Գարու սերմացուն գյուղացիներին կտրվի անվճար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2011 13:55

Ուկրաինայից եւ Ռուսասատանից Հայաստան ներկրվող 2000 տոննա բարձր որակի գարու սերմացուն գյուղացիական տնտեսություններին կտրվի անվճար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` շեշտելով, որ այս ծրագիրը նախորդ տարի մշակված հացահատիկի սերմարտադրության զարգացման ծրագրի շարունակությունն է: Նախարարի տեղեկացմամբ` գարու սերմացուն հիմնականում տրամադրվելու է սահմանամերձ եւ լեռնային գոտիների գյուղացիական տնտեսություններին:

«Այս ծրագիրը հիմնականում սոցիալական ուղղվածություն ունի` սուբսիդավորման տեսքով գյուղացիներին տրվող օգնություն է: Նախապատվությունը տրվելու է այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ունեն 300 հազար քմ ավելի չմշակված հողակտորներ: Նպատակն է` գյուղացուն շահագրգռել մշակել այդ խոպան հողերը: Արդյունքում նրանք ունենալով սերմացու` կկարողանան ապահովել նաեւ անասունների կերը:

Իսկ աշնանը ստացված բերքից գյուղացին պետք է վերադարձնի մեկին մեկ հարաբերությամբ»,- ասաց Ս. Կարապետյանը: Ծրագրին մասնակցելու համար արդեն հայտ է ներկայացրել 14 հազար գյուղացիական տնտեսություն: Հայտերի ընդունումը դեռեւս շարունակվում է: Նախարարի հավաստմամբ, եթե այս առաջին խմբաքանակը ներկրելուց հետո պահանջարկը չբավարարվի, ապա կկազմակերպվեն եւս 1000 տոննա գարու սերմացուի ներկրման աշխատանքներ: Սերմացուն գյուղացիներին կտրվի գարնանը` գյուղացիական աշխատանքների սկսմանը զուգահեռ:

Դիտվել է 1795 անգամ:
Print Friendly

Leave a Reply