Ս. Մարտիրոսյան. «Սոցիալական ցանցերով հեղափոխություն չեն իրականացնում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2011 15:56

Սոցիալական ցանցերով հեղափոխություն չեն իրականացնում, այն կարող է խթան հանդիսանալ, բայց ոչ վճռորոշ գործոն: Նման տեսակետ հայտնեց ինֆորմացիոն անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը քաղաքագետ Հրաչ Գալստյանի հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ս. Մարտիրոսյանի խոսքով, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե արաբական երկրներում Facebook-ի միջոցով է իրականացվել հեղափոխություն:

«Եթե դիտարկենք Բահրեյնը, ապա այնտեղ բնակչության թիվը փոքր է եւ շատ քչերն են օգտվում սոցիալական ցանցից: Ինչ վերաբերում է մյուս արաբական երկրներին, ապա այնտեղ սոցիալական ցանցը կարող էր խթանիչ գործոններից մեկը լինել, բայց ոչ հիմնականը»,-ասաց Ս. Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ սոցիալական ցանցերում կարող են մեծ թվով մարդիկ միավորվել միեւնույն հարցի շուրջ, սակայն նրանցից շատ քչերը լինեն պատրաստ կոնկրետ գործողությունների: Հ. Գալստյանի խոսքով` հնարավոր չէ միայն սոցիալական ցանցի միջոցով հեղափոխություն իրականացնել:

Մինչ այդ արդեն եղել են կազմակերպված կենտրոններ, համախմբվել են մարդիկ, ովքեր պատրաստ են կոնկրետ գործողությունների: Այդ պարագայում սոցիալական ցանցը ծառայել է տեղեկատվություն փոխանակելու գործին: Իսկ այն հարցին, թե հնարավոր է իշխանությունների կողմից վերահսկել սոցիալական ցանցերի տեղեկատվական հոսքերը, Ս. Մարտիրոսյանը նշեց, որ twitter-ում դա հնարավոր տարբերակ է, որովհետեւ այնտեղ բաց են գործում: Ինչ վերաբերում է Facebook-ին, ըստ Ս. Մարտիրոսյանի, այնտեղ կան գործիքներ, որոնք թույլ են տալիս փակ գործել: Այսինքն` մի խնդրի շուրջ կարող են միավորվել մեծ թվով մարդիկ, խումբ կազմել, մշակել կոնկրետ գործողություններ եւ այդ մասին տեղյակ լինեն միայն այդ խմբում ներգրավված մարդիկ:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply