Բահրեյնի թագավորն իր ժառանգին ուղարկել է ընդդիմության հետ բանակցությունների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2011 10:59

Agence France-Presse-ը հաղորդում է, որ Բահրեյնի թագավորն իր որդուն հանձնարարել է բանակցություններ վարել “երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ` առանց բացառության”:

Բահրեյնի թագավոր շեյխ Համադ բեն Իսա ալ-Խալիֆի համապատասխան հրամանը հրապարակվել է ուրբաթ երեկոյան պետական հեռուստատեսության եթերում: Թագաժառանգ շեյխ Սալման բին Զամադ ալ-Խալիֆը, ասվում է հրամանի մեջ, “կստանա բոլոր անհրաժեշտ լիազորությունները Բահրեյնի ժողովրդի բոլոր սպասումներն ու ձգտումները կենսագործելու համար”: Ընդ որում, ինչպես նշում է AFP-ն, թագավորական հրամանում  որևէ հիշատակություն չկա երկրում ընթացող բողոքի ցույցերի մասին:

Բահրեյնի թագաժառագն իր հերթին հայտարարել է, որ բանակցությունները պետք է անցկացվեն “լիակատար խաղաղության” պայմաններում, խոստանալով ընդսմին, որ “ոչ մի հարց չի մնա առանց ուշադրության”: “Այն, ինչ հիմա տեղի է ունենում Բահրեյնում, անընդունելի է”,- ասել է թագաժառանգը:

Լույս  շաբաթ գիշերը, ինչպես հաղորդում է Reuters-ը, հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Բահրեյնի թագավորի միջև: Սպիտակ տան մամլո ծառայությունը հաղորդում է, որ Օբաման մտահոգություն է հայտնել Բահրեյնի իրավիճակի կապակցությամբ, կոչ արել թագավորության իշխանություններին ձեռնպահ մնալ բռնություններից, ինչպես նաև հիշեցրել է մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Բահրեյնի տարածքում, հիշեցնում է գործակալությունը, տեղակայված է տարածաշրջանում ամենախոշոր ամերիկյան ռազմաբազան:

Բահրեյնի բնակչության մեծ մասը շիաներ են, սակայն իշխանության ղեկին է սունիների փոքրամասնությունը, ներառյալ թագավորական ընտանիքը: Շիաները, մասնակցելով բողոքի ցույցերին, պահանջում են երկրի քաղաքական համակարգի բարեփոխում, ներառյալ նոր սահմանադրության ընդունումը, ինչպես նաև երկրի ղեկավարի ընտրովի պաշտոն: Ներկայումս Բահրեյնում կառավարության ղեկավարին, ինչպես նաև խորհրդարանի վերին պալատի անդամներին նշանակում է թագավորը:

 Բահրեյնի իրավապահ մարմինները խիստ միջոցների են դիմում բողոքի ցույցերը ցրելիս: Այսպես, հինգշաբթի` փետրվարի 17-ին, թագավորության Մանամա մայրաքաղաքում ընդդիմադիրների վրանային ճամբարը քշելու ընթացքում 4 ցուցարար է սպանվել, ևս մոտ 230-ը վիրավորվել են: Ուրբաթ` փետրվարի 18-ին, չնայած իշխանությունների արգելքին, Մանամայում շարունակվեցին բողոքի ցույցերը: Ցուցարարների վրա կրակ բացվեց. վիրավորվեց առնվազն 60 մարդ: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն փետրվարի 18-ին խորհուրդ տվեց իր երկրի բնակիչներին խուսափել Բահրեյն ուղևորություններից, ինչպես նաև Լիբիայի մի շարք քաղաքներ մեկնելուց, ուր նույնպես հակակառավարական ցույցեր են ընթանում: Մեծ Բրիտանիան նաև ուրբաթ օրը ժամանակավորապես դադարեցրեց Բահրեյն և Լիբիա զենքի և ուժային կառույցների համար սարքավորումների մատակարարումը` հայտարարելով, որ “դրանք կարող են օգտագործվել հակակառավարական ցույցերը ճնշելու նպատակով”: Ֆրանսիան նույնպես հայտարարեց Բահրեյն հատուկ սարքավորումների մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply