Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 և 225 հոդվածներով

Օրվա լուր | | August 6, 2009 14:43

Նիկոլ ՓաշինյանԵրեկ ավարտվել է մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրելու և բռնություն գործադրելու` Նիկոլ Փաշինյանի մասով քննվող քրեական գործի նախաքննությունը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ. հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ. մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 1-ին մաս):
Մինչև  հանձնվելը Փաշինյանն ընդհատակում էր 1 տարի 3 ամիս. Փաշինյանը ներկայացել էր դատախազություն հուլիսի մեկին, որից հետո նրան կալանավորել էին ու տարել կենտրոնի ոստիկանություն:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը փախուստի մեջ էր անցյալ տարվա մարտի 2-ից: Նա մեղադրվում էր 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Փաշինյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն «Անկախ»-ին ասաց, որ ինքն ու իր հետ աշխատող 3 պաշտպանները`Արամ Զաքարյանը, Արթուր Գրիգորյանն ու Տիգրան Մուրադյանը, այսօր են ստանալու քրեական գործի ողջ նյութերն ու պատճեները:

«Ես երեկ եմ հանդիպել Նիկոլին, նա լավ վիճակում էր,- ասաց փաստաբանը,- Նյութերին ծանոթանալուց հետո կսկսվի դատական գործընթացն ու կներկայացվեն համապատասխան միջնորդություններ»:

Փաշինյանն այժմ գտնվում է Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Քրեական գործը, ամենայն հավաականությամբ, կքքնվի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply