Երբ ձախողված է գլխավոր փորձությունը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 24, 2011 0:16

Մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական  մրցաշարի շրջանակում հյուրընկալելու է B խմբի առաջատար Ռուսաստանի ընտրանուն: Եթե այդ խոշոր երկրի ներկայացուցիչները պարտվեն, կարող են կորցնել խմբից դուրս գալու իրատեսական հույսերը: Ընդ որում, մերոնց հաղթանակի հնարավորությունը չպետք է բացառել, եթե հաշվի առնենք մեր հավաքականի հաջող մեկնարկը (խմբում երրորդն է) և տանը հանդես գալու գործոնը:

Սակայն Հայաստանում և Ռուսաստանում կրքերը չեն հանդարտվում, խոսակցությունները չեն դադարում, որ մերոնք, հանուն տնտեսական շահավետ գործարքի, պայմանավորվել են այդ խաղը տանուլ տալ: Ի դեպ, նաև տեսակետ կա, որ մեր երկրի հավաքականը թույլ է, և եթե երբեմն կարողանում է հաջողության հասնել, ապա դա միայն պատահականությանը կարելի է վերագրել: Այնպես որ, անկախ ամեն ինչից, նախանշված պարտությունն օրինաչափություն է համարվում:

Զարմանալի է, որ մարտի 25-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մոտ երկու տասնյակ հանդիպումներից միայն Հայաստանի և Ռուսաստանի հավաքականի խաղն է այդպիսի արձագանք առաջացրել: Ի դեպ, Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներից առաջ խաղը տալու մասին խոսակցություններ նախկինում էլ  եղել են:1997-ին այդպիսի վիճակ էր  Հայաստան-Ուկրաինա, 2003-ին` Հայաստան-Հունաստան ընտրական հանդիպումներից առաջ: Ընդ որում, երկու դեպքում էլ մերոնք պարտվել են:

Ինչևէ, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ հազվադեպ է անցկացնում, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ մրցամարտից առաջ  ստուգողական խաղ էր նախատեսված և, ինչպես հայտնի է, Հայաստանի  հավաքականը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզադաշտում պարտվել է Վրաստանի ներկայացուցիչներին 1:2 հաշվով: Փաստորեն, մեր երկրի ազգային հավաքականի գլխավոր փորձությունը  ձախողվել է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն, իմիջիայլոց, մեծ սպասելիքներ ուներ այդ խաղից, և հատուկ  Կիպրոս էր  ուղևորվել այդ կազմակերպության գործկոմի կազմը, տեղում էլ գործկոմի նիստ էր հրավիրվել: Ընդ որում, ֆեդերացիայի աշխատաքները և հայկական ֆուտբոլը գովաբանող ընտրված լրագրողներ էին տարել, սակայն ամեն բան անգույն վերջաբան ունեցավ, և փառաբանելու առիթներ չեղան:

Ինչ վերաբերում է  մեր  երկրի հավաքականի մրցակցին, ապա Ռուսաստանի հավաքականն էլ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքի մարզադաշտում 0:1 հաշվով պարտվել է մեր հայրենակից Անդրանիկ Թեյմուրյանի թիմին` Իրանի հավաքականին:  Մնում է, որ մերոնք էլ նույն բանը կարողանան անեն: Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն կատարվածից հետո հետաքրքիր մեկնաբանություն է արել: Նա ասել է. «Իրանի ընտրանին նման է Հայաստանի հավաքականին: Չնայած պարտվել ենք, սակայն խաղը շատ օգտակար էր մեզ համար, քանի որ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ զայրացած հանդես կգանք»: Իսկ ահա Ռուսաստանի հավաքականի առաջատար խաղացող Անդրեյ Արշավինը  համեմատության եզրեր չի գտել այն առնչությամբ, որ Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներն էլ պարտվել են: Նա պարզապես հայտնել է, որ Հայաստանի հավաքականը չափանիշ չէ:

Ինչևէ, ֆուտբոլն ավելին է, քան ֆուտբոլը, նաև քաղաքականություն է: Մարզասերները հիշում են, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ինչ ֆուտբոլային դիվանագիտություն էր կիրառվում, երբ մրցում էին Հայաստանի և Թուրքիայի հավաքականները: Ընդ որում, Հայաստանի նախագահի համար այդպես էլ մեծ երազանք մնաց մերոնց հաջողությունը, հաղթանակը: Հանուն դիվանագիտության Սերժ Սարգսյանը ոտքի կանգնեց և  ծափահարեց, երբ թուրքերը գնդակ խփեցին մեր  երկրի ազգային հավաքականի դարպասը: Մնում է  սպասել, որ նույն բանը Երևանում չի կրկնվի, երբ հյուրընկալենք Ռուսաստանի ներկայացուցիչներին: Ի դեպ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՀՀ նախագահը հրահանգ է տվել  հնարավորն անել այդ խաղում հաղթելու համար: Կկատարվի՞ այդ հանձնարարականը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply