Խանութներում կշեռքները կստուգվեն, խախտումների դեպքում կտուգանեն 50 000-100 000դրամ

Օրվա լուր | | August 6, 2009 14:32

Հայաստանի «Սպառողների ասոցիացիա»-ն, էկոնոմիկայի նախարարությունն այլ հկ-ների հետ համատեղ օգոստոսի վերջին Երևանում իրականացնելու են  շրջայցեր` տարբեր հասարակական սպասարկման օբյեկտներ` մասնավորապես խանութներ:

Հայաստանի «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանն սպառողական խնդիրների մեջ առանձնացնում է  հատկապես կշեռքների հարցը: Շրջայցի ժամանակ կշեռքները կստուգվեն, խախտումներ հայտնաբերելու դեպքում կսահմանվի դրամական տույժ` 50 000-100 000դրամ:

Սպառողները դիմում են ասոցիացիա  հիմնականում ապրանքի քաշի և ժամկետի, սպասարկողների կոպիտ վերաբերմունքի, դրամի մանրը սխալ վերադարձնելու, ապրանքի վերադարձի հետ կապված հարցերով:

«Մենք գիտենք բոլոր այդ դեպքերի մասին և փորձում ենք դրանք հրապարակայնացնելու ճանապարհով գնալ դեպի խնդիրների լուծում: Խնդիրն այստեղ քաղաքացու տրորված արժանապատվությունը վերականգնելն է, նա պետք է դիմի իր խախտված իրավունքների համար տարբեր հասարակական կազմակերպությունների, գյուղատնտեսության, առողջապահության նախարարություն կամ որակի տեսչություն` կախված խնդրի բնույթից»,-ասում է Պողոսյանը:

Մեր համաքաղաքացիները չգիտեն, որ, օրինակ, խանութում հացաբուլկեղենը պետք է 5 մետր հեռու լինի օճառից, ձեթից, կարտոֆիլից և այլ ապրանքներից: Կամ որ գնորդն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ետ վերադարձնել ապրանքը, փոխել այն, մինչդեռ շատ խանութներում փակցված է հատուկ ցուցանակ, որի վրա գրված է` ապրանքը ետ չի ընդունվում:

«Եթե մտել եք խանութ և կշեռքի վրա նկատում եք փոքր նժարաքար, դուրս եկեք խանութից, որովհետև սլաքը 0-ի վրա չէ, և Ձեզ կխաբեն կիլոգրամի մեջ: Ուշադիր եղեք և կնկատեք, որ փողոցում միրգ կամ կարտոֆիլ վաճառող մարդը երբեք ձեռքերը չի լվանում»,-ավելացնում է Պողոսյանը:

Պողոսյանն ասում է, որ իրենց առաջնային խնդիրներից է փողոցային առևտուրը տեղափոխել կոլտնտեսային շուկաներ, ամեն ինչ անել, որ տեղի համար գանձվող գումարի չափերը կրճատվեն, սպասարկումը դառնա ավելի քաղաքակիրթ:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply