Հանդիպման վայրը` Մարսել

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 20, 2011 8:13

Մարտի 24-27-ը Ռումինիայի Յասի քաղաքում կանցկացվի մինչև17 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Խմբում, մեր պատվիրակներից բացի, ընդգրկված են նաև Հոլանդիայի, Իսրայելի և տանտերերի հավաքականները: Մեր երկրի այս տարիքի մարզուհիներն առաջին անգամ են իրենց կարողությունները ցույց տալու Հին աշխարհամասի առաջնությունում: Հայաստանի կանանց, երիտասարդ հանդբոլիստների հավաքականները նախկինում հանդես են եկել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում, և ահա մեր երիտասարդ հանդբոլիստուհիները նորամուտ են նշելու:

Փաստորեն, լուրջ փորձություն է: Այդ է պատճառը, որ Հայաստանի հավաքականը 2010-ի սեպտեմբերից սկսել է նախապատրաստությունը և ուսումնամարզական  պարապմունքներ է անցկացնում: Հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը հայտնեց, որ թիմի կազմում հիմնականում 16 տարին լրացած խաղացողներ են: Կան մի քանի մինչև 16 տարեկան աղջիկներ, ովքեր հեռանկարային են: Ներկայումս նախապատրաստվում է Հայաստանի 15 մարզուհի: Առանձին Ֆրանսիայում են նախապատրաստվում մեր հինգ հայրենակցուհիներ: Հայաստանում գտնվող մարզուհիներն անցած ժամանակամիջոցում պարապմունքներ են անցկացրել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դահլիճում: Հավաքականի հետ պարապել է միայն Գյուրջինյանը. դժվար է եղել, սակայն ներկայումս այդ են հնարավորությունները:

Բոլոր աշխատանքները, այդ թվում և ուսումնամարզական պարապմունքները, կազմակերպվում են ֆեդերացիայի միջոցներով: Սակայն խնդիրներ են առաջացել: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մազասրահում վերանորոգման աշխատանքներ են սկսվել: Բայց հավաքականը շարունակում է նախապատրաստությունը և շաբաթը երկու օր մարզվում է ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում: Մեկական պարապմունք անցկացվում է Արաբկիրի և Շենգավիթի համայնքների մարզադպրոցների դահլիճներում: Հանդբոլիստուհիները մի օր էլ մարզվում են  «Հայաստան» մարզական միության մարզասրահում, փորձում են բարելավել իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մակարդակը:

Ինչ խոսք, մեծ ծանրաբեռնվածություն է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հավաքականի բոլոր  թեկնածուներն էլ դպրոցում են սովորում, այն էլ ավարտական դասարաններում, ապա պարզ կդառնա, թե ինչ արտակարգ պայմաններում են ակամա հայտնվել նրանք: Հայաստանի հավաքականի մարզիչը հայտնեց, որ հիմնական մարզվելու վայր չունենալը խանգարում է, քանի որ ստիպված են եղած հնարավորություններին հարմարվել և հիմնականում պարապել ուշ ժամերին, նաև տեղյակ չեն, թե ինչ ներուժ ունեն Ֆրանսիայում բնակվող այն խաղացողները, ովքեր պատրաստվում են միանալ հավաքականին: Հայտնի չէ, թե այդ հանդբոլիստուհիները որ գծի խաղացողներ են: Այդուհանդերձ, ուրախացնում է այն հանգամանքը, որ այդ խաղացողները համեմատաբար բարձրահասակ են, նաև նրանց թվում դարպասապահ կա:

Բանն այն է, որ մեր երկրի ընտրանին հուսալի դարպասապահի խնդիր ունի: Կարելի է ասել, որ Ինչպես ֆուտբոլում, հանդբոլում  էլ դարպասապահը թիմի կեսն է: Մինչդեռ դարպասապահի հարցն ամենացավոտն էր: Իսկ առանց լավ դարպասապահի այնպիսի լուրջ փորձության, ինչպիսին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարն է, չի կարելի մասնակցել: Հույսն այն է, որ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից դարպասապահն ուժեղ կլինի: Ի դեպ, չի կարելի ասել, թե Հայաստանում այդ տարիքի դարպասապահ չկա: Հավաքականի թեկնածուների թվում է նաև վանաձորցի դարպասապահ Ինեսա Հակոբյանը: Ի դեպ, այդ քաղաքից ևս երկու խաղացող կա: Երկու հանդբոլիստուհի է միանալու Արցախից` Կարինե Պետրոսյանը և Լուսինե Պետրոսյանը: Հավաքականում է ալավերդցի մեկ մարզուհի: Այնպես որ հնարավորն արվում է, որպեսզի մեր թիմում ընդգրկվեն բոլոր կարող ուժերը:

Ի դեպ, այս տարիքի մեր երկրի հավաքականն ունեցել է իր լավ դարպասապահը: Խոսքը Անուշ Բիլյանի մասին է, որը երկար տարիներ հանդբոլով է զբաղվել, սակայն վերջին շրջանում տեղափոխվելէ ֆուտբոլ, ուժերն է փորձում այդ մարզաձևում, պաշտպանում է Հայաստանի հավաքականի պատիվը: Դա վատ չէ, ցավալին այն է, որ մարզիչները երկար ժամանակ  ջանքեր են թափել, կադր են աճեցրել և հետո զրկվելով իրենց սանից` կանգնել փաստի առաջ: Սակայն այս մարզուհին որոշել է օգնել իր խաղընկերներին: Նա կրկին վերադարձել է հանդբոլ:  Պարզապես  նա մի փոքր հետ է վարժվել: Իսկ դժվարությունն այն է, որ ֆուտբոլում դարպասապահը խաղի ժամանակ այլ տեխնիկա է կիրառում, հանդբոլում` բոլորովին այլ: Այժմ Բիլյանը ստիպված է սկսել սկզբից և փորձում է վերականգնել այն ամենը, ինչ սովորել է հանդբոլի մարզչից: Մի պարզ օրինակ միայն: Հանդբոլիստ դարպասպահը իր տիրույթները փորձում է պաշտպանել միշտ պատրաստ` ձեռքերը վեր պարզած դիրքով: Իսկ ֆուտբոլիստ դարպասպահն այդ անելու կարիք ամենևին չունի: Գյուրջինյանը հայտնեց, որ քիչ չեն դեպքերը, երբ հանդբոլիստուհիները զուգահեռ ֆուտբոլով են զբաղվում և խաղում են իրենց երկրների երկու մարզաձևերի հավաքականներում, այնպես որ Անուշն այդ առումով բացառություն չէ: «Հայաստանի հավաքականը վերջերս մրցելու առիթ է ունեցել Բոսնիայի թիմի հետ, որի ավագը, նաև այդ երկրի ֆուտբոլիստուհիների հավաքականի ավագն էր: Ընդ որում, նա փայլուն հանդբոլ էր խաղում»,- հայտնեց Գյուրջինյանը:

Մարզիչը հայտնեց, որ նախապատրաստական ներկայիս փուլում հիմնական ուշադրությունը դարձվում է այն բանի վրա, որ մարզվողները բարելավեն իրենց ֆիզիկականը, բազա ստեղծեն հետագայում իրենց խաղամակարդակը բարձրացնելու համար: Նա այն կարծիքին է, որ մարզուհիների ուժային պատրաստականությունը բարելավելու համար դեռևս բավարար աշխատանք չի կատարվել, և  շատ անելիք կա: Թիմում կան առաջատարներ, ովքեր նախկինում Հայաստանի հավաքականի կազմում միջազգային մրացաշարերի են մասնակցել: Մասնավորապես Մարիամ Առաքելյանը և Անի Ասատրյանը անցած տարի Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում Իսրայելում մասնակցել են «Չելենջ տրոֆի» մրցաշարին: Այդուհանդերձ, հավաքականի բոլոր խաղացողներն էլ մրցակցության փորձի պակաս ունեն, քանի որ մեր խաղացողները քիչ են պաշտոնական հանդիպումների մասնակցում:

Մարտի սկզբին Հայաստանի հավաքականի 11 խաղացող կմեկնի Մարսել, որպեսզի այնտեղ մեր 5 հայրենակցուհիների հետ միասին համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնի, ընկերական հանդիպումների մասնակցի: Փաստորեն, առաջին անգամ հավաքականը ամբողջական կազմով կհավաքվի ֆրանսիայում, թիմի անդամները կծանոթանան միմյանց հետ: Դրանից հետո միայն կպարզվի, թե թիմն ինչ խնդիրներ ունի, որ խաղացողներին է վստահվելու հավաքականում հանդես գալու պատիվը: Թիմի կազմում ընդգրկվելու է 14-16 խաղացող: Ապա հավաքականը կվերադառնա Հայաստան, հետո էլ կմեկնի Վրաստան` այդ երկրի ներկայացուցիչների հետ ստուգողական հանդիպումների:

Թե մրցակիցների ներուժի մասին ինչ պատկերացում ունեն, Գյուրջինյանը դժվարացավ պատասխանել: Նա միայն ասաց, որ ակնկալում են, որ ուժեղ հավաքականներ մրցասպարեզ կհանեն Ռումինիիայի և Իսրայելի ներկայացուցիչները: «Գիտենք, որ հատկապես Ռումինիան ուժեղ թիմ ունի: Մեր առջև խնդիր է դրված պարզապես հնարավորինս լավ հանդես գալ: Առաջին անգամ ենք ուժերը փորձելու Եվրոպայում այդ տարիքային խմբի հանդբոլիստուհիների մրցաշարում, և ցանկալի է, որ լավ տպավորություն թողնենք: Կարևորն այն է, որ Հայաստանի մարզական պատիվը բարձր պահենք»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: Նա նաև նշեց, որ մարզումային ներկայիս փուլում որևէ խնդիր չկա: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան գնդակներով, մարզահագուստով  ապահովել է:

«Բոլոր խաղացողները մեծ պատասխանատվությամբ են նախապատրաստվում: Փորձը ցույց է տվել, որ մեր ֆրանսիացի հայրենակիցներն էլ ամենայն պատասխանատվությամբ  են նախապատրաստվում և համալրում Հայաստանի հավաքականը: Ֆրանսիայում աշխատանքները համակարգում է մարզիչ Պատրիկ Օթամյանը: Այնպես որ ամեն ինչ բնականոն է ընթանում: Միակ խնդիրն այն է, որ թիմի անդամները քիչ են խաղում: Մինչդեռ մեր մրցակիցները ստուգատեսին կներկայանան մի քանի տասնյակ հանդիպում անցկացրած: Դա է, որ մտահոգում է, քանի որ այդ առումով անհավասար պայմաններում ենք: Մեր մարզուհիներն ուժերն են չափում Հայաստանի հանդբոլիստների երիտասարդական հավաքականի հետ: Սակայն դա չի օգնում, որ խաղացողները հոգեբանորեն վստահություն ձեռք բերեն, քանզի մրցակցային լարվածությունն այն չէ, ինչն անհրաժեշտ է: Ստացվում է, որ նրանք շարունակ նույն  մրցակցի հետ են հանդես գալիս: Եթե առաջիկայում որևէ միջազգային մրցաշարի մասնակցեինք, 7-8 հանդիպում անցկացնեինք, ապա դա մեծապես կօգներ գործին: Բացը լրացնելու համար Եվրոպայի առաջնությունից առաջ նախատեսում ենք մեկնել Վրաստան և մի քանի խաղ անցկացնել տեղի հավաքականի հետ»,-ասաց Գյուրջինյանը:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply