը, որին ձերբակալել էին հանրահավաքի ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 0:17

Իրանի իշխանությունները ազատ են արձակել մի քանի ժամ առաջ ձերբակալված Ֆաիզե Հաշեմի-Ռաֆսանջանիին` նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի-Ռաֆսանջանիի դստերը, որը մասնակցել է Թեհրանում հակակառավարական ցույցերին: Այս մասին կիրակի հաղորդեց “Ռոյտեր” գործակալությունը:

2009-ին Իրանի իշխանություններն արդեն մի անգամ ձերբակալել են Ֆաիզեին` որպես նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ցույցերի մասնակցի: Այն ժամանակ նախկին նախագահի դստերը և նրա մի քանի ազգականներին տեղափոխել էին մոտակա ռազմաբազան և պահել այնտեղ մինչև անկարգությունների հանդարտվելը:

2010 թ. Իրանի դատական իշխանության ղեկավար այաթոլլա Սադեկ Լարիջանին որոշում ընդունեց երկրի սահմաններից դուրս գտնվող Մեհդի Հաշեմի-Ռաֆսանջանիի` Ալի Ակբար Հաշեմի-Ռաֆսանջանիի որդու ձերբակալման թույլտվություն տալ:

2010 թ. Իրանի իշխանությունները ձերբակալեցին Հասան Լահութիին` նախկին նախագահի թոռանը:  Լահութին ձերբակալվեց Լոնդոնից երկիր ժամանելուց հետո և մեղադրվեց Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու, ինչպես նաև Իրանում նախագահական ընտրություններից հետո բռնկված անկարգություններին մասնակից լինելու մեջ: Հետաքննությունից հետո Լահութին զղջաց իր արարքների համար և ազատ արձակվեց գրավի դիմաց:

Հաշեմի-Ռաֆսանջանին Իրանի նախագահն է եղել 1989-1997 թթ.: 2005 թ. նա կրկին առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, սակայն պարտվեց իր հակառակորդին` Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply