Մերի Շելլի` «Ֆրանկենշտեյնի» հեղինակ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Հետաքրքիր կանայք, Շաբաթվա լուր | | February 23, 2011 5:29

Նկարագրելով հրեշին, որը գիշերները նստում էր իր անկողնու կողքին, Մերին համաշխարհային գրականություն մուտք գործեց որպես սարսափ վեպերի հեղինակ:

Նրա մոր` Մերի Ուոլսթոքրաֆթի անունը ոսկյա տառերով է գրված ֆեմինիստական շարժման պատմության մեջ: Նա գրել է կանանց իրավահավասարության մասին: 1797-ին Մերի Ուոլսթոքրաֆթն նա ամուսնացավ  փիլիսոփա և հրատարակիչ Ուիլյամ Գոդվինի հետ և 1797-ի օգոստոսի 30-ին աղջիկ ունեցավ` Մերիին, իսկ 11 օր անց մահացավ ծննդատենդից:

Մերիի համար այն ամենը, ինչ կապված էր մոր հետ` նրա շիրիմը, գրքերը, դիմանկարը, սրբություն էին: Սակայն հայրը կրկին ամուսնացավ: Միսիս Քլերմոնի համար նույնպես այդ ամուսնությունը երկրորդն էր, և նա իր հետ նոր ընտանիք բերեց` իր երկու երեխային: Մերին ապրում էր միայն գրքերով, հոգով իսկական արիստոկրատ էր և անհանդուրժող ու ընդվզող խորթ մոր հանդեպ: Միայն խորթ քույրը` Ջեյն Քլերմոնն էր աջակցում նրան: Ջեյնը պաշտում էր Մերիին ու ամեն ինչում աշխատում օգնել նրան:  Մերին խորթ քրոջն ավելի էր սիրում, քան իր հարազատին` Ֆանիին, որ ամեն ինչում ու ամենուր մոր հավանությանն էր ձգտում. բողոքական քույրերը նրան կամազուրկ էին համարում:

Հայրն ուրիշի անվան տակ դասագրքեր էր կազմում, որոնք առանձնապես եկամուտ չէին բերում.  նրանք աղքատ էին ապրում: Սակայն 1812-ին Մերիի հայրը մի հիացական նամակ ստացավ.« Ես ձեր անունը մեծ ննջեցյալների ցանկում պետք է գրանցեի: Բայց դուք կենդանի եք, և ես համոզված եմ, որ մտահոգ եք մարդկության բարեկեցությամբ»: Նամակագրի անունը, որը նույնպես մարդկության  բարօրության մասին մտածող մեկն էր, Պերսի Բիշի Շելլի էր: Այն ժամանակ դեռևս 20-ամյա բարոնետը հետագայում պետք է դառնար հանճարեղ պոետ: Գոդվինն, իհարկե, այդ մասին չէր էլ կռահում, երբ Շելլիին  իրենց տուն հրավիրեց. նրան հետաքրքրում էր Շելլիի ընտանեկան դրությունը: 1814-ին լրացավ Մերիի ու Ջեյնի 16 տարին: Ջեյնը լավիկն էր, իսկական պչրուհի: Նա երազում էր դերասանուհի դառնալու մասին: Իսկ Մերին նրբագեղ էր, մուգ աչքերով, ապշեցուցիչ ճերմակ մաշկով, որ «ճառագում էր աստվածային շքեղությամբ», ինչպես շատերն են հիշում նրան: Շելլին այնքան էր տարվել Մերիով, որ մոռացել էր անգամ ասել նրան, որ ամուսնացած է, դուստր ունի, և կինը կրկին հղի է:

Պոետ փրկիչը

Իր առաջին ամուսնությունը Պերսի Բիշի Շելլին սխալմունք էր համարում: Դեռ ուսանող էր, երբ սիրահարվեց պանդոկապանի 15-ամյա դստերն ու  ցանկացավ փրկել նրան. ցանկացավ, փախցրեց ու ամուսնացավ: Ծնողները, իմանալով այդ մասին,  պատժելու համար նրան քիչ փող էր ուղարկում նրան գրպանի ծախսերի համար: Կնոջ հայացքներն ուրիշ էին, նա միայն մտածում էր գեթ մեկ սպասուհի ունենալու մասին: Պոետը գերադասեց մոռանալ նրա գոյության մասին, երբ իր կյանքում հայտնվեց Մերին: Նա ոչ միայն համախոհ էր, այլև սեփական գաղափարներն ուներ, որոնք քաղված էին մոր ստեղծագործություններից: Մոր շիրիմի  մոտ էլ տեղի ունեցավ նրանց առաջին  հանդիպումը: Մերին անտարբեր էր փողի, ընդունված կարգի նկատմամբ: Շելլին, բնականաբար, չէր կարող խնդրել նրա ձեռքը, այդ իսկ պատճառով առաջարկեց փախչել: Սակայն Մերին զարմացրեց նրան` Ջեյնին իրենց հետ տանելու խնդրանքով: Նա բացատրում էր, որ Ջեյնը ծնողների ընտանեկան  ծանր մթնոլորտում պարզապես կխեղդվի: Շելլին ազդվեց ու համաձայնեց: Ոչ մեկի մտքով իսկ չէր անցնում, որ Ջեյնը նույնպես սիրահարված է Շելլիին:

Փախուստի օրը

Եվ մի օր Մերին ու Ջեյնը սովորականի  պես տնից դուրս եկան` առանց որևէ իր վերցնելու: Շելլին նրանց էր սպասում փողոցի ծայրին: Երեք փախստականներն ապրանքատար նավով կտրեցին Լա Մանշը: Ապա ճանապարհորդեցին Եվրոպայով: Բայց փողի սղության պատճառով  ճամփորդությունը բավական մռայլ էր: Վերադարձին Պերսին երկու քույրերին կառք նստեցրած ու տնետուն  ընկած`  պարտքով փող էր խնդրում: Նրան փող տվեց միայն նախկին կինը, ումից նույնպես Շելլին չամաչեց  խնդրել: Հղի կինը հուսահատության մեջ էր: Սակայն չկարողացավ տեսնել, թե ինչպես է իր երեխաների հայրը Լոնդոնով մեկ փող հայցում: Հրաժեշտին կինը նրան անիծեց, սակայն  Շելլին շտապում էր Մերիի մոտ. այժմ կարող էր սենյակ վարձել ու ընկնել փոխըմբռնման վայելքի մեջ: Ջեյնն ընդունվեց թատրոն Ջեյն Կլեր անունով: Մերին ու Պերսին առավոտյան ժամերը միասին էին անցկացնում, թղթից նավակներ էին սարքում, իսկ երեկոյան բարձրաձայն կարդում էին ու քննարկում: Ջեյնը նրանց հետ էր ապրում:  Նա աստիճանաբար համոզվում էր, որ Շելլին իր հանդեպ անտարբեր է, ու դրա պատճառով հաճախ հիսթերիկ տեսարաններ էր սարքում. երևակայական հիվանդ էր դառնում կամ էլ իբր հալյուցինացիաներ էր տեսնում: Մի խոսքով, ամեն ինչ անում էր Շելլիին իր սենյակ բերելու համար: Սակայն անլուրջ պոետն այս պարագայում օրինակելի պահվածք դրսևորեց ու  Ջեյնին ի վերջո հասկացրեց, որ Մերին հղի է, և նրան հուզվել չի կարելի:

Կյանք` երկուսի համար

Իրենց փախուստի օրվանից սկսած` քույրերը  մեկ օրագիր էին պահում երկուսի համար: Բոլոր իրադարձությունները շարադրում էին ամենազավեշտալի մանրամասնությամբ. հումորի զգացումը կյանքի ոչ մի պարագայում նրանց չլքեց: Մի անգամ նրանց այցելության եկավ Շելլիի նախկին կինը` Հարիետը` աղքատացած, դուստրը գրկին: Շելլին նրան առաջարկեց իրենց միանալ «ընկերոջ ու քրոջ» իրավունքով: Նա կարծում էր, թե երեխաներին օգտակար կլինի իր ազդեցությունը. ինքն ու Մերին սիրո կենդանի օրինակ կծառայեն նրանց: Ու շատ զարմացավ, երբ Հարիետը մերժեց առաջարկը: Զարմացավ նաև Մերին ու  իր օրագրում Հարիետին բնութագրեց որպես «մի շատ տարօրինակ կերպար»:

Այդ ժամանակ Շելլիին պարտքերի պատճառով բանտ էր սպառնում: Հովվերգությունն ավարտվեց: Հղի Մերին էժանագին սենյակներ վարձեց: Շելլին ստիպված էր ընդհատակ անցնել: Մերիի հայրն ու Շելլին ճանաչված մարդիկ էին: Քաղաքով մեկ կեղտոտ լուրեր տարածվեցին, թե Գոդվինն իր պատվի դիմաց դստերն ու խորթ աղջկան վաճառել է Շելլիին, իսկ  վերջինս ապրում է երկուսի հետ էլ: Շատերն այդ լուրերին հավատում էին: Ընկերների ու հոր օգնությամբ Շելլին պարտատերերի հետ հարցերը լուծեց: Սակայն այդ ժամանակ Ջեյնը Մերիին  օգնելու պատրվակով կրկին տեղափոխվեց նրանց մոտ, քանի որ Մերին չէր կարող դուրս գալ (այն ժամանակ, երբ հղիությունն արդեն նկատելի էր դառնում, պատշաճ չէր համարվում հասարակության  մեջ այդ տեսքով երևալը): Երբ Հարիետը ծնեց որդուն` Չարլզին, Պերսին հպարտ էր, ամեն դեպքում ժառանգ էր ծնվել: Ամուսնու երջանկությունը խոցում էր Մերիին, չէ՞ որ ինքն ապօրինի երեխա էր կրում: Նա դժբախտ էր զգում իրեն: Երեկոները Պերսին հյուր էր գնում  Ջեյնի ուղեկցությամբ: Իսկ որ ավելի վատ էր, նա այցելության էր գնում Հարիետին ու որդուն: Մերին վախենում էր, որ Շելլին կթողնի իրեն: Մեղադրում էր ինքն իրեն ամուսնու  նկատմամբ անվստահության համար ու տառապում էր իր վախերից:  Այս բոլոր հուզումների պատճառով ժամանակից շուտ ծննդաբերություն սկսվեց: Լույս աշխարհ եկավ տհաս, թույլ աղջիկ: Չնայած մոր անձնուրաց խնամքին` երեխան ապրեց ընդամենը 2 շաբաթ: Նույնիսկ այդ օրերին Մերի Գոդվինը շարունակում էր օրագիր պահել, որը սկսել էր փախուստի օրվանից:

1815 թ., մարտի 6.«Իմ փոքրիկին մեռած գտա: Դժբախտ օր: Երեկոյան կարդում էի «ճիզվիտների անկումը»:

Մարտի 9.«Անընդհատ մտածում եմ իմ ճստիկի մասին: Ինչ ծանր է մոր համար երեխա կորցնելը: … Կարդում էի Ֆոնտենելլիի «Աշխարհների հոգնակիության  մասին»-ը:

Մարտի 19.«Երազում տեսա, որ իմ պստիկը կենդանի է, որ նա հենց նոր է սառել, իսկ մենք նրան շփում ենք կրակի մոտ: Արթնացա, իսկ պստիկս չկար: Կարդում եմ Գիբբոնին»:

Եվ այսպես ողջ կյանքում: Դժբախտության ու երջանկության նկարագրությունն ընդհատվում է գրքերի ցանկով ու կարդացածի վերաբերյալ մտորումներով: Դա տարօրինակ է թվում, բայց եթե նա այդքան տարօրինակ չլիներ, հիմա Մերի Շելլիի անունը չէինք իմանա:

Հետագայում` Պերսիի մահից հետո, նա գրում է. «Մտավոր պարապմունքներն ինձ համար ավելի անհրաժեշտ էին, քան օդը: Պերսին էլ էր այդպիսին: Ահա նրա գրառումներից«…Սիրելիս…իմ հիշողության մեջ հազարավոր քաղցր համբույրներ են դրոշմվել: Եթե դու տրամադրված ես լատիներենի պարապմունքին,  կարդա Ցիցերոնի «Պարադոքսները»: Հենց Շելլին էր, որ կարդալով Մերրիի մանկական շարադրանքները` առաջարկեց նրան գրականությամբ զբաղվել: Իսկ Մերին նրա բանաստեղծությունների  ժողովածուն հետմահու հրատարակելու աշխատանքների ժամանակ «գուշակություններով» վերականգնում էր որոշ տեքստեր: Մերիի ու Շելլիի հոգևոր փոխըմբռնումն այնքան խորն էր, որ Մերին հեշտությամբ էր որսում ամուսնու ավարտին չհասցրած բանաստեղծական ռիթմը:

Ֆրանկենշտեյնի ծնունդը

1816-ի փետրվարը ցնցեց Լոնդոնին այն շշուկներով, թե լեդի Բայրոնը փորձել է թունավորել իր ամուսնուն` գեղեցկադեմ պոետ Ջորջ Գորդոն Բայրոնին: Դերասանուհի Ջեյն Կլեր Կլերմոնն իսկույն բռնկվեց նրա հանդեպ անսանձ սիրով և դարձավ նրա սիրուհին: Մերի Պերսին  այդ ժամանակ նորից հղի էր: Այս անգամ ամեն ինչ փոքր-ինչ այլ էր: Երեքը դարձյալ միասին են ապրում, ու ամեն ինչ կարծես կարգին է, մեծամասամբ` Բայրոնի շնորհիվ: 1816-ին Բայրոնը Պերսիին , Մերիին ու Կլերին հրավիրեց Շվեյցարիայի իր առանձնատունը: Այնտեղ նա ներկաներից յուրաքանչյուրին առաջարկեց մի- մի սարսափազդու պատմություն հորինել: Մերին պատմեց, թե ինչպես դստեր մահից հետո իրեն չկազմավորված դիմագծերով հրեշ է հայտնվում.«Ինչն ինձ է վախեցնում, կվախեցնի նաև ուրիշներին. բավական է նկարագրել  այն ուրվականին, որն այցելում է ինձ գիշերները իմ անկողնու մոտ»,- որոշեց Մերին:

Նա որդի ունեցավ` Ուիլյամին: Գիրք գրեց…Դա նրա կյանքի երջանիկ ժամանակահատվածն էր: Սակայն նույն տարին նրա ավագ քույրը` Ֆաննին,  օփիումի մահացու չափաբաժին ընդունեց: Ֆաննին գրել էր Մերիին, սակայն վերջինս չէր պատասխանել ու մինչև իր կյանքի վերջն իրեն մեղադրեց քրոջ մահվան մեջ:

Մերին «Ֆրանկենշտեյն» վեպն ավարտեց 1817-ի մայիսին: Իսկ դեկտեմբերին ինքնասպան եղավ Պերսիի օրինական կինը: Հասարակայնությունը մեղադրում էր Պերսիին անբարո վարքի համար, ինչն իբր դարձել էր Հարիետի մահվան պատճառը: Երեխաներին հանձնեցին  ուրիշի խնամքին, իսկ Մերիին համարում էին փչացած: Տարածվեցին շշուկներ, թե իբր Բայրոնը, Պերսին, Մերին ու Կլերն ապրում են մի ընտանիքով, որտեղ  ամեն  տղամարդ միաժամանակ երկու կանանց սիրեկանն է: Պերսին ու Մերին ամուսնացան ու երեխայի հետ մեկնեցին Անգլիա: «Ֆրանկենշտեյնը» լույս տեսավ 1818-ի գարնանը` նրանց տեղափոխությունից հետո: Սակայն Մերիի անկողնու մոտ նստող հրեշը մեկը մյուսի հետևից տանում էր նրա երեխաներին: Ե՛վ Ուիլյամը, և՛ դուստրը, որ ծնվեց Իտալիայում, ապրեցին շատ քիչ: Մերին վշտից խելացնորության սահմանին էր: Հղիանալով նա կրկնում էր, որ կրծքի տակ ննջեցյալ  է կրում: 1819-ի նոյեմբերի 12-ին Ֆլորենցիայում ծնվեց Պերսի Ֆլորենս Շելլին: Տղային վիճակված էր ապրել: 1822-ի ձմեռն ամուսիններն անցկացրեցին Լերիչի գյուղակում: Այնտեղ նրանք ծանոթացան Էդվարդ ու Ջեյն Ուիլյամսների հետ: Ջեյնը դարձավ Մերիի ընկերուհին ու Շելլիի ոգևորության աղբյուրը: Շելլին հենց նրան էլ նվիրում էր իր բանաստեղծությունները. նա գրում էր օրագրում (որը, ի դեպ, մեկն էր ամուսինների համար): «Ջեյնն ինձ գնալով ավելի ու ավելի շատ է դուր գալիս»: Շելլին հասկանում  էր, որ Ջեյնը «վատ է զգում համընդհանուրը», սակայն նա իր կնոջից, որը տանջվում էր վաղամեռիկ զավակների համար, ավելի էր գրավում իրեն:

1822-ի հուլիսի 8-ին, երբ Մերին ընդամենը 25 տարեկան էր,  այն նավը, որով Պերսին ու Էդվարդ Ուիլյամսը վերադառնում էին գյուղ, հայտնվեց փոթորկի մեջ: Ծովը քշեց նրանց մարմինները, միայն 10-րդ օրը Շելլիի մարմինը գտան ու այրեցին, իսկ աճյունը թաղվեց Հռոմում: Ամուսնու մահից հետո Մերին ասաց.«Իմ կյանքն ավարտված է: Ես ապրում եմ միայն աշխատանքի ու իմ փոքրիկ որդու համար: Այն 8 տարին, որ ապրել եմ սիրելիիս հետ, ճանաչել եմ անսահման երջանկությունը: Ես խոսում էի նրա հետ, իմ ուղեղը մերկացած էր: Իսկ այժմ ես լրիվ միայնակ եմ: Օ, իմ սիրելի Շելլի: Իմ առջև ճերմակ թուղթ է: Գրական աշխատություն, այն ամենը, ինչ մնում է ինձ լեթարգիան ցրելու համար»: Այդպես նա ապրեց ևս 30 տարի: Որպեսզի որդուն կրթություն տար, նա անդադրում թարգմանում էր, հոդվածներ ու վեպեր գրում: «Ֆրանկենշտեյնից» հետո հինգ վեպ գրեց: Շապիկին նրա ազգանվան փոխարեն գրվում էր` «Ֆրանկենշտեյնի» հեղինակ: Դա բավարար էր:

Դիտվել է 3075 անգամ:
Print Friendly

Leave a Reply