ՀՅԴ ստեղծել է ընտրական իրավունքի շարժում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2011 20:07

    Կանգնած ենք նոր ընտրությունների նախաշեմին և կրկին նույն հարցի առջև ենք` ընտրությունները ի վիճակի են ինչ-որ բան փոխել, թե մեզնից կախված չէ և ամեն ինչ կանխորոշված է :

   Սակայն, այնուամենայնիվ ընտրությունները միջոց են թե’ իշխանությունը պահելու թե’ փոխելու համար, պարզապես խնդիրն այն է, թե ով է ավելի լավ տիրապետում այդ հնարավորությանը և օգտվում  դրանից` իշխանություն պահողները թե փոխողները:

    Իշխանությունը պահողների կողմից, այս միջոցը մշտապես կարևորվելով, արվել է ամեն ինչ, որպեսզի նախորդ գրեթե բոլոր ընտրություններում   կատարելագործվեն իշխանության վերարտադրման մեխանիզմները և շեշտակիորեն նվազեցվեն իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունները:

   Հրատապ անհրաժեշտություն է կասեցնել այս ընթացքը  և շրջադարձ կատարել` արմատախիլ անելով իշխանության վերարտադրման համակարգը և ձևավորել իշխանափոխության հնարավորությունն ապահովող ընտրական համակարգ:

    Դա հաջողելու բանալին ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ ժողովդի ինքնակազմակերպումն է: Հենց դրան է կոչված ծառայելու այնպիսի շարժման առաջացումը, երբ ամեն քաղաքացի իր գործը կհամարի դառնալ լիրիրավ մասնակիցը ինքնակազմակերպման այս գործընթացի, փոխանակ հանդես գալու իշխանության վերարտադրումը սպասարկողի կամ մի կողմ քաշված դիտորդի դերերում:

     Այսպիսի շարժման առաջացման և ծավալման համար գլխավոր արգելքը տարիների ընթացքում հասարակական գիտակցության մեջ ընտրությունների հանդեպ ձևավորած  կարծրատիպերն են, որոնց հետևանքով մարդիկ չեն հավատում ընդհանրապես ընտրություններին: Բայց ինչպես հայտնի է հավատն առանց գործի միշտ էլ մնում է մեռած:

    Շարժումը հենց այն գործը պետք է լինի, որ վերականգնի ժողովրդի հավատը իր ուժերի նկատմամբ` համախմբելով հասարակությանը կարևորագույն մի գաղափարի շուրջ` տիրել իշխանությանը տեր կանգնելով յուրաքանչյուրի ընտրական իրավունքին:

   Իրողություն է նաև այն որ` ով տիրում է իշխանությանը նրան էլ այն պատկանելու է, նրան էլ այն ծառայելու է: Ուստի իշխանության պտք է գա ոչ թե մի խումբ, որ սպասարկի այդ խմբի շահերը, այլ հենց ժողովուրդը:

    Ոչ մի խումբ կամ վարչախումբ ինքնին շահագռգված չէ հաստատել ժողովրդի իշխանություն, այլ ձգտում է հաստատել կամ պահել իրենը: Դա պետք է կատարի ժողովուրդը,  ինքնակազմակերման և համապատասխան ներուժի ամբողջացման միջոցով` այն համոզումով, որ յուրաքանչյուրի գիտակցված քվեն է հենց այդ ուժի կուտակման աղբյուրը:

     Այս պարզ իմաստն է պարունակում <Քվեն ուժ է> շարժման կարգախոսը և նույնքան հստակ է շարժման նպատակը` <Ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը>:  Այս նպատակին հասնելու համար շարժումը պետք է ձևավորի համապատասխան միջավայր և առաջնահերթ լուծի որոշակի խնդիրներ: Ինչպիսիք են ընտրական իրավունքի նշանակության կարևորումը, դրա արդյունավետ պաշտպանությունը և ամբողջական իրացումը:

         Ըստ այդմ, ակնհայտ է, որ առանց ժողովրադավարական ընտրությունների չկա ժողովրդավարություն: Ուստի և չկա երաշխիք ապահովելու քաղաքացու որևէ իրավունք` լինի դա քաղաքացիական, սոցիալական, իրավական, թե քաղաքական: Հետևաբար ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ ընտրական իրավունքի պաշտպանությունից է սկսվում մնացած բոլոր իրավունքների պաշտպանությունը:

        Ընտրական իրավունքի այսպիսի նշանակության գիտակցումով է սկսվում նաև ճանապարհը դեպի իշխանափոխություն:

       Հակառակ պարագայում ձայնը չկարևորելով, ընտրողը կամ այն վաճառում է կամ ճնշումներին տեղի տալով զիջում է ուրիշին, կամ էլ հիասթափված մի կողմ քաշվելով պարզապես մսխում իր քվեն` այսպիսով կամա թե ակամա նպաստում իշխանության վերարտադրմանը: Ցավալին այն է նաև, որ այդ քաղաքացին չգիտակցելով դրա մասին հաջորդ հինգ տարիներին անըդհատ դժգոհում է` ստիված լինելով քաղել իր իսկ արածի դառը պտուղները:

    Ահա այս իրավիճակը արմատապես փոխել և ընտրական գործընթացների նկատմամբ իշխանությունների լիակատար վերահսկողությունը հակակշռել հնարավոր է միայն ընտրական իրավունքի պաշտպանության և ամբողջական իրացման շնորիհիվ:

    Այդպիսի ամբողջական իրացմանը հասնելու համար անհրաժեշտ է շարժմանը հասարակական լայն աջակցություն ապահովել: Ըստ այդմ, շարժմանը մաս կազմելու համար բացարձակապես կարևոր չէ թե անձն ում օգտին է քվեարկելու: Կարևորը, որ նա պատրաստակամ է տեր կանգնելու իր ձայնին և քվեարկելու իր կամքով:

     Չկա նաև ոչ մի խոչընդոտ, որպեսզի այս շարժման մեջ ընդգրկվեն հասարակական տարբեր շերտեր, կազմակերպություններ, անհատներ և քաղաքական ուժեր: Գլխավորը, որ ամեն մեկը յուրովի իր նպաստը բերի շարժման առաջ քաշած խնդիրները արդյունավետ լուծելու գործին:

     Շարժման հաջողությունը հատկապես բխում է նորմալ ընտրություններ անցկացնելու խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի շահերից: Քանզի, եթե սա էլ նրանց չմիավորի ուրիշ որևէ այլ գաղափար դժվար թե կարողանա այսքան միանշանակ լինելով միավորել տարաբնույթ քաղաքական ուժերին:

    Բնականաբար, նկատի ունենալով ընտրական գործընթացների տարբեր փուլերում առաջացող խնդիրների առանձնահատկությունները շարժումը ևս պետք է մշակի և պատրաստ լինի գործել համապատասխան մարտավարությամբ` մինչև ընտրությունները, ընտրության օրը և հետընտրական ժամանակահատվածում:

    Շարժման հաջող մեկնարկի համար Դաշնակցությունը ստեղծել է անհրաժեշտ նախադյալներ և իր ամբողջական աջակցությունն ու օժանդակությունն է բերելու շարժման հետագա ծավալման համար:

     Քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացները վերահսկելու համար միասնական ճակատ ձևավորելու փորձ անցյալում ևս ունեցել ենք: Ինչպես գիտեք 2003թ. տեղամասերից ընտրակեղծիքների մասին ստացվող ահազանգերի իսկությունը միասնական շտաբի միջոցով հաստատելու գաղափարին սկզբունքորեն պատրաստ էին միանալ մոտ երկու տասնյակ կուսակցություններ, սակայն, դժբախտաբար, կուսակցական շահերը հետագայում գերակայեցին և նախաձեռնությունը մնաց կես ճանապարհին:  Բայց ավելի տեղին է հիմա հիշատակել <Ոչ>-ի շաժման հաջողված օրինակը: Այն ևս սկզբնական շրջանում չեզոքացնելով պաշտոնական քարոզչության միջոցով հետևողականորեն իրականացված հասարակական կարծիքի խեղաթյուրման հետևանքները, ապահովեց հետագայում ժողովրդի լայն աջակցությունը և հասավ կոնկրետ արդյունքների:

     Մենք հավատում ենք, որ այս շարժումն էլ լիովին իրատեսական է և կարող է հասցնել ցանկալի արդյունքների:
    Առավել ևս, որ շարժման չհաջողելը նշանակում է ոչ այլ ինչ քան հաշտվել իշխանության վերարտադրման հետ, որի համար ի դեպ արդեն բացահայտ ընտրական դաշինք է ստեղծվել, կամ էլ տանել երկիրը դեպի պետականությանը սպառնացող հետընտրական առճակատումների:
  Ահա այսքան մեծ է շարժման առաքելությունը և այն հաջողելու համար բոլորիս քաղաքացիական պարտքը:

         Բարի երթ մեր շարժմանը:

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply