«Հայաստանը ՀԱՊԿ-ի զարգացման գործում լոկոմոտիվի դեր է կատարում». Նիկոլայ Բորդյուժա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 6, 2009 14:50

12«ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի դեմ ուղղված ագրեսիան ուղղված է նաև մյուս անդամ երկրների դեմ»,- այսօր ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Ռիա նովոստի» գործակալության կազմակերպած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր պատերազմի հեռանկարին:

Անցած տարի Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները, ըստ Բորդյուժայի, ցույց տվեցին, որ ուժով որևէ խնդիր լուծել հնարավոր չէ. Ղարաբաղի հարցի կարգավորման գործում խաղաղ ճանապարհից բացի, այլընտրանքային տարբերակ չկա:

Բորդյուժան նաև հերքեց հուլիսի վերջին Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը, թե ՀԱՊԿ-ը բացառել է իր խաղաղապահ ուժերի ներկայությունը Ղարաբաղի տարածքում՝ դրանով իսկ ճանաչելով Ղարաբաղի` ադրբեջանական տարածք լինելը: «Նման հայտարարություն չի եղել և չէր էլ կարող լինել, քանի որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի կազմավորման գործընթացը դեռ նոր է սկսվել և ընթացքի մեջ է»,-ասաց Բորդյուժան:

Հայաստանը ՀԱՊԿ-ի նախագահության շրջանում, ըստ Բորդյուժայի, կառույցի զարգացման գործում լոկոմոտիվի դեր էր կատարում. Հայաստանի դիրքորոշումը և ներդրումը կառույցի զարգացման գործում հստակ է:

Գլխավոր քարտուղարը նշեց, որ ՀԱՊԿ-ի` Ղրղզստանում կայացած գագաթնաժողովում մասնակից երկրները մշակել են ինֆորմացիոն անվտանգության հայեցակարգ՝ պաշտպանելու պետական հաղորդակցության օբյեկտները ներխուժումներից: Բացի այդ, Ռուսաստանում ստեղծվելու է ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն:

Բորդյուժան կարևորեց արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման գործընթացը. «5 երկիր ստորագրել է պայմանագիրը՝ իր վրա այդ ուժերի ստեղծման պատասխանատվությունը վերցնելով: Բելառուսը պայմանագրին կողմ է և միայն տեխնիկական պատճառներով չի ստորագրել այն, իսկ Ուզբեկստանը, որը ևս չի ստորագրել, համաձայն չէ պայմանագրի մի քանի կետերի հետ, սակայն կողմ է ուժերի ստեղծմանը»:

Համաձայնություն է ձեռք բերվել նաև Ղրղզստանում ռուսական ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ. «Ռազմաբազայի տեղակայման ժամկետն արդեն հայտնի է՝ 49 տարի, ինչը հնարավորություն կտա հստակ պլանավորել հետագա գործողությունները»:

Բորդյուժան նաև ասաց, որ ՀԱՊԿ-ը համագործակցում է Իրանի հետ Աֆղանստանից իրականացվող թմրանյութերի թրաֆիքի դեմ պայքարելու համար, սակայն դեռևս չի քննարկվում Իրանին կառույցում դիտորդի կարգավիճակ շնորհելու կամ կառույցին անդամակցության հարցը:

Դիտվել է 1509 անգամ:
Print Friendly

Leave a Reply