Ըստ Ա. Պողոսյանի` Հայաստանում ընտանեկան բյուջեի 60 տոկոսը տրամադրվում է սննդամթերքին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2011 16:45

Սպառողական շուկայում գնաճը զսպելու համար պետք է վերլուծել ֆինանսական հոսքերը, թե’ տեղական եւ թե’ ներմուծվող ապրանքի գնագոյացումը, վերջինիս տրամաբանությունը, եւ փորձենք դրանից դուրս գալու ելքեր մշակել: Այս տեսակետն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` ընդգծելով, որ կասկած է հարուցում հայաստանյան շուկայում նման թանկացումների օբյեկտիվությունը, այսինքն` տնտեսական հիմնավորվածությունը:

«Երկրում սնդամթերքի թանկացումներին զուգահեռ` պետք է աճեն նաեւ եկամուտները, աշխատավարձերն ու թոշակները: Անցած տարի Հայաստանում 9,5 տոկոս գնաճ է արձանագրվել, ինչը նշանակում է, որ պետք է զգալիորեն բարձրանային նաեւ եկամուտները»,-ասաց Ա. Պողոսյանը: Հայրենական ապրանք արտադրողների միության եւ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի տեղեկացմամբ` ցորենի պարագայում արտաքին շուկայի գնային տատանումները Հայաստանի վրա այդքան էլ մեծ ազդեցություն չեն կարող ունենալ:

«Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն արդյունաբերության զարգացումն է եւ դրանով իսկ նոր աշխատատեղերի ապահովումը: Մենք պետք է ձգտենք ավելի շատ արտահանել, քան ներկրել»,-ասաց Վ. Սաֆարյանը: Ըստ Արմեն Պողոսյանի`Հայաստանում ընտանեկան բյուջեի 60 տոկոսը տրամադրվում է սննդամթերքին, ինչի հետ ոչ մի կերպ չպետք է հաշտվել: «Զարգացած երկրներում, եթե ընտանեկան բյուջեի 25 տոկոսից ավելին գնում է սննդամթերքին, ապա դա համարվում է աղքատության ծայրահեղ շեմ, որովհետեւ մարդը չի ծնվել միայն սպառելու համար, նա նաեւ հոգեւոր կյանքով ապրելու իրավունք ունի»,-ասաց Ա. Պողոսյանը:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply