Մերոնք մնացին առանց ուղեգրի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 19, 2011 13:38

«Աերոֆլոտի օփեն» շախմատի միջազգային փառատոնի ավարտից հետո Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց կայծակնային շախմատի ընտրական մրցաշար, որի 6 լավագույներն իրավունք էին ստանալու մասնակցելու այդ մրցաձևի աշխարհի առաջնությանը: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 35 հազար եվրո էր: Կայծակնային մրցաշարի 194 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 9 պատվիրակները: Ցավոք, նրանք ոչնչով աչքի չընկան  և ուղեգիր չնվաճեցին: Լավագույն արդյունքը ցույց տվեց միջազգային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որը 18 հնարավորից վաստակած 11,5 միավորով գրավեց 24-րդ տեղը: Սերգեյ Մովսիսյանը 10 միավորով 59-րդ տեղում է, Սուրեն Պողոսյանըՙ 8,5 միավորով 108-րդ հորիզոնականում: Իր հնարավորություններից ցածր հանդես եկավ նաև «Աերոֆլոտի օփենի»  C մրցաշարի հաղթող Դավիթ Շահինյանըՙ 8,5 միավորով հանգրվանելով 117-րդ տեղում: Իսկ B մրցաշարի հաղթող Տիգրան Քոթանջյանն էլ 7,5 միավորով գրավեց 146-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Դավիթ Պետրոսյանը 136-րդն էր: 7 միավոր վաստակած Ավետիք Գրիգորյանը հանգրվանեց 152-րդ հորիզոնականում: Հովիկ Հայրապետյանը (6 միավոր) գրավեց 168-րդ, Վահե Բաղդասարյանը (5)ՙ 182-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, որը վաստակեց 14,5 միավոր: Նրան կես միավոր զիջեց Ռուսլան Պոնոմարյովը, որին հաջորդեցին 13,5-ական միավոր ունեցող Դմիտրի Անդրեյկինն ու Եվգենի Տոմաշևսկին: 13-ական միավորով 5-6-րդ տեղերը բաժանեցին Վեսլի Սոն և Նիկիտա Վիտյուգովը: Այս 6 շախմատիստներն էլ նվաճեցին կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ուղեգրերը:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply