Հեղափոխությունների ալիքը Մերձավոր Արևելքում. ո՞ւմ հերթն է Եգիպտոսից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 21, 2011 3:19

Թունիսում Բեն Ալիի և Եգիպտոսում Մուբարաքի տապալումը ցույց տվեցին, որ այլևս ոչ մի վարչակարգ ապահով չէ:

Եմենը, Ալժիրը, Իրանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Լիբիան, նաև Իսրայելի կողմից «օկուպացված» տարածքներն այն թեժ կետերն են, որտեղ ներկայումս հեղափոխության բռնկման վտանգ կա: Այս երկրներում տիրում է ավտորիտար-տոտալիտար-ոստիկանական վարչակարգ, և բնակչությունը հիմնականում աղքատ է, իր իրավունքների ու ազատությունների ապահովման բավարար պայմաններ չունի:

Եգիպտոսից հետո Եմե՞ն

Եթե հեղափոխության բռնկման գլխավոր հիմքն ենք համարում սոցիալականը, ապա Եմենն այս դեպքում ամենախոցելին է Եգիպտոսից հետո: Աղքատությունն այս երկրում ահռելի չափերի է հասել: Սա արաբական աշխարհի ամենաաղքատ երկիրն է. ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի` 24 մլն բնակչության 45%-ն ապրում է օրական 2 դոլար եկամտով. 35% գործազրկություն, նվազող բնական պաշարներ և երիտասարդ բնակչություն (45-%ը 15 տարեկանից ցածր է), որի պահանջներն ուղիղ համեմատական են իր աճին: Գործազրկության տոկոսը, ըստ որոշ հետազոտությունների, առաջիկա 20 տարում կկրկնապատկվի:

Եմենն, ի տարբերություն մյուս մերձավորարևելյան երկրների, շատ քիչ նավթ ունի, իսկ տնտեսությունը հենվում է միայն այդ քիչ քանակի նավթի վրա. մի շարք վերլուծություններ ցույց են տալիս, որ նավթային պաշարներն էլ մինչև 2017 թ. կսպառվեն: Եղած նավթից ստացված եկամուտներն էլ գնում են նախագահի ու նրա մերձավորների գրպանները` երկրում ստեղծելով կլեպտոկրատիկ-օլիգարխիկ համակարգ:

Մահացությունն ու հիվանդություններն ահռելի չափերի են հասնում: 2004 թ. տվյալներով` 10 հազար մարդուն հասնում էր 3 բժիշկ, իսկ 2005 թ. տվյալներով` 10 հազար մարդուն` 6.1 հիվանդանոցային մահճակալ: Առողջապահական ծառայություններն աղքատ շրջաններում սահմանափակ են. այդ շրջանների միայն 25%-ն է ապահովված առողջապահական ծառայություններով` համեմատած ուրբանիզացված շրջանների 80%-ի հետ: Սա, բնականաբար, հանգեցնում է մահացության (հատկապես երեխաների) թվի աճի:

Սոցիալական վերը նշված իրավիճակը «բարենպաստ հող» է պատրաստել արմատական իսլամի զարգացման համար. հարկ է նշել, որ 2002 թ. ի վեր ավելի քան 100 եմենցի ահաբեկչություններին մասնակից լինելու մեղադրանքով բանտարկվել է Գուանտանամոյի բանտում:

Սոցիալական այս ճգնաժամն էր, որ ոտքի հանեց եմենցիներին` նախագահ Ալի Աբդուլլահ Սալիհի վարչակարգը տապալելու նպատակով:

Եմենցիների ընդվզումները և Սալիհի հանդարտեցման փորձերը

Հունվարի կեսերից սկսված ցույցերը մայրաքաղաք Սանայում պահանջում էին Սալիհի հրաժարականը և դատապարտում որդուն իշխանությունը փոխանցելու նրա մտադրությունը: Բողոքի ալիքին ի պատասխան` Սալիհը խոստացավ, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո չի ձգտի դրա երկարաձգմանը:

1978 թ. ի վեր Սալիհն է ղեկավարում Եմենում. 30-ամյա կառավարման ժամկետը լրանում է 2013 թ.:

Նա նաև հայտարարեց, որ չի փոխանցի իշխանությունը ավագ որդի Ահմեդ Սալիհին, որը Հանրապետական պաշտպանի` Եմենի բանակի էլիտար զորամիավորման ղեկավարն է: Սալիհը նաև մի շարք տնտեսական զիջումների գնաց.  օրինակ` եկամտահարկի կրճատումը և կառավարական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը:

Այս քայլերով, փաստորեն, Սալիհը, փորձեց խաղաղեցնել ցուցարարներին: Սակայն Եմենի ամենամեծ ընդդիմությունը համարվող  Ալ-Իսլահ (ռեֆորմ) կրոնական կուսակցության փոխքարտուղար Մոհամմեդ ալ-Սաադին հայտարարեց, որ Սալիհի կողմից զիջումները դրական են, այնուամենայնիվ ընդդիմությունը կշարունակի ցույցերը, ինչպես որ ծրագրել էր: «Մենք այդ նախաձեռնությունները դրական ենք գնահատում, բայց սպասում ենք հաջորդ քայլերին»,-հայտարարել էր ալ-Սաադին:

Եմենում լարվածություն սկսվեց, երբ  խորհրդարանն ուժի մեջ դրեց սահմանադրության մեջ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որը, եթե ընդունվեր, հնարավորություն կտար Սալիհին մնալու գահին ցմահ:

Շաբաթ օրը` Մուբարաքի հեռանալուց մեկ օր անց, ինչպես Ալժիրում, այնպես էլ Եմենում տեղի ունեցան ցույցեր. դրանք սկսվեցին մի քանի հարյուր ուսանողների հակակառավարական երթով դեպի Եգիպտոսի դեսպանատուն. ցուցարարների շարքերն աստիճանաբար ստվարացան. նրանք գոռում էին. «Մուբարաքից հետո Ալիի հերթն է»:

Ինչպես հաղորդում է Human Rights Watch-ը, ուրբաթ երեկոյան Սանայում Մուբարաքի հրաժարականը տոնող հակակառավարական ցույցերի ժամանակ շուրջ 10 մարդ է ձերբակալվել: Մարդու իրավունքների պաշտպան Խալեդ Ալ-Անեսին CNN-ին հաղորդել է, որ «անվտանգության ուժերը քաղաքացիական համազգեստներով, եմենական ավանդական դանակներով ու մահակներով զինված, հարձակվել են ցուցարար ամբոխի վրա»: Սակայն ամերիկացի լրագրող Լաուրա Կասինոֆը, որ Եմենում է, նշում է, որ շաբաթ օրը հակակառավարական ցույցերը Սանայում այնքան էլ ուժեղ չէին, և «բախումների մասին այդ հաղորդումները չափազանցված են»: Այնուամենայնիվ նշվում է, որ բոլորը զինված են, և Թահրիրում պրո-Սալիհյան տղաներն իրենց ավտոմեքենաներում զենք են պահում. սա էլ ստիպում է Եմենի ընդդիմությանը դեռ հուժկու առճակատման չգնալ կառավարության դեմ, որովհետև հասկանում են, որ բռնության ալիքը Եմենում չափազանց արագ աճի միտում ունի: Քաղաքացիական նոր բախումների վտանգ կա, ինչպես, օրինակ` 1994 թ. քաղաքացիական պատերազմը:

Ահաբեկչության դեմ պայքարող Սալիհի վարչակարգը և Եմենի կազմաքանդման ռիսկը

Եմենում հեղափոխական իրավիճակը նաև հղի է ընդհանրապես Եմենի ազգային անվտանգության իրական սպառնալիքներով: Բացի վերը նշված սոցիալական ճգնաժամից, Ալ-Քաիդայի ծայրահեղականների հնարավոր գրոհները, հարավում անջատողական շարժումը (որի նպատակն է առանձնանալ և ստեղծել «Հարավային Արաբիա») և զարգացող Շիա ապստամբները հյուսիսում դամոկլյան սրերի պես կախված են Եմենի գլխին:

Խնդիրն այն է, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից մի քանի օր անց նախագահ Սալիհը մեկնեց Վաշինգտոն և առաջարկեց Եմենի աջակցությունը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին «ահաբեկչության դեմ պատերազմում»: Ապա  2000-ականներին դժգոհությունների ալիք բարձրացավ երկրում. «Ալ-Հոութի վերածննդի» շարժումը, որ սկսվեց 2004-ի հունիսին, դատապարտեց Սալիհի վարչակարգը` անվանելով այն «պրո-ամերիկյան և պրո-իսրայելական»: 3 ամիս տևած ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ տուժեցին. շարժումը հետո թուլացավ:

2007 թ. կեսերին կրկին սկսվեցին բողոքի ակցիաները, որոնցից մի քանիսն ուղղորդվեցին կառավարական ուժերի հետ արյունալի բախումներով. այս անգամ ցույցերը տևեցին մի քանի ամիս, հիմնականում Եմենի հարավային շրջաններում. դրանք կազմակերպվել էին վետերան ռազմական պաշտոնյաների կողմից, որոնք թերևս պատրվակ էին դարձրել չափազանց ցածր թոշակների հիմնախնդիրը: Սոցիալական ցասումը, սակայն, ներառեց քաղծառայողներին, իրավաբաններին, ուսուցիչներին, դասախոսներին և գործազուրկ երիտասարդությանը:

«Վերածնունդը» հյուսիսում և բողոքի ակցիաները հարավում հարցականի տակ դրեցին Սալիհի վարչակարգի լեգիտիմությունը: Ի լրումն այս ամենի` 2008 թ. սկզբին Ալ-Քաիդայի կողմից մի շարք ռմբակոծումներ իրականացվեցին Սանայի դիվանագիտական թաղամասում, որոնցից ամենաողբերգականը սեպտեմբերի 17-ին ԱՄՆ դեսպանատան շքամուտքի մոտ իրականացված պայթյունն էր, ինչը հանգեցրեց 16 մարդու մահվան: Դրան հաջորդեց 2009 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի կողմից հրթիռային գրոհների իրականացումը Եմենում Ալ-Քաիդայի 2 կասկածելի օջախների վրա:

Փաստորեն, Եմենի նախագահին հիմա «շախ կարող են հայտարարել» բոլոր կողմերից. հարավից ու հյուսիսից, ահաբեկիչների և սեփական ժողովրդի կողմից, իսկ Եգիպտոսից ու Թունիսից արդեն սկսվել են Եմենի ցուցարարների աջակցության ծրագրերը:

Ինտերնետով հեղափոխության կազմակերպման հնարավորությունը Եմենում

Սակայն, եթե ուղղորդվենք Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Google-ի մարքեթինգի ղեկավար Վաել Գհոնիմի թեզով, թե «հեղափոխությունը կարող է լինել Facebook-յան իրադարձություն, որը լինում liked, shared և tweeted», Եմենում այս առումով խնդիրներ կան: Ինտերնետ հասանելիությունն այստեղ ամենացածրն է Արաբական աշխարհում: 2010 թ. հունիսի տվյալներով` ինտերնետից օգտվողների թիվը 420 հազար է, որոնցից միայն 119 հազար 840-նն են, 2010 թ. օգոստոսի տվյալներով, Facebook-ում գրանցված, ի տարբերություն Եգիպտոսի               3581460-ի: Բացի այդ, ինտերնետի արագությունը շատ ցածր է:

Եմենի կառավարությունը վերահսկում է ինտերնետը` որոշելով, թե ինտերնետային ինչ բովանդակություն կարող է հասանելի լինել քաղաքացիներին: Թեև արգելափակված են միայն պոռնոգրաֆիկ կամ, օրինակ, թմրանյութերի հետ կապված կայքէջերը, միտում կա, որ կառավարությունը կարգելափակի նաև քաղաքական բովանդակությամբ լրատվությունը:

Ամեն դեպքում, Եմենում, ի տարբերություն Եգիպտոսի, Թունիսի ու մնացած արաբական երկրների, որտեղ արդեն նկատելի են հեղափոխության հնարավոր բռնկումները, սոցիալական վիճակն ամենավատթարն է, ինչը միգուցե փոխլրացնի ինտերնետի բացը: Բացի այդ, ի տարբերություն եգիպտական ու թունիսյան ցույցերի, որ թվում է` ունեին նվազ կենտրոնացված ղեկավարություն, ցույցերը Եմենում կազմակերպված են և ղեկավարվում են Եմենի ընդդիմության խմբերի կոալիցիայի կողմից:

Սալիհի իշխանությունը դեռևս փորձում է ուժի հակազդեցությամբ ու վախով ճնշել ցույցերը. ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների վրա: Սակայն ցանկացած պահի ցույցերը կարող են պայթել` աղետալի հետևանքների առաջ կանգնեցնելով Սալիհին ու Եմենին ընդհանրապես:

Ակնհայտ է, որ ցուցարարներին չեն գոհացրել Սալիհի կողմից արված զիջումները. նրանք չեն հավատում նախագահի խոստումներին. լավ հիշում են, որ Սալիհը 2006 թ. էլ էր նախագահ չընտրվելու խոստում տվել, ինչը դրժել է: Սալիհին անհրաժեշտ կլինի ավելի արմատական ու համակարգային փոփոխություններ կատարել և ժամանակին կատարել: Եթե նրան չհաջողվի այս շաբաթվա մեջ անհապաղ կոալիցիոն կառավարություն կազմել` նախարարներ նշանակելով ընդդիմության ներկայացուցիչներին, ապա ոչ միայն Սալիհը, այլև Եմենը կկանգնի աղետալի հետևանքների առջև:

Իրանը Եգիպտոս չէ, և Ահմադինեժադը Մուբարաք չէ

Իրանը Եգիպտոս չէ, որովհետև Իրանում ուժային կառույցներն աջակցում են կառավարությանը. այստեղ Հեղափոխական գվարդիան մեծ ուժ է ներկայացնում: Բացի այդ, Կահիրեում ցույցերը թույլատրվեցին, և Մուբարաքի վարչակազմն ընդունեց դրանք որպես ընդունելի ռիսկ, ինչը բնական էր:

Իսկ Իրանում ցույցերն արգելվեցին. ընդդիմության առաջնորդներ Մեհդի Քարուբին և Միր Հուսեյն Մուսավին դիմում էին ներկայացրել Իրանի ներքին գործերի նախարարություն` պահանջելով թույլ տալ փետրվարի 14-ին Թունիսի ու Եգիպտոսի ժողովրդին աջակցելու նպատակով քայլարշավ իրականացնել, ինչը մերժվեց: Սակայն, ընդդիմությունը հաստատակամ գտնվեց և կոչ արեց շարունակել գործողությունների նախատեսված ծրագիրը` չնայած ընդդիմության առաջնորդ Քարուբիի տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքին:

Ցույցից առաջ` շաբաթ օրը, իրանական իրադարձություններին արձագանքեց Սպիտակ տունը. Օբամայի վարչակազմը փորձեց ցույց տալ, որ ազդեցություն ունի աշխարհում մարդկանց ազատությունների պաշտպանության համար մղվող ժողովրդավարական պայքարի վրա: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Թոմ Դոնիլսոնը Իրանի մասին ասաց. «Հայտարարելով, որ չեն թողնի ընդդիմության ցույցերը, Իրանի կառավարությունը, փաստորեն, ապօրինի է համարում այն, ինչը Եգիպտոսի մասով ողջունվել է (Ահմադինեժադն ու Խամենեին ողջունել են եգիպտական ժողովրդի ցույցերը` դրանք որակելով Իրանի Իսլամական հեղափոխության էներգիայի շարունակություն և դատապարտել են Մուբարաքի պրո-ամերիկյան վարչակարգը): Մենք կոչ ենք անում Իրանի կառավարությանը թույլ տալ իրանական ժողովրդի խաղաղ հավաքների, ցույցերի և հաղորդակցության համընդհանուր իրավունքի իրականացումը», – նշել էր Դոնիլսոնը:

Իրանի Հեղափոխական գվարդիան անմիջապես «խոստացավ», որ ուժով կցրի ցույցը, և արեց: Փետրվարի 14-ի հանրահավաքը  թույլատրված չէր, և բնականաբար կառավարությունը պետք է ուժ գործադրեր. ամբոխը ցրելու համար գազ և մահակներ կիրառվեցին:

Ավելի քան ենթադրելի է, որ եթե անգամ դրսից աջակցություն չկար ընդդիմության  առաջնորդներին, ապա նրանց ուզածը արյունն էր, որպեսզի լսելի դարձնեն Արևմուտքի ժողովրդավարական ձայնը, պայմաններ ստեղծվեն ԱՄՆ-ի միջամտության համար: Ու հակակառավարական ցույցերից հետո լսվեց Հիլարի Քլինթոնի սպասված ձայնը. «Այն, ինչ այսօր տեսնում ենք Իրանում, իրանցի ժողովրդի խիզախության ապացույցն է և իրանական վարչակարգի հիպոկրատիայի (երկակի ստանդարտներ) դատապարտումը. վարչակարգ, որ վերջին շրջանում վճռականորեն ողջունում էր եգիպտական դեպքերը,-ասաց Քլինթոնը ավելացնելով:- Մենք դեմ ենք բռնությանը և կոչ ենք անում Իրանի կառավարությանը, որ կրկին անվտանգության ուժն ու բռնությունն է կիրառում սեփական ժողովրդի գաղափարների ազատ արտահայտումը կանխելու համար, հաշվի առնի սա»:

Իրանի կառավարության նախապատրաստությունը հակակառավարական գործողություններին

Ինչո՞ւ էր Թեհրանը ողջունում եգիպտական ու թունիսյան հեղափոխությունները, եթե Իրանում Եգիպտոսի կրկնության իրական սպառնալիք կար: Լավ հասկանալով, որ Թունիսից ու Եգիպտոսից հետո Իրանում անխուսափելի կլինեն հեղափոխական զարգացումները, Իրանի իշխանությունները փորձեցին հակահարձակ լինել` միանգամից ողջունելով հեղափոխությունները. նպատակն էր ցույց տալ, թե վերահսկում են իրավիճակը:

Այսօրինակ վարքագծի նպատակը կարող էր լինել նաև կանխավ արձագանքը Արևմուտքին, թե մենք գիտենք` ինչ է սպասվում Իրանում և պատրաստ ենք դրան: Այդ նախապատրաստությունը դրսևորվեց թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին կանչել-հարցաքննելով, թե՛ ուժային կառույցները արտակարգ դրությանը նախապատրաստելով և թե՛ մամուլն ու ինտերնետը սահմանափակելով:

Հատկապես ելնելով սոցիալական ցանցերով հեղափոխական գործողությունների կազմակերպման փորձի մտահոգությունից, ինչը հաջողությամբ կիրառվել էր Եգիպտոսում և Թունիսում, Իրանի կառավարությունն արդեն փետրվարի առաջին շաբաթից սկսեց արգելափակումներ դնել ինտերնետի վրա (Իրանում Facebook-ի հեղափոխության մղող էջը շուրջ 50 հազար անդամ ուներ): Արգելափակվեց բոլոր անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների գործունեությունը. www.fararu.com-ը և sahamnews.org-ը (որն ընդդիմության լիդեր Քարուբիին մոտ կանգնած կայքէջ է) դարձան անհասանելի: Ինտերնետի արագությունը չափազանց դանդաղացվել է, և խիստ վերահսկողություն է հաստատվել տեքստային փոխանցումների նկատմամբ. բջջային հեռախոսակապերը կա՛մ չեն աշխատում, կա՛մ շատ դժվարությամբ են աշխատում: Փակվել են նաև սատելիտային հեռուստատեսային ալիքները. թեև BBC-ն պաշտոնապես բողոք ներկայացրեց, BBC-ի և «Ամերիկայի ձայնի» հաղորդումները հիմա կա՛մ չեն հեռարձակվում, կամ սահմանափակ եթեր է թողնվում:

Անվտանգության ուժերն իրանական դեպքերը լուսաբանող լրագրողներին սկսել են վերահսկել: Թեհրանում գտնվող Ալ-Ջազիրայի լրագրող Դորսա Ջաբբարին նշել է, որ այլ արտասահմանյան ԶԼՄ-ների  ներկայացուցիների հետ իրեն էլ կառավարական հրամանագրով արգելվել է ներկա գտնվել ցույցերին ու լուսաբանել դրանք:

Ահա պարզ է դառնում, որ Իրանում հեղափոխությունը չի կարող Twitted լինել:

Պրոարևմտյան ընդդիմությունը Իրանում և ԱՄՆ աջակցությունը

Այն, ինչ հիմա կատարվում է Իրանում, 2009 թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմության առաջին գործնական քայլերն են (այն ժամանակ, իրանցիներն, ի պաշտպանություն Մուսավիի, փողոց էին դուրս եկել` դատապարտելով Ահմադինեժադի վերընտրությունը զանգվածային ընտրակեղծիքներով:) Ուշագրավ է, որ ներկա ցույցերի կազմակերպիչները հենց 2009-ի նախագահական 4 թեկնածուներից երկուսն են, ովքեր և համարվում էին այն ժամանակ Իրանի ներկայիս նախագահի հիմնական մրցակիցները:

Իրանի նախկին վարչապետ (1981-1988 թթ.) Միր Հուսեյն Մուսավիին, որ հայտնի է ազատական հայացքներով, այսօր Իրանում աջակցում են երիտասարդությունը և գիտական շրջանակները:

Մուսավիի և խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմության մյուս լիդեր Մահդի Քարուբիի 2009 թ. ծրագրի հիմնական գերակայություններից էին Արևմուտքի (ԱՄՆ) հետ երկխոսության սկսումը և Իրանի ծայրահեղականության նվազեցումը, ԶԼՄ-ների ազատությունը, տնտեսապես բաց Իրանի ստեղծումը ևն:

Երեքշաբթի` հակակառավարական ցույցերի հաջորդ օրը, իրանցի կոշտ գծի կողմնակից մի շարք օրենսդիրներ կոչ արեցին մահապատժի ենթարկել Մուսավիին, Քարուբիին և նախկին նախագահ (1997-2005 թթ.) Խաթամիին, որը 2009-ից հրապարակավ աջակցում է ներկայիս ընդդիմությանը:

Փաստորեն, Իրանի իշխանությունները պատրաստ են ընդհուպ վերջին միջոցների` կանխարգելելու ու խեղդելու բարձրացող հեղափոխությունը: Մեթոդների կոշտացումը տրամաբանական է,  մանավանդ որ այդ հանրահավաքները կազմակերպված են ակնհայտ ամերիկամետ ներկայացուցիչների կողմից, և ենթադրություն կա, որ նրանց գործողությունները ուղղորդվում են (կամ շուտով կուղղորդվեն) ԱՄՆ-ի կողմից: Համենայն դեպս, այդ թեզի հիմքեր են տալիս ամերիկյան շարունակական հայտարարություններն ու մեսիջներն ուղղված ընդդիմությանը:

Միգուցե «արտաքին քաղաքականության լարախաղաց» Թուրքիան նույնպես  այս խաղի մեջ է կամ ցույց է տալիս իրեն այդպիսին: Թեհրանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի նախագահ Գյուլը երկուշաբթի` Ահմադինեժադի հետ մամուլի ասուլիսի ընթացում, կոչ արեց «Մերձավոր Արևելքի կառավարություններին լսել իրենց ժողովրդի պահանջները» (Քլինթոնի ու Օբամայի վերջերս անընդհատ կիրառվող բառապաշարից): «Երբ երկրների ղեկավարներն ուշադրություն չեն դարձնում իրենց ժողովրդի պահանջներին, ժողովուրդն ինքն է անցնում գործողությունների, որպեսզի հասնի սեփական պահանջների բավարարմանը»,-նշել էր Գյուլը, ինչից հետո, ինչպես հաղորդում են, ասուլիսն ընդհատվել է:

Հեղափոխության վտանգ նաև Ռուսաստանո՞ւմ

Այնուամենայնիվ, Ահմադինեժադը դեռևս իրեն վստահ է զգում, մանավանդ որ ցույցերը ճնշելուց հետո Թեհրանի փողոցներում համեմատաբար լռություն էր տիրում. նա երեքշաբթի հայտարարեց, որ «Թեհրանում հակակառավարական ցույցերը կազմակերպած «թշնամիները» կձախողվեն»:

Իրանին աջակցության կոչ արեց նաև Ռուսաստանը: Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի քննադատեց ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների` մերձավորարևելյան երկրներում հեղափոխությունները խթանելու քայլերը: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Օբամայի ու պետքարտուղար Քլինթոնի հայտարարություններին` Լավրովը նշել է, որ Մոսկվան համոզված է` սխալ է այլ երկրներին խրախուսել, որ «խթանեն ժողովրդավարությունը, իսկ մենք լսում ենք այդ խրախուսանքները»:

Լավրովը նաև քննադատել է Եվրոպային, ԱՄՆ-ին և   այլ երկրների` Իրանի դեմ լրացուցիչ սանկցիաների գնալու համար, ավելացնելով, որ Ռուսաստանը չի աջակցի ՄԱԿ-ի այնպիսի սանկցիաները, որոնք հստակ չեն ուղղվի անհատների կամ ընկերությունների դեմ: Հակառակ դեպքում, ըստ Լավրովի, սանկցիաներն ազդում են հասարակ իրանցու վրա. «Հետագա սանկցիաները կնշանակեն բնակչության համար սոցիալական հիմնախնդիրների ստեղծում»,-հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի արձագանքն ու Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության ակնհայտ քննադատությունը վկայում են, որ Քլինթոնի «ինտերնետով ազատության կառուցման» հայեցակարգի նպատակը ոչ միայն (կամ ոչ թե) Եգիպտոսի ու Թունիսի ժողովուրդներին ազատություն «ընծայելն» է, այլև Իրանում ու հակաամերիկյան կամ Ամերիկայի հիմնական ընդդիմախոս  երկրներում (Ռուսաստան) հեղափոխությունների նախապատրաստումը (թեզը հիմա սկսվել է շրջանառվել արևմտյան վերլուծական շրջաններում). համենայն դեպս, Լավրովն այդ մտահոգությունն ունի:

Քլինթոնը հայտարարել է, որ ինտերնետի ազատությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակայություններից է, ինչը միայն կավելացնի իր կարևորությունը առաջիկա տարիներին: «Սոցիալական ցանցերն. ինչպես, օրինակ` twitter-ն ու facebook-ն են,  կարևոր գործիքներ են, որոնք մարդկանց ձգտումներին ձայն են տալիս,- ասել է Քլինթոնը:- Եգիպտոսի` ինտերնետն անջատելու միջոցով ցույցերը կանխելու փորձերը ձախողվեցին»: Քլինթոնը նաև նշել է, որ «պետքարտուղարությունը կսկսի չինարեն, ռուսերեն և հնդկերեն Twitter հաշիվերի գործարկումը»` այդպիսով նոր «մեսիջ» ուղարկելով նշված երկրներում (հատկապես Ռուսաստանում և Չինաստանում) ապագայում եգիպտական twitter-ացված  ցնցումների հնարավորության մասին:

Որ Ռուսաստանը պատրաստ է նման ցնցումների և նույնիսկ հակահարվածներ հասցնելու, Լավրովը փորձեց հավաստիացնել պրո-ամերիկյան Լոնդոնում. «Մենք համոզված ենք, որ հեղափոխության կոչերը հակաարդյունավետ են (ուղղակիորեն նշելով բումերանգի հետևանքի մասին): Մենք մեկից ավելի հեղափոխություններ ենք ունեցել Ռուսաստանում (հասկացնելով, որ գիտեն` ինչպես են կազմակերպում հեղափոխությունը ու հետևաբար գիտեն դրա դեմն առնելու մեթոդները) և վստահ ենք, որ անհրաժեշտություն չունենք հեղափոխությունների մղելու մյուսներին (խորհուրդ տալով, որ հեռու մնան Ռուսաստանում հեղափոխություն նախապատրաստելուց և միաժամանակ ցույց տալով պրո-ամերիկյան երկրներում Ռուսաստանի կողմից հնարավոր հեղափոխությունների նախապատրաստման ներուժը)»:

Դիտվել է 2037 անգամ:
Print Friendly

Leave a Reply