Եգիպտացիները կրկին լցվել են Կահիրեի Թահրիր հրապարակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2011 17:11

Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո հազարավոր եգիպտացիներ ուրբաթ օրը կրկին լցվեցին Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին: Առայժմ ցույցը խաղաղ է ընթանում, ցուցարարներն ու զինվորականները միմյանց նկատմամբ բարեկամաբար են տրամադրված:

Անցած շաբաթվա ընթացքում երիտասարդական «Հունվարի 25 միավորում» շարժումը կոչ էր անում համակիրներին նորից փողոց դուրս գալ` նշելու նախկին վարչակարգի փլուզումը, ինչպես նաև հարգելու ժողովրդական հուզումների ժամանակ զոհվածների հիշատակը: Բացի այդ, ցուցարարները կոչ են անում իրականացնել հեղափոխության պահանջները, որոնք դեռևս չեն կատարվել:

«Ապրիլի 6-ի երիտասարդների» հայտարարության մեջ ասվում է, որ «հեղափոխությունը դեռ չի ավարտվել, այն կավարտվի այն ժամանակ, երբ կկատարվեն բոլոր պահանջները, և կսկսվի կայուն ժողովրդավարական համակարգի կառուցումը»: Չկատարված պահանջների թվում է կոռումպացված պաշտոնյաներին դատական հետապնդման ենթարկելը, որոնք, նրանց կարծիքով, մնում են իրենց պաշտոններում, ինչպես նաև արտակարգ դրության վերացումը: Բացի այդ, ցուցարարները կոչ են անում ազատել նրանց, ովքեր ձերբակալվել են անկարգությունների ժամանակ և մինչև հիմա անազատության մեջ են:

Ցույցերին մասնակցելու մասին հայտարարել են «Մուսուլման եղբայրները», որոնք արգելված էին Մուբարաքի կառավարման ժամանակ: Ներկայումս շարժումն ակտիվորեն մասնակցում է երկրի ապագայի շուրջ քննարկումներին, մասնավորապես` կապված սահմանադրության բարեփոխման հարցերի հետ:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply