Բողոքի ցույցերի ալիքը հասավ Մարոկկո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2011 17:33

Լայնամասշտաբ բողոքի ցույց է տեղի ունենում Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում: Առնվազն 2 հազար մարդ է հավաքվել կիրակի օրը բողոքի ցույցի` պահանջելով թագավորի լիազորությունների սահմանափակում և պայքար կոռուպցիայի դեմ: Այս մասին հաղորդում է “Ռոյտեր” գործակալույթունը:

Նույն օրը` ավելի վաղ, արաբական ԶԼՄ-ները հաղորդել են, որ մի քանի հարյուր մարդ հավաքվել է Մարոկկոյի ամենամեծ քաղաքի` Կասաբլանկայի կենտրոնում, որպեսզի մասնակցի ծրագրված բողոքի ցույցին` քաղաքական բարեփոխումների և թագավորի լիազորությունների սահմանափակման պահանջով:

Ռաբատում հավաքվածները վանկարկում են կարգախոսներ միապետության վերացման մասին և հայտարարում են, որ չեն ընդունում “սահմանադրություն ստրուկների համար”: Որոշ ցուցարարներ ծածանում են եգիպտական և թունիսյան դրոշներ` ի նշան այդ երկրներում վերջին ժամանակներս տեղի ունեցած  իրադարձությունների պաշտպանության: Ոստիկաններն առայժմ չեն միջամտում:

Ցույցի կազմակերպիչն այսպես կոչված “Փետրվարի 20-ի շարժումն” է.  որի Facebook-ի էջում գրանցված է մոտ 19 հազար հետևորդ:

Մարոկկոյի ցույցերը տեղի են ունենում տարածաշրջանի մի շարք երկրների հուզումների համատեքստում: Վերջին ժամանակներս Եմենում, Լիբիայում, Ալժիրում, Հորդանանում, Բահրեյնում և Իրաքում նույնպես հակակառավարական ցույցեր են ընթանում:

Տարածաշրջանի անկարգությունների մեկնակետը դարձավ Թունիսի հունվարի 14-ի “ժասմինի հեղափոխությունը”, որի նախագահը փախավ Սաուդյան Արաբիա և զրկվեց իր պաշտոնից: Հաջորդը Եգիպտոսին 30 տարի իշխած Հոսնի Մուբարաքն էր, որը նախագահի աթոռը լքեց փետրվարի 11-ին:

РИА Новости

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply