Բրիտանական ու ռուսական հրատարակչությունները պետք է պաշտոնապես հերքեն սխալները և ներողություն խնդրեն Հայաստանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 22, 2011 6:35

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը սկսում է պայքարի նոր փուլ: Այժմ նախաձեռնությունը պետք է պահանջի, որ բրիտանական և ռուսական հրատարակչությունները պաշտոնապես հերքեն հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած սխալ տեղեկությունները և ներողություն խնդրեն Հայաստանից:

Չբավարարվելով այն չնչին հաղթանակով, որը վերաբերում է հաջորդ հրատարակության ժամանակ լեզվի և կրոնի հատվածում փոփոխություններ կատարելու խոստումներին, նախաձեռնությունը շարունակում է պայքարը, քանի դեռ բրիտանական հրատարակչությունը չի ընդունում արցախյան կարգավիճակի նկարագրությունը փոփոխելու պահանջը, քանի դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա հանրագիտարանի հաջորդ հրատարակությունը և դեռ որքան ժամանակ օտար ընթերցողը Հայաստանի մասին պատկերացում կկազմի «բրիտանական կեղծիքի» միջոցով, իսկ որ ամենակարևորն է, հրատարակչությունները պատասխան չեն տվել իրենց սխալի համար:

Նախաձեռնությունը կպահանջի, որ և՛ բրիտանական, և՛ ռուսական հրատարակչություններն իրենց երկրների ամենահայտնի լրատվամիջոցներից մեկով պաշտոնապես հերքեն կեղծ տեղեկությունները և ներողություն խնդրեն Հայաստանից:

Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերի 24-ին «Անկախ» շաբաթաթերթը հայտնաբերեց և հանրությանը ներկայացրեց բրիտանական հայտնի հանրագիտարաններից մեկում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկություններ (հանրագիտարանում նշվում է, թե Հայաստանում հիմնական լեզուներն են հայերեն ու ադրբեջաներենը, հիմնական կրոնները` ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը (շիաներ), և Արցախն էլ պատմական տարածք է Ադրբեջանում՝ մեծ մասամբ հայերով բնակեցված):

«Անկախը» հետամուտ եղավ հարցի բարձրացմանը ինչպես հասարակական, այնպես էլ պետական շրջանակներում: Ստեղծվեց նախաձեռնող խումբ՝ «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի», որին միացան երիտասարդական մի շարք կառույցներ` իրենց բողոքն արտահայտելով հանրագիտարանում առկա կեղծիքի դեմ: Ստեղծվեց բլոգ, սոցիալական ցանցերում` համապատասխան խմբեր, պատրաստվեցին բողոք-նամակներ` ուղղված բրիտանական և ռուսական հրատարակչություններին, իրականացրեց բողոքի մեծ երթ, որի ընթացքում նաև նամակներ փոխանցվեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպաններին:

Ողջ գործողությունների նպատակը մեկն էր՝ պահանջել, որ հրատարակչությունները հերքեն կեղծ տեղեկությունները, և հանրագիտարանի հաջորդ հրատարակության ժամանակ Հայաստանը ներկայացվի իրականությանը համապատասխանող փաստերով:

Պայքարն անարդյունք չանցավ. բրիտանական հրատարակչությունը, որը նախապես որդեգրել էր ջայլամի քաղաքականություն և չէր պատրաստվում որևէ փոփոխություն կատարել, ի վերջո ստիպված եղավ ընդունել իր սխալը՝ խոստանալով հաջորդ հրատարակության ժամանակ ուղղել սխալները, բայց միայն լեզվի և կրոնի առումով: Նույնն արեց նաև ռուսական հրատարակչությունը` տեղի ունեցածը ներկայացնելով իբրև տեխնիկական անփութության հետևանք:

Օրեր առաջ «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը, որը դեկտեմբերի 15-ին բողոքի երթի ժամանակ նամակ էր հղել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպաններին, պատասխան ստացավ Մեծ Բրիտանիայի դեսպանից: Ցավոք, արձագանքն այնքան էլ ոգևորիչ չէ. դեսպանը, շնորհակալություն հայտնելով Macmillan Children’s Encyclopaedia ընկերությանը վերաբերող նամակի համար, գրում է. «Բրիտանական դեսպանատունը իրավասու չէ միջամտելու տվյալ դեպքում: Մենք առաջարկում ենք շարունակել այս կարևոր հարցի քննարկումը անմիջականորեն ընկերության հետ և, եթե հնարավոր է, բարձրացնել խնդիրը ՀՀ կառավարությունում»:

Ռուսական կողմը լուռ մնաց:

Կարևոր է շեշտել, որ Բրիտանիայի դեսպանատունը բարձրացված հարցը համարում է կարևոր և առաջարկում այն բարձրացնել ՀՀ կառավարությունում:

Հիշեցնենք, որ «Անկախն» այդ հարցն առաջին հերթին բարձրացրել է հենց կառավարության մակարդակով, սակայն ոչ մի արդյունքի չի հասել:

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը ծայրահեղ դեպքում խնդիրը կտեղափոխի նաև միջազգային իրավունքի հարթակ` օգտագործելով  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 127(2) բանաձևը, որն անդրադառնում է «Կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածմանը և պարտավորեցնում անդամ պետություններին` զերծ մնալ նման խնդիրներից: Մեծ Բրիտանիան առաջիններից  է, որ ընդունել է այդ բանաձևը:

Այս պահին «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի»  նախաձեռնության կազմում են «Անկախ» շաբաթաթերթը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ու երիտասարդական միությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդության հարցերի հանձնաժողովը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունը, «Գնանք միասին» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժումը, Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Արմատ» մամուլի ակումբը, Հայազն երիտասարդների միությունը, «Սարդարապատ» հասարակական կազմակերպությունը, այլ կազմակերպություններ ու նախաձեռնող խմբեր:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply