Ի՞նչ է սերվիտուտը և ինչպե՞ս է այն սահմանվում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 20, 2011 15:10

Սերվիտուտը քաղաքացիական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է: Սերվիտուտ եզրույթը  լատիներեն servitus բառից է, որը թարգմանաբար նշանակում է ենթակայություն, ծառայություն, պարտավորություն:

Սերվիտուտին վերաբերող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, մասնավորապես` 210-217-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով և այլն:

Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի` հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրել այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունքը (սերվիտուտ):

Սերվիտուտ կարող է սահմանվել հարևան հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման ու հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման: Հողամասը սերվիտուտով ծանրաբեռնելը հողամասի սեփականատիրոջը չի զրկում այդ հողամասի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից:

Սերվիտուտը կարող է լինել կամավոր և հարկադիր: Կամավոր սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և հարևան կամ այլ հողամասի սեփականատիրոջ` նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ: Կամավոր սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի գործողության ժամկետը և սահմանները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով: Հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:

Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասն օգտագործելու համար վճար պահանջել այն անձանցից, ի շահ որոնց սահմանվել է սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Կամավոր սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ օրենքով:

Սերվիտուտը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Սերվիտուտի իրավունքը պահպանվում է նաև այն դեպքում, երբ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է այլ անձի: Սերվիտուտը չի կարող լինել առուվաճառքի, գրավի և վարձակալության ինքնուրույն առարկա կամ այլ եղանակով փոխանցվել անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող այն անձանց, որի օգտագործումն ապահովելու համար է սահմանվել սերվիտուտը:

Այն դեպքերում, երբ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող հողամասը սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետևանքով չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան, սեփականատերն իրավունք ունի դատական կարգով պահանջել դադարեցնել սերվիտուտը:

Քաղ. օր.-ի 217-րդ հոդվածի համաձայն` ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի)` քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կանոնների կիրառմամբ` սերվիտուտով կարող են ծանրաբեռնվել շենքերը, շինությունները և այլ անշարժ գույք, որոնցից սահմանափակ օգտվելն անհրաժեշտ է:

ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հողամասը կարող է ծանրաբեռնվել հետևյալ սերվիտուտներով`

1) հողամասով անցնելու կամ երթևեկելու համար,

2) հողամասով էլեկտրահաղորդման, կապի գծերի, ջրամատակարարման և գազամատակարարման խողովակաշարերի անցկացման, շահագործման և վերանորոգման համար,

3) այլ հողամասի հողի բարելավման նպատակով հողում դրենաժային աշխատանքներ կատարելու համար,

4) հողամասից ջուր վերցնելու համար,

5) հողամասով անասունների անցնելու, խոտհնձի, անասուններ արածեցնելու համար` տեղական պայմաններին և սովորույթներին համապատասխան ժամանակահատվածում,

6) հողամասում ինչպես մասնավոր, այնպես էլ հանրության համար անհրաժեշտ հետախուզական, հետազոտական և այլ աշխատանքներ իրականացնելու համար,

7) հողամասի սահմաններում գտնվող գեոդեզիական կետերին, պատմության, մշակութային և հնագիտական հուշարձաններին անարգել մոտենալու համար,

8) իր հողամասի շենքերը, շինությունները սահմանակից հողամասի կամ դրանում եղած շենքերի, շինությունների վրա հենելու կամ որոշակի բարձրությամբ հարևան հողամասի վրա կախելու համար,

9) սահմանակից հողամասում շենքերի, շինությունների բարձրությունը սահմանափակելու համար,

10) սահմանակից հողամասում պաշտպանական անտառատնկարկներ կամ այլ բնապահպանական օբյեկտներ ստեղծելու համար,

11) այլ սերվիտուտներ, առանց որոնց անհնար է բավարարել հողամասն իր նշանակությամբ օգտագործելու համար անհրաժեշտ պահանջները:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 6417 անգամ:
Print Friendly

Leave a Reply