Կշարունակվի արդյո՞ք տնտեսական անկումը. երկու կարծիք` մեկ հարցի շուրջ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 6, 2009 13:19

Առաջին կիսամյակում արձանագրված 16,7 տոկոս տնտեսական անկումից հետո, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, տարեվերջին անկման տեմպերը կսկսեն նվազել՝ հասնելով 12 տոկոսի: Վարչապետն ասում է, որ դա տեղի է ունենում կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում:

Վարչապետ Սարգսյանը Եղեգնաձոր կատարած այցի ժամանակ երեկ ասել է, որ ճգնաժամային իրավիճակներին բնորոշ օրեցօր փոխվող իրավիճակների պայմաններում, կառավարությունը պետք է ուշադիր հետևի համաշխարհային տնտեսությունում առկա զարգացումներին, որպեսզի կարողանա կանխարգելել դրանց բացասական ազդեցությունները հայաստանյան տնտեսության վրա: Իսկ 2010թ. բյուջեում կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ:

Սակայն ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` անկման միտումները կշարունակվեն, ու շատ երկար ժամանակ կպահանջվի` հաղթահարելու ճգնաժամի հետևանքները: «Եթե մենք հաջորդ տարի ունենանք զրոյական աճ, ես դա կհամարեմ խիստ լավատեսական պրոգրես»,- օրերս հրավիրած ասուլիսին ասաց նա: Տնտեսագետի հաշավարկներով` տարեվերջին տնտեսական անկումը կլինի երկնիշ թիվ` մոտ 15 տոկոսից ավելի:

«Ճգնաժամի պայմաններում համար մեկ թիրախ դառնում է տնտեսական աճը, երկրորդը` ֆինանսական կայունությունը, երրորդը` գնաճը,- ասում է վարչապետը,- Այսօր մեր Կենտրոնական բանկը, իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իրականացնում է ընդլայնողական քաղաքականություն, գործելով հենց այդ տրամաբանության ներքո»:

Տնտեսագետ Մանասերյանը մտահոգություն է հայտնում, որ առեւտրային բանկերը,  օգտագործելով կառավարության տրամադրած վարկային միջոցները, իրենք են պետությանը պայմաններ թելադրում, փոխանակ հակառակը լիներ: «Նրանք պետության գործակալներն են, իսկ պետության գործակալը պետք է շարժվի պետության որոշակի պայմանների թելադրանքով,-ասում է Մանասերյանը,- Կառավարության դժվարին ջանքերի գնով ձեռք բերված վարկային միջոցները բանկերը տրամադրում են են 10-ից ավելի տոկոսադրույքով: Իսկ կառավարությունը զլանում է պարտադրել իր պահանջները»:

2008թ.  առաջին 7 ամիսներին, 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 10,5 տոկոսանոց գնաճ: «Եթե այս տարվա յոթ ամիսները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա պարզ է, որ ներկայումս առկա է միայն 3 տոկոսանոց գնաճ,- ասում է վարչապետը,- Ընդ որում` եթե հաշվի առնենք, որ այդ 3 տոկոսի մեջ 1,5 տոկոսը պայմանավորված է վարչական` էլեկտրաէներգիայի եւ գազի գների բարձրացմամբ, ապա պարզ է, որ գնաճային միջավայրը բարենպաստ է այս տարի: Տարին կավարտենք բավական ցածր գնաճով»:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply