Դեսպան Ղալաչյանը հավատարմագրերն է հանձնել

Պաշտոնական, Օրվա լուր | | February 18, 2011 19:43

Փետրվարի 16-18-ը տեղի ունեցավ Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի այցը Սերբիայի Հանրապետություն:

            Փետրվարի 17-ին դեսպան Ղալաչյանը Բելգրադի կառավարական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչին: Հավատարմագրերի հանձնումից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին քաղաքական երկխոսության խորացման, բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ: Զրույցն անցավ բարեկամական, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի գործնական քննարկման մթնոլորտում:

Դեսպան Ղալաչյանը Սերբիայի նախագահին փոխանցեց նախագահ Սարգսյանի ջերմ ողջույնները, ինչին ի պատասխան նախագահ Տադիչը խնդրեց իր բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի իր գործընկերոջը` նշելով, որ ջերմությամբ է հիշում 2009-ին Հայաստան կատարած իր այցը եւ սպասում է նախագահ Սարգսյանի պատասխան այցին:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Սերբիայի Ազգային Ժողովի նախագահ դր. Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչի, իսկ Սերբիայի ԱԳՆ-ում` պետական քարտուղար, դեսպան Միրկո Ստեֆանովիչի, Ռուսաստանի եւ Եվրասիայի վարչության տնօրեն, դեսպան Գորան Ալեքսիչի, դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավարի հետ:

Գործնական եւ կառուցողական հունով ընթացած այս հանդիպումների ժամանակ կողմերը կարեւորեցին երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցության հետագա ծավալումը, միջխորհրդարանային կապերի զարգացումը, իրավապայմանագրային դաշտի կայացումը, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply