Արդյոք եղե՞լ է միջուկային աղետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | February 24, 2011 14:44Ալ. Գորբովսկի
Այսօր առկա մի շարք հնագիտական գտածոներ հնարավորություն են տալիս ենթադրելու Երկրի վրա երբեմնի գերզարգացած քաղաքակրթության գոյության մասին, երբ մեր պատկերացումներով` տվյալ ժամանակների գիտատեխնիկական մակարդակում դա անհնարին էր: Մեքսիկայի հնդկացիները հավատում էին, որ աշխարհն արարվել է չորս անգամ և չորս անգամ էլ կործանվել է: Ներկայացվող նյութն առաջին հայացքից կարող է անհավանական թվալ, սակայն…
Մի շարք հնադարյան քրոնիկոններում ու սուրբ գրքերում կան միջուկային աղետի նկարագրության հեռավոր արձագանքներ: Ահա թե ինչպես է Աստվածաշնչում նկարագրված Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը. «Փախստականներն արդեն հասել էին Սեգովր բնակավայրը, երբ իրենց հետևից լսեցին մի խլացուցիչ դղրդյուն: Սոդոմի և Գոմորի վրա ծծմբի և կրակի հեղեղ էր թափվում: Ամբողջ երկիրը ցնցվում էր, իսկ քաղաքները վերածվեցին ծխացող ավերակների կույտի…»: Աստվածաշնչում հիշատակվում է, որ Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման ժամանակ «…Ղովտի կինը խախտեց հրեշտակների արգելքը, շրջվեց ու նայեց և անմիջապես աղի սյուն դարձավ»:
Մեզանից ավելի քան 3000 տարի առաջ գրված հին հնդկական «Ռամայանա» և «Մահաբհարատա» էպոսներում նույնպես կան մահաբեր զենքի գործածության մասին տեղեկություններ, որոնց նկարագրությունը միջուկային զենքի դարաշրջանում ապրողներիս, ցավոք, չափազանցություն չի թվում: «Մահաբհարատա» էպոսում մահաբեր զենքի պայթյունից հետո մարդկանց ու կենդանիների վարքի մասին ասված է. «Թվում էր, թե այդ զենքի կրակով այրված աշխարհը տենդի մեջ է: Զենքի բոցից այրվող փղերը վազում էին սարսափահար»: «Մահաբհարատայում» մի այլ տեղ ասվում է. «Արձակվեց ծխազերծ կրակի փայլով շողշողուն արկը: Թանձր մառախուղը հանկարծ ծածկեց զորքը: Հորիզոնի բոլոր կողմերը թաղվեցին խավարի մեջ: Բարձրացան չարագուշակ հողմերը: Ամպերը մռնչյունով ձգվեցին դեպի բարձր երկինք… Թվում էր` նույնիսկ արևն էլ պտտվեց»… Այնուհետև խոսվում է պայթյունի տեղում այրված ու մոխրացած հազարավոր կառքերի, փղերի ու մարդկանց մասին, իսկ կենդանի մնացած զինվորները վազում էին մոտակա գետը` հագուստն ու զենքերը լվանալու համար:
Այսպիսի զենքի կիրառման մասին նկարագրություններ կան նաև ուրիշ ժողովուրդների սուրբ գրքերում և առասպելներում: Խաղաղ օվկիանոսի տարբեր ժողովուրդների մեջ խոսվում է ինչ-որ «ամենաթանձր մթության», «երկարատև գիշերների», «բյուրավոր գիշերների», «անթափանց խավարի», «մեծ սառնամանիքների» մասին: Կիչե հնդկացիների «Պոպոլ Վուխ» սուրբ գրքում ասվում է, որ «արևը չէր երևում, տիրեց մեծ սառնամանիք»: Մայաների և Վենեսուելայի հնդկացիների առասպելներում նույնպես խոսվում է սարսափելի սառնամանիքի մասին, որից հետո ծովը երկար տարիներ ծածկվել է թանձր սառույցով: Նման սառնամանիքների մասին հիշատակվում է նաև Ամազոնի արևադարձային շրջանի հնդկացիների ասքերում: «Ավեստայում» նույնպես խոսվում է «մեծ սառնամանիքների» և «երկարատև գիշերների» մասին, նաև «Ասք Գիլգամեշի մասին» էպոսում` «մեծ խավարի» մասին. «Ադադի ցասումը երկինք է հասնում, ինչ որ լուսավոր էր, դառնում է խավար»…
Նման «բյուրավոր գիշերների», «երկարատև սառնամանիքների», «կրակե հեղեղների» նկարագրություններ կան գրեթե բոլոր հնագույն ժողովուրդների ասքերում, իսկ այդ «գիշերները» և «սառնամանիքները» հետևել են «կրակե հեղեղներին» ու մահաբեր զենքի կիրառմանը:
Հիրոսիմայի պայթյունի ականատես, Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր, նկարիչ Իրի և Տոսիկո Մարուքիները գրում են. «Մի պահ, և մարդկանց վրայից վայր է ընկնում բռնկված հագուստը, ուռչում են ձեռքերը, դեմքը, կուրծքը, պատռվում են բոսորագույն բշտիկները, մաշկի կտորները սահում են գետնին… Սա տեսիլք է…»: Հիրոսիմայի վրա ռումբ նետող «Էնոլա Գեյ» ինքնաթիռի անձնակազմի հրաձիգ, սերժանտ Բ. Կերոնը հետագայում վերհիշել է. «Սկզբում հայտնվեց պայթյունի վառ կայծակը, այնուհետև` կուրացուցիչ լույս, որում երևում էր մոտեցող պայթյունի ալիքը, հետո` սնկաձև ամպը: Տպավորությունն այնպիսին էր, կարծես քաղաքի վրա փոթորկվում էր վառվող կուպրի ծուխը»: Նույն ինքնաթիռի անձնակազմից գնդապետ Տիբեթսը վերհիշում է. «Քաղաքը 9/10 մասով ծածկված էր քուլա-քուլա վեր բարձրացող ծխի ամպերով»: Իսկ «Հիրոսիմա» գրքում (Ա. Ի. Իոյրիշ և Ի. Գ. Մորոխով, էջ 236) հեղինակները, վկայակոչելով ականատեսներին, գրում են. «Հրագունդ տեղաց քաղաքի վրա: Մի ակնթարթում այն ողջ-ողջ այրվեց և խեղանդամ դարձրեց հարյուրհազարավոր մարդկանց»:
Այդ զենքը Հնդկաստանում հայտնի է եղել «Բրահմայի զենք» կամ «Ինդրայի կրակ», Հարավային Ամերիկայում` «մաշմակ», կելտերի մոտ` «Բալորի աչք», «ամպրոպի արվեստ» (վերջինս ժամանակակից զենքի նման չափվել է միավորներով, որն այն մարդկանց մոտավոր թիվն էր, ովքեր ոչնչանում էին դրա պայթյունից), հայերի մոտ` «Աստծո կրակ», որի անվան տակ ավելի ուշ սկսեց ընկալվել գնդաձև կայծակը, ապա` կայծակը:
Այժմ խոսքը տանք ժամանակակից գիտությանը: 1983 թ. ամերիկացի աստղագետ Կ. Սագանը, հիմնվելով պրոֆ. Քուրդցենի հաշվարկների վրա, հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները, թե ինչ տեղի կունենա, եթե օգտագործվի աշխարհում կուտակված միջուկային վառելիքի 12%-ը (մոտ 5 մեգատոն վառելիք): Պարզվում է, որ միջուկային պայթյունից հետո մրի ամպերը կփակեն արեգակնային լույսի ճանապարհը: Հրե տոռնադոյից շատ տարիներ անց միայն մթնոլորտը թափանցիկ կլինի և Երկիր կհասնի Արեգակից Երկիր հասնող էներգիայի միայն մեկ տասնմիլիոներորդական մասը: Պրոֆ. Սագանի սցենարում նկարագրված ողբերգությունից հետո կտիրի միջուկային գիշեր: ԽՍՀՄ ԳԱ հաշվողական կենտրոնի աշխատակիցներ Վ. Վ. Ալեքսանդրովը և Գ. Լ. Ստենչիկովը ԲԷՍՄ-6 էլեկտրական հաշվիչ մեքենայի օգնությամբ կատարեցին նույնատիպ հաշվարկ, ինչը հանգեցրեց նման արդյունքի:
Հնագույն ասքերից ու էպոսներից բերված քաղվածքները և ամերիկյան ու խորհրդային գիտնականների հետազոտությունների արդյունքները համընկնում են միջուկային աղետից հետո հնագույն քրոնիկոնների նկարագրության հետ: Ժամանակային առումով իրարից այդքան հեռու երևույթների նկարագրության պատահական զուգադիպությունը բացառված է, մնում է ենթադրել, որ դրանք դեպքերի ուղղակի վերարտադրություն են` ականատեսի նկարագրությամբ: Հօգուտ վերոհիշյալ ենթադրության ապացույցներ կան: Հնդկաստանում գտնվել է 4000 տարի առաջ ապրած մարդու կմախք, որի ռադիոակտիվությունը 50 անգամ բարձր է եղել նորմից: Այդ զենքի հնարավոր կիրառման հետքեր են հայտնաբերվել խեթերի մայրաքաղաք Խատուսի պեղումների ժամանակ, որը, գրեթե լիովին այրվելով, վեր էր ածվել միակուռ զանգվածի, նաև իռլանդական Դունդալկ և Էկուա բերդերի գրավման ժամանակ, որոնց գրանիտե պատերը հիմնովին հալվել են, իսկ գրանիտը հալվում է 1000 C-ում (արդյոք կելտական ավանդություններում խոսվող սարսափելի զե՞նքը չի կիրառվել վերոհիշյալ բերդերի գրավման ժամանակ):
Զինվենք համբերությամբ, մինչև մոտ ապագայում ի հայտ գան նոր ու ավելի համոզիչ փաստեր…
Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ (ՍԱՀԱԿՅԱՆ)







Facebook
Tweet This
Email This Post
