Բահրեյնում զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2011 0:30

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, որտեղ շարունակվում են զանգվածային ցույցերը` կառավարության հրաժարականի պահանջով, ոստիկանները կրակ են բացել ընդդիմադիրների ամբոխի վրա: Հաղորդվում է, որ բախումների հետևանքով արդեն մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց ճշգրիտ թիվը չի բերվում:

Բահրեյնի իշխանություններն արգելել են ամեն տեսակի հավաքներն ու բողոքի ցույցերը, երկրի մայրաքաղաք տանկեր են մտցվել: Իշխող վարչակազմի հիմնական հենարանը բանակի ստորաբաժանումներն են, որոնց թույլ են տվել օգտագործել բոլոր միջոցները կարգուկանոն հաստատելու համար:

Փետրվարի 16-ին Բահրեյնում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր: Բահրեյնի հատուկ ջոկատները դաժանորեն ցրեցին ցուցարարնեին: Օգտագործվեց արցունքաբեր գազ: Ոստիկանության գործողությունների հետևանքով զոհվեց 4 մարդ, մոտ 500 մարդ` մարմնական վնասվածքներով ու գազի թունավորմամբ,  հոսպիտալացվեց: Տուժածների թվում նաև լրագրողներ կան: Մասնավորապես` ծեծվել է ամերիկյան ABC հեռուստաընկերության թղթակից Միգել  Մարկեսը: Մահակներով զինված մի քանի մարդիկ հարձակվել են լրագրողի վրա և խլել նրանից ֆոտոխցիկը, ինքը` լրագրողը, սակայն, լուրջ վնասվածքներ չի ստացել:

Բողոքի ցույցերը Բահրեյնում հետևեցին Թունիսի և Եգիպտոսի հեղաշրջումներին: Ցուցարարները պահանջում են նոր սահմանադրության ընդունում, մի շարք բանտարկյալների ազատ արձակում  և վարչապետի հրաժարական:

«РБК»

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply