Կենսաթոշակային համակարգում կներդրվի պարտադիր կուտակային բաղադրիչ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2011 13:58

2014 թվականին հանրապետության կենսաթոշակային համակարգում կներդրվի պարտադիր կուտակային բաղադրիչ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը, կամավոր կուտակային բաղադրիչը կկիրառվի ընթացիկ տարում:

«Կուտակային բաղադրիչի ներդնումը մեկանգամյա գործողություն չի ենթադրում, զգալի աշխատանք է նախատեսվում: Ճիշտ է` օրենքն ուժի մեջ է մտել 2011թ-ին, սակայն ներկայումս մշակվում է այն ամբողջ ենթաօրենսդրական դաշտը, որը հնարավորություն կտա կիրարկել կամավոր կենսաթոշակային բաղադրիչը»,-ասաց Ս. Սաիյանը: Համակարգի իրականացման համար ակտիվների կառավարիչները հանրությանը կառաջարկեն կամավոր կենսաթոշակային հիմնադրամների ծառայություններ: Ներկայումս մշակվում են այդ հիմնադրամների կանոնները, ստեղծվում է ենթաօրենսդրական բազան: Նախատեսվում է, որ ապրիլին ցանկացած իրավաբանական անձ, ով ունի ակտիվի կառավարչի լիցենզիա, կարող է գրանցել կամավոր կենսաթոշակային հիմնադրամը:

«Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ֆինանսական շուկայի մասնակիցներն արդեն բանակցություններ են վարում խոշոր կազմակերպությունների հետ կամավոր կենսաթոշակային սխեմաները կիրառելու համար»,- նշեց Ս. Սաիյանը: 2014 թվականին ներդրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հիմնական հատկությունն այն է, որ անձն ինքն է իր աշխատանքով կանխորոշում իր հետագա կենսաթոշակի չափը:

Քաղաքացին իր աշխատանքային գործունեության ընթացքում կատարում է որոշակի մուծումներ, որոնք ուղղվում են նրա անհատական հաշվին: Դրանք ներդրվում են կառավարման ֆոնդերում, եւ կառավարումից ստացված միջոցները եւս գումարվում են անձի անհատական հաշվին:

Նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի խոսքով` օրենքով պետությունը երաշխավորում է քաղաքացիների կողմից ներդրված գումարների 80 տոկոսը` հաշվի առնելով գնաճը: Փորձագետ Հայկ Ոսկանյանը նշեց, որ համակարգի ներդրմամբ անձի մտածելակերպն է փոխվում իր ապագայի մասին: Այսինքն` մարդը չի մտածում, որ կենսաթոշակային տարիքում պետությունն է վճարելու:

«Այո’, պետությունը որոշակի գործառույթներ իրականացնելու է, սակայն անձն արդեն իր աշխատելու տարիներին կմտածի ապագայի մասին` առաջարկված մեխանիզմներով կուտակելով գումարներ, կառավարելով իր հաշիվը»,-ասաց Հ. Ոսկանյանը: Նրա խոսքով` պարտադիր կուտակային համակարգի ներդնումը հնարավորություն է տալիս տնտեսությունում լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես` ստվերային աշխատավարձերի թվի կրճատում, ֆինանսավորման միջոցների դիվերսիֆիկացիա:

Դիտվել է 2408 անգամ:
Print Friendly

Leave a Reply