Օսթեոխոնդրոզ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 23, 2011 16:00

Ողնաշարի օսթեոխոնդրոզը հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են միջողնային սկավառակներն ու հարողնաշարային  հյուսվածքները:

Այս անվանման տակ հասկանում ենք միջողնաշարային սկավառակների  ձևախախտման գործընթաց, որի հետևանքով դրանք աստիճանաբար կորցնում են ճկունությունը,  կոշտանում, հաստանում,  նվազում է միջողնային տարածությունը, իսկ ողնուղեղից ձգվող նյարդաթելերն ու անոթները սեղմվում են: Այդ իսկ պատճառով  ցավ է առաջանում, իսկ նյարդանոթային հանգույցում` այտուց, որն էլ ավելի է սաստկացնում ցավը: Այս հիվանդության ժամանակ կարծես հիվանդագին  գործընթացի մեջ են ներքաշվում շատ մկաններ ու ներքին օրգաններ. պատճառն արյունամատակարարման  խանգարումն  է. օրինակ` պարանոցի օսթեխոնդրոզի դեպքում հիվանդը բողոքում է գլխացավերից, գլխապտույտից, ականջներում աղմուկից, տեսողության խանգարումից:

Կրծքավանդակի օսթեխոնդրոզի դեպքում դժվարանում է շնչառությունն ու սրտի աշխատանքը, իսկ օրինակ` գոտկատեղի օսթեխոնդրոզի պարագայում խանգարվում է մարսողական համակարգի, երիկամների աշխատանքը, նվազում է պոտենցիան:

Այս հիվանդությունն ունեցողների շարքում նյութափոխանակության, հորմոնալ ու անոթային  խանգարումներ ունեցողներն ամենամեծ թիվն են կազմում: Եթե միջոցներ ձեռք չառնվեն, ապա միջողնային կոշտացումները կարող են տարածվել, և ողնուղեղից ելնող նյարդանոթային հանգույցները  կվնասվեն, ինչի հետևանքներից են, օրինակ` միջողնային ճողվածքները:

Ժողովրդական միջոցներ

Շատ շարժվեք. ամեն օր ողնաշարի ճկունությանն ու պնդացմանը նպաստող վարժություններ կատարեք (դրանք կարող են անհատական բնույթ ունենալ): Հետևեք ձեր կեցվածքին, հատկապես երբ նստում եք բազկաթոռին: Քնեք կոշտ ներքնակի վրա, քանի որ փափուկը  տաքացնում է միջողնային սկավառակներն  ու   նպաստում դրանց տեղաշարժին: Հատուկ վարժություններով պնդացրեք մեջքի մկանները: Խուսափեք ողնաշարի միօրինակ դիրքից: Լիարժեք սնվեք:

Ֆիզիկական ցավերից ու տանջանքից ազատվելու համար աջ ձեռքով վերցրեք գրտնակը (այո, սովորական, խմորի) և կամաց-կամաց, աստիճանաբար ուժեղացնելով` թակեք աջ ուսին, ապա թիակին ու ողնաշարին: Հետո նույնը կրկնեք իրանի ձախ հատվածում: Դա ցանկալի է կատարել երեկոյան, հեռուստացուցի առջև նստած կամ էլ առավոտյան` մինչև նախաճաշի պատրաստ լինելը: Կարևորը դրա պարբերական բնույթն է:

Պառկեք հատակին, գրտնակի վրա ու աշխատեք 15-20 րոպե դրա վրայով հետ ու առաջ գլորվել: Հաջորդ օրն, իհարկե, նույնը  վարժությունը  կատարելը ցավոտ կլինի,  բայց դա նորմալ է: Դարձյալ հիշեք, որ վարժություններն արդյունք են տալիս միայն պարբերաբար կատարելու դեպքում:

Ժողովրդական միջոցներ արտաքին կիրառման համար

-ապակյա տարայի մեջ լցնել 50 գ  վաղենակ (կալենդուլա), վրան ավելացնել քաֆուրի (կամֆորա) սպիրտ, մեկ բաժակ «Тройной одеколон» և մեկ բաժակ օղի (ցանկացած): Փակել խցանով և շիշը դնել մութ տեղ: 2 շաբաթից թուրմը պատրաստ է:

Քսել ցավոտ տեղին, տրորել 3-5 րոպե, որից հետո լավ փաթաթել:  Գործողությունն օրվա ընթացքում կարելի է կրկնել 3-4 անգամ: Ի դեպ, հնարավորության դեպքում, քսուքի ազդեցությունն ուժգնացնելու նպատակով, ցավող հատվածին այն ներմերսելուց հետո ծածկել պոլիէթիլենով կամ եղրևանու, եղեսպակի, անանուխի թարմ տերևներով, դրա վրայից էլ` 1-2 շերտ կաղամբի տերևներ դնել, ապա ծածկել բրդյա շալով:

Մարզանք

-Նստեք ուղիղ, շտկեք մեջքը: Դանդաղորեն գլուխը հետ գցեք,  ձեռքով կզակը բռնելով` կարող եք  հետ-վերև տանել , ապա դանդաղորեն գլուխը թեքել մեկ աջ, մեկ` ձախ: Այս վարժության շնորհիվ լծերակներում կարգավորվում է արյան հոսքն ու ուղեղի սնուցումը.

-Կրկին նստեք ուղիղ  մեջքով: Դանդաղորեն գլուխն առաջ հակեք և  աշխատեք կզակով հպվել կրծքին: Այդ դիրքով նստեք  մոտ 1 րոպե: 15 րոպեից կարելի է վարժությունը կրկնել: Այս վարժությունը բարելավում է նյարդային հանգույցների աշխատանքը:

-Ուսերը բարձրացնել այնպես, կարծես ուզում եք հասնել ականջներին: Ապա թողնել, ազատ  ու արագ` 15 վայրկյանի ընթացքում: Այժմ հերթականությամբ` մի ուսը վեր, մյուսը` վար, 15 վրկ., որից հետո պարանոցի ողնաշարային հատվածը ձեռքերով շփեք:

Դիտվել է 4688 անգամ:
Print Friendly

Leave a Reply